Տպել
06.06.2019
Կանցկացվեն «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ
1 / 4

Հունիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովի ղեկավար Վահագն Թեւոսյանի առաջարկով որոշվել է հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով: Նախատեսվում է քննարկել ինչպես ոլորտի առողջացմանը, այնպես էլ այն կարգավորելուն միտված օրենսդրական նախաձեռնություններին վերաբերող հարցեր:

Հայտարարությամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի վերջին նիստում որոշակի դիտարկումներ է ներկայացրել՝ կապված ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գործունեության հետ: Դրանից հետո որոշ աշխատակիցներ, որոնք շուրջ մեկ տարի բողոքում են կառույցի տնօրինության դեմ, ղեկավարությունից գրավոր պարզաբանում ներկայացնելու պահանջ են ստացել, թե ինչու՞ է ԱԺ պատգամավորը հանձնաժողովի նիստում «արատավորել» Բյուրականի աստղադիտարանը:

Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ՝ նման գործելաոճը, անկախ հիմնարկի կարգավիճակից, պարզապես անթույլատրելի է, քանի որ յուրաքանչյուր աշխատակից իրավունք ունի բողոքելու եւ իր իրավունքն իրացնելու: Նա գործընկերներին տեղեկացրել է, որ խնդրի հետ կապված հանդիպել են աշխատակիցների հետ, պատրաստվում են որոշակի գործընթաց սկսել: Փոխնախագահն ընգդծել է, որ որեւէ աշխատակից չի կարող հեռացվել աշխատանքից` իր իրավունքներն իրացնելու համար, թեեւ, ըստ նրա, որոշները զգուշացվել են:

Հարցի կապակցությամբ մտահոգություն է հայտնել հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նա անընդունելի է համարել տարատեսակ ճնշումներն աշխատակիցների նկատմամբ եւ նշել, որ հանձնաժողովը հետեւողական է լինելու նման արատավոր երեւույթները բացառելու հարցում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...