Տպել
13.06.2019
Հայաստանում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպանին ընդունել են Լենա Նազարյանը եւ բարեկամական խմբի անդամները
1 / 9

Հունիսի 13-ին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին:

Դեսպանը գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը հաջողությամբ զարգանում են: Նորմա Պենսադո Մորենոն հայ-մեքսիկական հարաբերությունների ընդլայնման հարցում առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, բարեկամական խմբերի գործուն մասնակցությունը: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ Մեքսիկայի խորհրդարանը վերջերս է ձեւավորվել եւ առաջիկայում կկազմավորվի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խումբը: Դեսպանն ընդգծել է, որ Մեքսիկայում հետեւել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին:

Կարեւորելով Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում Մեքսիկայի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը` ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտությունն արդյունավետ միջոց է երկկողմ կապերի սերտացման հարցում: Նա անդրադարձել է նաեւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում երկու երկրների համար զգայուն հարցերում պատվիրակությունների փոխհամաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությանը:

Լենա Նազարյանը ողջունել է Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոսության հիմնադրումը, որն ուղեկցվելու է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ: ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ այն հնարավորություն կտա մոտիկից ծանոթանալու Մեքսիկայի մշակութային արժեքներին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Լենա Նազարյանը վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում լուծելու՝ հայկական կողմի դիրքորոշումը: Դեսպանն իր հերթին նշել է, որ Մեքսիկայի տեսակետն այս հարցում անփոփոխ է. այն պետք է լուծվի երկխոսության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող բանակցությունների շրջանակում:

Լենա Նազարյանը բարձր է գնահատել Միչոական-դե-Օկամպո նահանգի Կոնգրեսի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության ընդունումը: ԱԺ նախագահի տեղակալի համոզմամբ` աշխարհի բոլոր պետությունները պետք է ճանաչեն այդ փաստը՝ կանխելու համար նման ոճրագործությունները: Նորմա Բերտա Պենսադո Մորենոն հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով հնարավոր կլինի հարցը կարգավորել:

Կողմերը կարեւորել են բազմոլորտ համագործակցությունը, մասնավորապես միջմշակութային կապերի ընդլայնումը, ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը:


Նույն օրը Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանը, խմբի անդամներ Սոս Ավետիսյանը եւ Թագուհի Ղազարյանը:

Նորա Առուստամյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ հաստատված 27 տարվա դիվանագիտական հարաբերություններին եւ ժողովուրդների ջերմ ու բարեկամական կապերին չի խոչընդոտել աշխարհագրական հեռավորությունը: Նա կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով բարեկամական խմբերի գործուն աշխատանքը: Հարաբերությունների սերտացման համատեքստում խմբի ղեկավարն անդրադարձել է մի շարք ոլորտներում կապերի ընդլայնման կարեւորությանը:

Դեսպանն իր հերթին կարծիք է հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտությունն ավանդական համագործակցությանը կարող է փոխլրացնել ու հարստացնել: Այս հարցում նա արժեւորել է բարեկամական խմբերի դերը, օրենսդիրների հաճախակի փոխայցերը:

Սոս Ավետիսյանի համոզմամբ՝ հայ-մեքսիկական հարաբերություններն ունեն չօգտագործված մեծ ներուժ եւ պետք է ջանքեր գործադրել դրա լիարժեք իրացման ուղղությամբ: Պատգամավորը բարձր է գնահատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Մեքսիկայի հավասարակշիռ դիրքորոշումը:

Թագուհի Ղազարյանն անդրադարձել է մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում համագործակցության խորացմանը՝ փաստելով, որ միջմշակութային կապերը լուրջ խթան կարող են հանդիսանալ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման հարցում:

Նորմա Բերտա Պենսադո Մորենոն տեղեկացրել է, որ Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոսության բացման շրջանակում կանցկացվեն մշակութային մի շարք միջոցառումներ, կմեկնարկի Մեքսիկայի կինոյի շաբաթը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր եւս:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...