Տպել
07.06.2019
Ռաֆայիլ Զինուրովի գրքի շնորհանդեսը խորհրդարանում
1 / 11

ՀՀ  Ազգային ժողովում հունիսի 7-ին տեղի է ունեցել ՌԴ պետական, հասարակական գործիչ, գրող, իրավագետ, քանդակագործ Ռաֆայիլ Զինուրովի «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր եւ նորագույն պատմության» գրքի շնորհանդեսը, որին ներկա  էին պատգամավորներ, պատմաբաններ, հայագետներ, գիտնականներ, լրագրողներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել հեղինակի կատարած աշխատանքն ու ժողովածուի պատմագիտական ուրույն արժեքը: Նա   շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի մեծ բարեկամին:

Հայ հասարակական, քաղաքական գործիչ, Մոսկվայի «Դիալոգ» կազմակերպության համանախագահ Յուրի Նավոյանը տեղեկացրել է, որ աշխատությունը հրատարակվել է Ուֆայում: Ազգությամբ բաշկիր Ռաֆայիլ Զինուրովը վերլուծել է հայկական պատմագրության միջազգային ասպեկտները, թուրքական եւ ադրբեջանական «վայ» պատմագիրների ուսումնասիրությունները:  Բանախոսի դիտարկմամբ՝ քաղաքական ժամանակավոր հայտարարություններին, կարգախոսներին հեղինակը հակադրվել է մնայուն, խորքային ուսումնասիրություններով, որոնց հիման վրա է կառուցվում նաեւ հայ-ռուսական խորհրդարանական միջպետական, միջմշակութային համագործակցությունը:

Զինուրովի աշխատանքների վերաբերյալ գնահատանքի խոսք են ասել ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, պատմական գիտությունների դոկտոր Հայկազ Հովհաննիսյանը: Նրանք արժեւորել են օտարազգի պատմաբանի ուրույն վերլուծությունը, որով  պատասխան է տրվում հրապարակում առկա հակահայագիտական աշխատանքներին:

Ռաֆայիլ Զինուրովի խոսքով՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովուրդը մեծագույն տեղ եւ դեր ունի: Հայի պատմությունն ու ճակատագիրն են նրան ուղղորդել անդրադառնալու հայոց պատմությանը: Նրան հիացնում է հայի անկոտրում ոգին: Հեղինակն իր մտքում արդեն իսկ ուրվագծում է հերթական գործը, որը նվիրվելու է Հայաստանի առաջին հանրապետության պատմականությանը:  Նա խորհրդարանին է ընծայել իր քանդակներից  Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի առաջին նախագահ Ավետիք Սահակյանի կիսանդրին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...