Տպել
15.06.2019
Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` ԱԺ-ում
1 / 5

Հունիսի 15-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում՝ «Դեմոկրատիան այսօր» կազմակերպության կողմից տարբեր երկրներից հրավիրված կանանց հետ, որի նպատակը հայ խորհրդարանականների եւ տարբեր պետությունների ու տարածաշրջանների քաղաքացիական հասարակության համար ընդհանուր խնդիրների շուրջ մտքերի փոխանակությունն էր:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը հաջողել է այն սկզբունքների եւ արժեքների շնորհիվ, որոնցով առաջնորդվում էին քաղաքացիներն իրենց իշխանությունը երկրում հաստատելու համար: Որպես այդպիսիք բանախոսը նշել է արդարությունը, ազատությունը, հավասարությունը, բռնության բացառումը:

Պատգամավորը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած եւ ընթացող փոփոխությունները, անդրադարձել բարեփոխումների իրականացմանը` մասնավորապես կարեւորելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անցումային արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, աղքատության հաղթահարումը, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովումը:

Մարիա Կարապետյանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խնդրին՝ նշելով, որ այն բացառապես խաղաղ լուծում պետք է գտնի՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձեւաչափում:

Պատգամավորը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կանանց մասնակցությանը բանակցային գործընթացներին, Ազգային ժողովի վերահսկողական գործառույթներին, սոցիալական լրատվական հարթակների գործունեությանը:
 


15.06.2019
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
Հունիսի 17-ին` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ` «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով: ...