Տպել
22.05.2019
«Հայաստանի ներդրումային միջավայրը, իրավական դաշտը եւ առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության շնորհանդեսը` Ազգային ժողովում
1 / 8

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների նախաձեռնությամբ մայիսի 22-ին կազմակերպել էր «Հայաստանի ներդրումային միջավայրը, իրավական դաշտը եւ առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության շնորհանդեսը: Միջոցառումն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ:

Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն Աննա Բաղդասարյանը նշել է, որ տարիներ շարունակ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել են տարբեր միջոցառումներ` փորձելով բարձրաձայնել տնտեսական ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները: Ըստ նրա` հետազոտությունը կարող է լինել քննարկումների հարթակ տնտեսագետների համար, ուղեցույց՝ լրագրողների եւ տնտեսությամբ զբաղվող երիտասարդ գիտնականների ու պետական ծառայողների համար:

«Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելի խոսքով՝ հետազոտության մեջ արծարծված է մարտահրավեր ներկայացնող թեմա: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ կարեւորելով դրա անցկացումը երկրի օրենսդիր մարմնում: Թոմաս Շրափելը վերահաստատել է համագործակցության հարցում հիմնադրամի հանձնառությունը, նշել, որ փոխգործակցությունը հայկական կողմի հետ արդյունավետ է:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, ով նաեւ հետազոտության հեղինակներից է, ընդգծել է, որ ուսումնասիրությունը 4 առանցքային հարցերի է անդրադարձել՝ միջազգային համադրություններ, Հայաստանում ներդրումային ներուժի խնդիրներ, դրանց փաստացի կատարողական, իրավական կարգավորում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ փորձագետ, հետազոտության հեղինակ Արմեն Քթոյանը մանրամասնել է ուսումնասիրության նպատակներն ու ուղղությունները, ներկայացրել ներդրումային միջավայրի ընդհանուր դիտարկումները, գործարար միջավայրի վրա ազդող գործոնները, անդրադարձել պետություն-մասնավոր գործընկերություն հարաբերություններին, հատուկ տնտեսական գոտիների խնդիրներին:

Ուսումնասիրության եւ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ կարծիքներ են հայտնել մասնագետները:

Տնտեսագետ, փորձագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ ներդրումների ապահովման համար անհրաժեշտ է կայուն միջավայր եւ խելամիտ օրենսդրություն:

Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ընդգծել է, որ ներդրումների թեման արդիական է, քանի որ վերջին 7 տարիների ընթացքում դրանց նվազման միտում է նկատվում: Ըստ նրա՝ հաճախ ներդրումների ներգրավման խոչընդոտ է մատնանշվում տեղական տնտեսության փոքրությունը, ինչը, Աշոտ Օսիպյանի համոզմամբ, կարելի է հաղթահարել ԵԱՏՄ կառույցներին ինտեգրմամբ եւ տնտեսության այն ոլորտների խթանմամբ, որտեղ ներդրումների փոխհատուցումը բարձր է: