Տպել
10.06.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 13

Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմինների եկամուտների ու ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է բյուջեի ճշտված ծրագրերի ցուցանիշների վրա ազդող գործոններին: Զեկուցողի տեղեկացմամբ՝ ներկայում Կառավարությունը հավանություն է տվել նախագծերի մի փաթեթի, որը խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո 2020 թվականի համար արտաբյուջետային հաշիվների հետ կապված ծրագրերի ճշտման անհրաժեշտություն չի լինի՝ չհաշված բացառիկ դեպքերի:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի տեղեկացմամբ՝ նախագահի աշխատակազմի համար նախատեսվել էր ճշտված ծրագրով հատկացնել 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամ, օգտագործվել է 1 մլրդ 700 մլն 267 հազար դրամ, արձանագրվել է մոտ 83.39 տոկոս կատարողական: Արդյունքում՝ տնտեսվել ու պետական բյուջե է վերադարձվել 338 մլն 670 հազար դրամ: «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով հատկացված է եղել 1 մլրդ 694 մլն 840 հազար դրամ, ծախսվել է 1 մլրդ 391 մլն 216 հազարը, տնտեսվել է շուրջ 303 մլն դրամ: Ըստ զեկուցողի՝ աշխատողների աշխատավարձերի եւ հավելավճարների մասով տնտեսվել է 194 մլն դրամ, էներգետիկ, կոմունալ եւ կապի ծախսերի գծով՝ 28 մլն դրամ, արտասահմանյան գործուղումների մասով՝ 43 մլն դրամ, գրասենյակային, տրանսպորտային եւ կենցաղային նյութերի գծով՝ 12 մլն դրամ: Էմիլ Տարասյանն անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահի՝ օտարերկրյա պետություններ գործուղումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ արդյունքներին, ինչպես նաեւ՝ նախագահի աշխատակազմի եւ նախագահի հովանու ներքո իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի 2018թ. հաստատված բյուջեն 5 ծրագրի գծով կազմել է 4 մլրդ 899 մլն 441 հազ. դրամ: Տարվա ընթացքում ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման եւ անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման եւ դրսեւորած բարձր պատասխանատվության համար դրամական պարգեւատրմամբ խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 1 մլն 299 հազ դրամ դրամական պարգեւատրում, որի արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 4 մլրդ 900 մլն 741 հազ դրամ: 2018թ. փաստացի ծախսը կազմել է 4 մլրդ 496 մլն 511 հազ դրամ կամ կատարվել է 91.8 %-ով:

 «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում» ծրագրի մասով 2018թ. ճշտված բյուջեն կազմել է 4 մլրդ 456 մլն 110 հազ դրամ, ծախսվել է 4 մլրդ 64 մլն 780 հազ դրամ, որից 2 մլրդ 946 մլն դրամը (72.5%-ը) կազմում է աշխատանքի վարձատրությունը, իսկ 1 մլրդ 118 մլն դրամը՝ մնացած ծառայությունները (կոմունալ ծառայություններ, գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր, տրանսպորտային նյութեր եւ այլն): Բյուջեն այս մասով կատարվել է 91.2%-ով, շեղումը կազմել է 391 մլն 330 հազ. դրամ, որի 69,6 %-ը կամ 281 մլն  դրամը բաժին է ընկնում արտասահմանյան գործուղումներին եւ ներկայացուցչական ծախսերին (երկրում իրականացված թավշյա հեղափոխության, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված մի շարք գործուղումներ եւ ընդունելություններ չեն կայացել):

Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ 33 մլն դրամով կամ 31%-ով նվազել են էներգետիկ ծառայությունների վճարները` պայմանավորված բարենպաստ եղանակով եւ էներգախնայող միջոցառումների իրականացմամբ: 7.24%-ով նվազել են արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը: 2018թ-ին շենքերի եւ կառույցների ընթացիկ վերանորոգման համար ծախսվել է 96 մլն 643 հազ դրամ, այն դեպքում, երբ 2017թ.ին այդ հոդվածով ծախս չի եղել: 2018թ-ին 2017թ-ի համեմատ 1 մլն 653 հազ ՀՀ դրամով կամ 55.12 %-ով ավելացել են վարչական ծառայությունների, մասնագիտական ծառայությունների, կենցաղային եւ հանրային սննդի նյութերի ձեռքբերման գծով ծախսերը:

«Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման գծով ծախսվել է 162 մլն 744 հազ դրամ: Երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացման, միջազգային հեղինակության ամրապնդման նպատակով ապահովվել է 9 միջազգային կազմակերպությունների տարեկան անդամակցության վճարների իրականացումը: 2017թ.-ի համեմատ ծախսը ավելացել է 6 մլն 688 հազար դրամով կամ 4.29 %-ով:

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման գծով ծախսվել է 648 հազ. դրամ,  որը 2017թ.  համեմատ ավելացել է 188 %-ով: «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառման գծով հատկացվել է 34 մլն 942 հազ դրամ՝ իրականացվել է 496 շահառուների ֆինանսավորումը, որը 2017թ. հետ համեմատությամբ նվազել է 1մլն 643 հազ. դրամով: «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացում» միջոցառման գծով ծախսվել է 232 մլն 97 հազ. դրամ: 2018 թ-ի համար հաստատված բյուջեն կազմել է 43 մլն 300 հազ. դրամ, որը տարվա ընթացքում այլ ծախսային հոդվածների հաշվին վերաբաշխման արդյունքում ավելացել է 189 մլն 656 հազ դրամով, ինչի արդյունքում ձեռք են բերվել` 4 ավտոմեքենա, 1 միկրոավտոբուս, 1 տրակտոր, 3 խոտհնձիչ մեքենա եւ այլ տեխնիկական սարքավորումներ:

Տիգրան Գալստյանի խոսքով՝ հաշվետու տարում ՀՀ Ազգային Ժողովին հատկացված բյուջեից ՀՀ պետական բյուջե հետ է վերադարձվել 404 մլն 229 հազ. դրամ կամ ՀՀ ԱԺ ճշտված բյուջեի 8.25 %-ը, որի 96,81 %-ը բաժին է ընկնում «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում» ծրագրին:

Ներկայացնելով ոչ ֆինանսական ցուցանիշները՝ զեկուցողը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում Ազգային ժողովի պաշտոնական վեբ կայքից օգտվողների թիվն ավելացել է 15,72%-ով:

Խորհրդարանի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու նպատակով լուսաբանվել է ՀՀ Ազգային ժողովի գործունեությունը: Պատրաստվել եւ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվել է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի 40 թողարկում (2017թ.՝ 39): Լուսաբանվել է ՀՀ Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ նստաշրջանների աշխատանքը` հրապարարակումների թիվը կազմել է 739 (2017թ.՝ 651): Պատրաստվել եւ թողարկվել է 234 (2017թ.՝ 201) տեղեկատվական նյութ ՀՀ ԱԺ նախագահի, փոխնախագահների պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումների ու այցելությունների մասին: Միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պաշտոնական պատվիրակությունների գործունեության եւ ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների աշխատանքների լուսաբանումն ապահովելու նպատակով թողարկվել է 116 (2017թ.՝ 61) տեղեկատվական նյութ:

Անդրադառնալով 2018թ.-ին իրականացված շինարարական աշխատանքներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում» ծրագրի «Շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգում եւ պահպանում» հոդվածով պլանավորված 97 մլն 4 հազ. դրամ գումարը վերաբաշխման արդյունքում կազմել է 102 մլն 41 հազ. դրամ, որի շրջանակներում իրականացվել են՝ Կարմիր դահլիճի վերանորոգում, ԱԺ վարչական շենքի մամուլի կենտրոնի, ԱԺ թանգարան-գրադարանի նորոգում, ՀՀ ԱԺ տանիքների փայտյա կառույցների հրակայուն եւ հականեխիչ լուծույթով վերամշակում, միջանցքների, աշխատասենյակների եւ վարչական շենքի օժանդակ կառույցի (ՊՊԾ զորանոց) նորոգում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից սպասարկվող ծրագրերով հաստատված պլանը կազմել է 21 մլրդ 529 մլն 728 հազար դրամ, ճշտված պլանը՝ 20 մլրդ 696 մլն 649 հազար դրամ, փաստացի ծախսը՝ 17 մլրդ 819 մլն 41 հազար դրամ: 2018 թվականին աշխատակազմի կողմից իրականացվել է 34 ծրագիր, որից 9-ը՝ դրամաշնորհային եւ վարկային: Հաշվետու ժամանակահատվածում վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի բյուջեն ձեւավորվել է Կառավարության եւ նախագահի աշխատակազմերի միաձուլման արդյունքում՝ կազմելով 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամ, ծախսվել է 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամ: Ծախսերն ավելացել են հիմնականում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների, վարձակալության, արտասահմանյան գործուղումների գծով, շենքերի եւ կառույցների, ինչպես նաեւ մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման եւ պահպանման, գրասենյակային նյութերի համար հատկացված ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմից տեղափոխված  Կոնդի  առանձնատների տնտեսության ՊՈԱԿ-ի համար նախատեսված սուբսիդիայի գումարի շրջանակներում: Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ ճշտված պլանը միաձուլումից հետո կազմել է 160 մլն դրամ, տարեվերջին դրամարկղային ծախսը եղել է 102 մլն դրամ: Աշխատակազմի ղեկավարը նշել է, որ տարբերությունը նախատեսված է եղել ավտոմեքենաների ձեռքբերման համար, որը համարվել է ոչ նպատակահարմար եւ գումարն ուղղվել է այլ ծրագրերի իրականացմանը: 2018-ի պետական բյուջեով նախատեսված հիմնականում դրամաշնորհային եւ վարկային ծրագրերի իրականացման մասով եղել են տնտեսումներ, որոնք առաջացել են մրցույթների արդյունքում խնայողություններից: Աշխատակազմի  պահպանման ծախսերի ծրագրի տնտեսումը կազմել է 643 մլն 597 հազար դրամ:

Ոլորտներում ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին անդրադարձել են նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ արդարադատության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներն ու ներկայացուցիչները:

ՀՀ սահմանադրական դատարանի համար հաշվետու տարում նախատեսվել էր հատկացնել 589 մլն 805 հազար դրամ՝ կատարողականը կազմել է 98.2 տոկոս:

Դատական համակարգին 2018 թվականի բյուջեով նախատեսված 9 մլրդ 217 մլն 79 հազար դրամի դիմաց արձանագրվել է 96.7 տոկոս կատարողական: Իրականացվել է 6 ծրագիր:

ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված շուրջ 2 մլրդ դրամի կատարողականը կազմել է 98 տոկոս: Իրականացվել է 23 ծրագիր, պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ են օգտագործվել:

Գլխավոր դատախազությանը 2018 թվականին հատկացվել է 3 մլրդ 944 մլն 756 հազար դրամ, որից 88 տոկոսն ուղղվել է աշխատավարձերի վճարմանը: Որոշ ապրանքների եւ ծառայությունների նախատեսվածից ցածր գներով ձեռքբերման արդյունքում տնտեսվել է շուրջ 74 մլն դրամ:

Քննչական կոմիտեի ծախսերի համար նախատեսվել էր շուրջ 6.3 մլրդ դրամ, փաստացի ֆինանսավորումը կազմել է 6.1 մլրդ դրամ՝ կատարողականը՝ 97.4 տոկոս: Տնտեսվել է 163.4 մլն դրամ:

Հատուկ քննչական ծառայության ծախսերի համար նախատեսվել էր շուրջ 627 մլն 224 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է 633 մլն 379 հազար դրամ՝ 99.76 տոկոս կատարողականով: Տնտեսվել եւ պետական բյուջե վերադարձվել է 1 մլն 499 հազարը:

Հաշվեքննիչ պալատի համար հաշվետու տարում նախատեսվել էր 1 մլրդ  110 մլն 308 հազար դրամ, ծախսվել է 1 մլրդ 103 մլն 56 հազար դրամ: Տնտեսվել է 7 մլն 252 հազարը:

ԿԸՀ կառավարման մարմնի պահպանման համար նախատեսվել է 298 մլն 974 հազար դրամ, ծախսվել է 287 մլն 67 հազարը:


10.06.2019
«ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ՝ ՀՀ օրենսդիր մարմնում
Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացել են «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ: Մասնակցել են շուրջ 130 ներկայացուցիչներ կառավարությունից, դիվանագիտ...

10.06.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 10-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառա...

10.06.2019
«ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

10.06.2019
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 10-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ: ...

10.06.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: ...