Տպել
07.06.2019
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունիսի 7-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ:

Կողմերը քննարկել են ՄԱԶԾ շրջանակում մեր երկրում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Դմիտրի Մարիյասինը, ներկայացնելով իրենց գործունեության առաջնահերթությունները եւ նախաձեռնությունները, նշել է, որ ՄԱԶԾ ծրագրերը լիովին համահունչ են տվյալ երկրի ազգային գերակայություններին ու զարգացման կարիքներին: Հայաստանի հետ իրականացվող ծրագիրը կենտրոնացած է երեք ոլորտների՝ աղքատության հաղթահարման, ժողովրդավարական կառավարման եւ շրջակա միջավայրի ուղղությամբ: Հյուրն անդրադարձել է անցումային արդարադատության գործընթացին, արդարադատության համակարգի գործունեության արդյունավետությանն ուղղված քայլերին:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է միջազգային տարբեր կառույցների աջակցության շրջանակում ծրագրերի նպատակային իրականացումը՝ կարծիք հայտնելով, որ համագործակցությունը պետք է լինի փոխլրացնող: Այս համատեքստում նա ընդգծել է ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը՝ հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ անցումային արդարադատության յուրաքանչյուր համակարգ պետք է կյանքի կոչվի սահմանադրական դրույթների հիման վրա եւ միջազգային պարտավորություններով ստանձնած նորմերին համահունչ: Կարեւորելով արդարադատության ոլորտի առողջացմանն ուղղված քայլերը՝ Վլադիմիր Վարդանյանը հավաստիացրել է, որ իշխանությունները ձեռնարկում են միջոցառումներ դատական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ անկախ դատական համակարգը պետք է զերծ լինի միջամտություններից եւ գործի իշխանության մյուս թեւերից անկախ: Նա անդրադարձել է նաեւ դատավորների աշխատավարձերի բարձրացման խնդրին, դատական ոլորտի մարտահրավերների հաղթահարմանը, ԲԴԽ-ի նկատմամբ հանրային վստահության մակարդակին:

Կողմերն անդրադարձել են նաեւ անցումային շրջանում Բարձրագույն դատական խորհրդի դերակատարությանը, հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, ՄԱԶԾ շրջանակում ոլորտային փորձագիտական աջակցությանը եւ այլ հարցերի:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...