Տպել
13.06.2019
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաղորդումը
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի նախագահությամբ,  հունիսի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Ներկայում  օրենքի պահանջները տարածվում են 100 հազարից 10 մլն ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի վրա: Այդ սահմանաչափը գերազանցող վարկերի դեպքում առաջանում են խնդիրներ՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը եւ այլ անհրաժեշտ տեղեկությունները պայմանագրում չներառելու արդյունքում: Ներկայացված նախագծի ընդունումն, ըստ բանախոսի, հնարավորություն կտա ապահովելու վարկառուների իրավունքների պաշտպանությունը օրենքի շրջանակներում՝ անկախ վարկի գումարի չափից:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացություն եւ առաջարկվել է  ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացրել է պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:  Նրա հաղորդմամբ՝ ծրագրով հաստատված 25 հաշվեքննությունից 19-ը ավարտված են, 2-ը կասեցված, իսկ 4-ի մասով աշխատանքները շարունակվում են:

Հաշվեքննությունների շրջանակը եղել է բավականին ընդգրկուն եւ ներառել է սոցիալական ապահովության, առողջապահության, էներգետիկայի, բնապահպանության, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, պաշտպանության եւ անվտանգության, տնտեսական զարգացման, միջազգային համագործակցության եւ այլ ոլորտները: Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատն առաջնորդվել է ISSAI  20 ստանդարտներով նախատեսված թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներով, ինչպես նաեւ հետեւել է «քաղաքական չեզոքության» պահանջներին: Ըստ Լեւոն Յոլյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունը 2019 թ. մայիսի 3-ին ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն  2017-2019թթ. իրականացված հաշվեքննությամբ արձանագրված նյութերով դատախազական մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ:

Հանձնաժողովն առաջարկել է տարեկան հաղորդումն ընդգրկել 2019 թվականի hունիսի 18-ին գումարվող ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

«ՀՀ  2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համառոտ ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նշվել է, որ հաշվետու տարում  ապահովվել է մակրոտնտեսական կայունություն եւ գրանցել 5.2% տնտեսական աճ, որը տարածաշրջանում ամենաբարձրերից է եղել:

ՀՀ ԱԺ բոլոր հանձնաժողովներում մանրամասն քննարկված «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, որում ամփոփված է նշված ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների, ծախսերի տվյալների նկարագիրը: Այն  ընդունվել է ի գիտություն:

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...