Տպել
20.05.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ
1 / 12

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը:

Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հետեւողականորեն զարգանում է քաղաքական երկխոսությունը, ակտիվանում են միջպետական շփումները:

Կողմերն արձանագրել են ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եւ շեշտել փոխադարձ շահագրգռվածությունը երկկողմ տնտեսական համագործակցության հետագա արդյունավետ զարգացման հարցում:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանական բաղադրիչն իր ուրույն դերն ունի հայ-ղազախական հարաբերություններում՝ նշանավորելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ մոտ օրերս Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբերի անդրանիկ նիստը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է նաեւ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Երկուստեք բարձր է գնահատվել Ղազախստանի հայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքում: Մաժիլիսի նախագահը ներկայացրել է իր պատվիրակության կազմում ընդգրկված հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանին, ով Մաժիլիսի օրենսդրության եւ դատաիրավական ռեֆորմների հանձնաժողովի անդամ է: Շեշտվել է, որ Ղազախստանի 11 քաղաքներում գործում են հայերի մշակութային միություններ:

Նուրլան Նիգմատուլինը շնորհակալություն է հայտնել այս տարվա սեպտեմբերի 24-25-ին Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական երկրների խոսնակների համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Ի պատասխան Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը մեծապես կարեւորում է այդ հարթակը եւ տեղեկացրել, որ հայկական կողմն առաջարկելու է հաջորդ նիստն անցկացնել Երեւանում:

Նուրլան Նիգմատուլինը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այց կատարել Ղազախստան՝ երկխոսությունը շարունակելու նպատակով:

Հանդիպման ավարտին Մաժիլիսի նախագահը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին 2019թ. հունիսի 9-ին միջխորհրդարանական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում ՀՀ ԱԺ պատգամավորներ ընդգրկելու համար:


20.05.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին
Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյա...

20.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Գոհունակությամբ արձանագրելով հանդիպման փաստը` կողմերը կարեւորել են նման ձեւաչափեր...