Տպել
30.05.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 30-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից փաթեթով երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:  Նշվել է, որ փաթեթը նպատակ ունի  վերացնելու սահմանադրական փոփոխություններից հետո ի հայտ եկած անհամապատասխանությունները: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել, կատարվել են որոշ խմբագրական փոփոխություններ:

Փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է   «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ  Բագրատ  Բադալյանի տեղեկացմամբ՝  նախագծերում կատարվել են միայն  խմբագրական աշխատանքներ: Նախաձեռնության վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր, այն ներկայացրել է Գեւորգ Պապոյանը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը: Նպատակն է վերացնել գործող օրենքում առկա անհստակությունները, սահմանել  օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, ընդլայնել իրավաբանական, մասնավորապես՝ անվճար  օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում  տալ  մի շարք ընթացակարգային հարցերի:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Մարիա Կարապետյանը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Նախագծով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք է նախատեսվում նաեւ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող եւ 18 տարին լրանալու օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած անձանց համար՝ մինչեւ 19 տարեկանը լրանալը: Ամրագրվում է Կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացում իրավասու պետական մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժելու հնարավորությունը: Սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայության միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը, իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Հնարավորություն է տրվում պայմանագրային ծառայության անցնել 2 տարի ժամկետով, վերականգնվում են նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը եւ կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը: Մատչելի եւ երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում  կկարողանան ընդգրկվել նաեւ ավագ ենթասպայական կազմի զինծառայողները:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Տիգրան Կարապետյանը:

Իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները: Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորել է կրթության շարունակականության ապահովումը, արհեստավոր մասնագետների պատրաստումը, ինչն այսօր խնդիր է մեր աշխատաշուկայում:

Էդգար Առաքելյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում, ոստիկանության համակարգում, ԱԱԾ-ում եւ այլ կառույցներում տեղեկատվական ու հաղորդակցության համակարգերի մասնագետների կարիք կա, հետեւաբար անհրաժեշտ է արմատական քայլեր անել խնդրի լուծման համար:

Պատգամավորներն այնուհետեւ անդրադարձել  են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրվելու համար  հարցի քննարկմանը:

Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ վարչապետի կողմից: Թեկնածուն, որը  մասնագիտությամբ ճարտարապետ ջերմաէներգետիկ է, ներկայացրել է իր անցած աշխատանքային ուղին, հանձնաժողովում  աշխատանքի իր տեսլականը, խոսել ոլորտում բարեփոխումներ իրականացնելու  անհրաժեշտությունից: Նա հատկապես կարեւորել է հանձնաժողովի գործունեության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացումը:  Նշվել է, որ հանձնաժողովի անդամի թեկնածությունն առաջարկվում է չորս տարի ժամկետով:

Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը դրական է գնահատել Մեսրոպ Մեսրոպյանի առաջադրումը, կարեւորել նրա մասնագիտական ունակությունները:

Նիստը վարող ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի տեղեկացմամբ՝ վարչապետը երեք տարի ժամկետով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Սեդա Շահինյանի թեկնածությունը:

Ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թեկնածուն շնորհակալություն է հայտնել այն բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր մասնակցություն են ունեցել այդ պատասխանատու պաշտոնում իր թեկնածության առաջադրման հարցում: Սեդա Շահինյանը հակիրճ ներկայացրել է կենսագրական տվյալները, ապա ոլորտի կարգավորման վերաբերյալ իր տեսլականը: Բանախոսի կարծիքով՝ սպառողների շահերի ամբողջական պաշտպանություն իրականացնելու եւ ոլորտի տնտեսվարողներին լիարժեք հակակշիռ դառնալու նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ուղղված հանրային ծառայությունների առանձին ոլորտներում հասարակական կազմակերպությունների մասնագիտացմանը, կարգավորվող օրենսդրության պատշաճ իմացության ապահովմանը, սպառողների շահերի առավել արդյունավետ եւ հասցեական կառուցակարգերի ներդրմանը: Հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահության եւ վերահսկողության մակարդակի բարձրացման նպատակով թեկնածուն կարեւորել է քաղհասարակության ինստիտուտների հետ համագործակցության նոր ձեւաչափերի կիրառման հնարավորությունների դիտարկումը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է հանձնաժողովի հաջորդ անդամի պաշտոնում մեկ տարի ժամկետով ՀՀ վարչապետի կողմից առաջադրված Կամո Սարգսյանի թեկնածությունը:

Վերջինս նախ երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետին իր թեկնածությունը ներկայացնելու համար, ապա խոսել անցած աշխատանքային գործունեության եւ ոլորտի վերաբերյալ իր մոտեցումների մասին: Կամո Սարգսյանի խոսքով՝ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված ամենակարեւոր քայլերից է տնտեսվարողների կողմից սպառողների սպասարկման որակի սահմանված ցուցանիշների ապահովումը: Այս համատեքստում թեկնածուն կարեւորել է հանձնաժողովի կողմից կտրուկ գործողությունների իրականացումն իրավախախտ տնտեսվարողների նկատմամբ՝ կիրառելով օրենքով սահմանված տույժեր եւ միաժամանակ իրականացնելով համապարփակ վերլուծություն՝ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու նպատակով: Ընտրվելու պարագայում բանախոսը պատրաստակամություն է հայտնել օգտագործել մասնագիտական կարողությունները, փորձը եւ գիտելիքները՝ նպաստելու ոլորտում գոյություն ունեցող բացերի ու խնդիրների լուծմանը:

Այնուհետեւ խորհրդարանն անցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի հաջորդ թեկնածության քննարկմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը՝ երկու տարի ժամկետով:

Սերգեյ Աղինյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետին իր թեկնածությունն առաջարկելու համար եւ նշել, որ ընտրվելու պարագայում իր գիտելիքներն ու կարողությունները կներդնի հանրային ծառայությունների ոլորտի բարելավման ուղղությամբ եւ ի բարօրություն սպառողների: Թեկնածուն ներկայացրել է կենսագրական տվյալները, ոլորտում իրականացրած գործունեությունը: Նրա խոսքով՝ իր առաջին քայլերից մեկը կլինի հանձնաժողովի գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության բարձրացումը: Թեկնածուն կարեւորել է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների հետ արդյունավետ համագործակցությունը, ԶԼՄ-ների հետ սերտ աշխատանքը, պետական գերատեսչությունների հետ փոխգործակցությունը, սպառողի սպասարկման որակի ցուցանիշների շարունակական բարելավումը: Կարգավորման արդյունավետության բարձրացման համատեքստում բանախոսն առանձնացրել է կարգավորվող անձանց գործունեության անկախ աուդիտի անցկացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը եւ հանրային վստահությունը կարգավորվող ընկերությունների ու հանձնաժողովի գործունեության նկատմամբ:

ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Հայկ Կարապետյանի թեկնածությունը՝ չորս տարի ժամկետով:

Հայկ Կարապետյանը կենսագրական տվյալներին անդրադառնալուց հետո ներկայացրել է ոլորտի շարունակական զարգացման իր տեսլականը: Թեկնածուն առաջնային խնդիր է համարել ապրանքային շուկայում առկա մուտքի խոչընդոտների վերացումը: Նա կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առեւտրային ցանցերի գործունեության կարգավորումը: Հայկ Կարապետյանն առաջարկել է ուժեղացնել հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները, հանձնաժողովին օժտել օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործունեության արդյունքում եղած ապացույցներ ձեռք բերելու հնարավորությամբ: Բանախոսն անհրաժեշտ է համարել գնումների գործընթացում մրցակցության խաթարման երեւույթների բացահայտումը, խոսել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի բարեփոխումներից, անդրադարձել պետական այլ մարմինների հետ համագործակցության ազդեցությանը:

ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում երեք տարի ժամկետով առաջարկել է Վահե Չիբուխչյանի թեկնածությունը:

Թեկնածուն եւս շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջադրման համար, ներկայացրել իր կենսագրությունը եւ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ մոտեցումները՝ անհրաժեշտ համարելով վերանայել կառույցի գործիքակազմը, ընձեռել կանխարգելիչ գործառույթներ: Վահե Չիբուխչյանը խոսել է նաեւ տնտեսության զարգացման գործում տնտեսական մրցակցության դերի մասին:

Խորհրդարանը քննարկել է նաեւ հանձնաժողովի անդամի պաշտոնում ՀՀ վարչապետի կողմից երեք տարի ժամկետով առաջադրված Արեն Դանիելյանի թեկնածությունը, ով ներկայացրել է իր մասնագիտական աշխատանքային փորձը եւ դիտարկումները կառույցի գործունեության վերաբերյալ: Բանախոսի խոսքով՝ հանձնաժողովի գործողությունները պետք է լինեն համաչափ եւ կշռադատված, կայացրած որոշումները՝ հիմնավոր եւ օբյեկտիվ: Արեն Դանիելյանն անհրաժեշտ է համարել ընդլայնել կառույցի անդամի լիազորությունները եւ պարտականությունները: Թեկնածուն վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում կներդնի իր գիտելիքները եւ փորձը հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Ամփոփելով կայացած  ընտրությունների արդյունքները` ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ Մեսրոպ Մեսրոպյանը, Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը, Կամո Սարգսյանն ընտրվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ:

Խորհրդարանը կշարունակի նիստի աշխատանքը մայիսի 31-ին՝ ժամը 10:00-ին:


30.05.2019
Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ
Մայիսի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Նյու Յորքում հանդիպել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:   Կողմերն ...

30.05.2019
Հերթական բաց դասն անցկացրել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 30-ին խորհրդարան այցելած Երեւանի «Իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջ» կրթահամալիրի ուսանողների, դասախոսների եւ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը խոսել է խորհ...

30.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 31-ից հունիսի 3-ը ներառյալ Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Գորգիս...