Տպել
17.06.2019
Խորհրդարանական լսումներ՝ կինոոլորտի խնդիրների վերաբերյալ
1 / 12

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 17-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ` «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով:

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անհրաժեշտ եւ հրատապ է համարել կինոարվեստում գործուն քայլերի ձեռնարկումը՝ պետական մշակութային քաղաքականության զարգացման, կինոավանդույթների պահպանման ու տարածման, ինչպես նաեւ կինոոլորտի կարգավորման եւ կինոարտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծման համար:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ լսումներին մասնակցում են կինոարվեստի զարգացման համար անհանգստացող եւ պատասխանատու մարդիկ: Ըստ նրա՝ քննարկումն ուղղված է ոլորտում առկա խնդիրները, անհարթությունները, խանգարող հանգամանքները քննարկելուն, վերլուծելուն, դրանք ուղղելուն, ինչպես նաեւ առաջարկներ լսելուն եւ համատեղ աշխատանքներ իրականացնելուն: Հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ լսումներն արդյունավետ եւ կառուցողական կլինեն:

Քննարկման մասնակիցների ելույթներից պարզ է դարձել, որ կինոոլորտը կարգավորելու նպատակով մշակվել են երեք օրենսդրական նախաձեռնություններ:

Դրանց հեղինակներն են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, «ԻՖԿԱ. Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» հասարակական կազմակերպությունը, կինոպրոդյուսեր Արմեն Ադիլխանյանը:

Որոշ ելույթ ունեցողներ անհրաժեշտ են համարել «Հայֆիլմ» կինոստուդիայի ամբողջական գործարկումը, զարգացումն ու ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելը՝ պետության հոգածության ներքո:

«Ոլորտում շատ վատ է վիճակը»,- այսպիսի գնահատական է հնչեցրել մոսկվաբնակ կինոպրոդյուսեր Արմեն Ադիլխանյանը: Նրա համոզմամբ՝ պետք է արմատական փոփոխություններ կատարել կինոմասնագետներ պատրաստող բուհերում եւ ոլորտին առնչվող համակարգերում, կինոարտադրությունը պետք է կամ ազատել հարկերից, կամ հարկային արտոնություններ տալ: Այս տեսակետը պաշտպանել են նաեւ այլ բանախոսներ:

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» նախաձեռնության ներկայացուցիչ Հովհաննես Գալստյանը ոլորտում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է համարել ունենալ իրատեսական եւ գործուն օրենք: Ըստ նրա՝ «Կինոյի մասին» օրենքը պետք է ընդունել կինոոլորտի պետական կառավարման անարդյունավետ մոդելն արմատապես փոխելուց հետո:

Ելույթ ունենալով՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կարեւորել է լսումների անցկացումն ու բնագավառը կարգավորող օրենք ընդունելու նախաձեռնությունը: Նա պարզաբանել է, որ ԵՄ-ն որոշել է աջակցել այս նախաձեռնությանը, քանի որ մշակույթը հզոր գործիք է Հայաստանի համար, եւ այն մեծ նշանակություն կարող է ունենալ տնտեսության զարգացման գործում՝ ներդրումներ ներգրավելով: Բանախոսի կարծիքով՝ կինոարտադրության ոլորտում Հայաստանն ունի ներուժ եւ այն պետք է իրացնի: Նշվել է, որ Եվրամիությունը ցանկանում է աջակցել մեր երկրի մասնակցությանը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: ԵՄ պատվիրակության ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ խորհրդարանը կընդունի կինոոլորտը կարգավորող հզոր եւ իրատեսական օրենք:

ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել լսումներ կազմակերպելու համար եւ նշել, որ ոլորտում անցած տարիներին շատ անփառունակ էջեր ու անկումներ են գրանցվել. գրեթե ամբողջապես ոչնչացել է «Հայֆիլմ» կինոստուդիան, տեղի է ունեցել հայկական կինոարտադրական ռեսուրսների կողոպուտ, անմխիթար պայմաններում է հայտնվել հայկական կինոժառանգությունը, գրեթե վերացել է կինոթատրոնների ցանցը եւ այլն: Փոխնախարարի գնահատմամբ՝ կինոարտադրությունում տարիներ շարունակ գործել են կոռուպցիոն սխեմաներ, որոնք անարդյունավետ են դարձրել կինոարտադրության նախագծերի պետական ֆինանսավորումը:

Արա Խզմալյանը թվարկել է նաեւ ոլորտում եղած դրական տեղաշարժերը, երախտիքի խոսքեր հնչեցրել «Ոսկե ծիրան» հիմնադրամի գործունեություն առնչությամբ: Ըստ նրա՝ Հայաստանը շատ ավելի մեծ ձեռքբերումներ կունենար կինոարտադրության ոլորտում, եթե լիներ այն կարգավորող օրենսդրություն:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միացումը եւ հույս հայտնել, որ համապատասխան օրենքն ընդունելուց հետո խորհրդարանը ձեռնամուխ կլինի համաձայնագրի մեդիա ենթածրագրին միանալու գործընթացին, որը մեծ հնարավորություններ կընձեռի կինոարտադրության ոլորտի զարգացման համար: Ըստ նրա, այստեղ համալիր մոտեցում ու ճանապարհային քարտեզ է պետք ունենալ: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել հանձնաժողովի հետ համատեղ աշխատել՝ ունենալու համար լավ օրենք:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանն անդրադարձել է ծրագրի մեդիա բաղադրիչի ուղղություններին, կարեւորել Հայաստանի անդամակցումը դրան՝ շեշտելով, որ այն կինոոլորտի համալիր զարգացման հրաշալի հնարավորություն է: Նրա խոսքով՝ ծրագրի 41 անդամ երկրներից միայն Հայաստանն ու Կոսովոն են, որ մաս չեն կազմում դրա մեդիա ենթածրագրին: Կան երկրներ, որոնք մասնակիորեն են մասնակցում: Նշվել է, որ 2014-2020 թվականներին մեդիա ենթածրագրի բյուջեն 820 մլն եվրո է, իսկ 2021-2027 թվականներին այն կազմելու է մոտ 1,1 մլրդ եվրո:

Ելույթ են ունեցել նաեւ լսումների այլ մասնակիցներ, որոնք խոսել են կինոարտադրության խնդիրների, ոլորտի առողջացման անհրաժեշտության, կինոարտադրությունում գումարների բաշխման արդարացիության, կինոժառանգության պահպանման կարեւորության եւ այդ նպատակի համար անհրաժեշտ մեծ գումարների, ժամանակակից կինոթատրոնների սակավության, այլ խնդիրների մասին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը դրական է գնահատել խորհրդարանական լսումները, կարեւորել առկա խնդիրների բարձրաձայնումը, որը լսելի չի եղել տարիներ շարունակ: Նա շնորհակալություն է հայտնել օրենսդրական նախաձեռնությունների հեղինակներին՝ նշելով, որ դրանք կդրվեն շրջանառության մեջ՝ արդյունքում ունենալու համար մեկ միասնական օրենսդրական նախաձեռնություն:

Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովի ղեկավար Վահագն Թեւոսյանը խոսել է կինոյի՝ որպես մեդիաազդեցության հզոր գործիքի մասին, կարեւորել առկա խնդիրների վերհանումն ու վերլուծումը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների փնտրտուքը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը կարծում է, որ պետք է հայտարարել մշակութային հեղափոխություն եւ ընթանալ խնդիրների լուծման ճանապարհով:


17.06.2019
Քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի ենթահանձնաժողովում՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի նախագահությամբ, հունիսի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային ...

17.06.2019
Նախատեսվում է սահմանել պետական տուրքի նոր դրույքաչափեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 17-ին հրավիրած արտահերթ նիստում քննության է առել հարկային փաթեթի եւ գովազդի մասին նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկությունները: «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելո...

17.06.2019
Առաջարկվում են փոփոխություններ՝ օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամների առաջադրման հարցում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 17-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է հունիսի 14-ին հրավիրված նիստի աշխատանքը: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումնե...

17.06.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Հունիսի 17-ին հրավիրված նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Օրենքի 32-րդ հոդվածով կ...

17.06.2019
ԱԺ խորհուրդը նիստ է գումարել
Հունիսի 17-ին խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական...

17.06.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ հունիսի 17-ին գումարել է հերթական նիստը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ՀՀ Կառավարության հեղինակած «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնա...

17.06.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 17-ին ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ Ահմադ բին Մուհամադ ալ-Ջարուանին, որը Հայաստան է ժամանել` մեր երկրին այս կառույցին անդամակցելու առաջարկ ներկայացնելու առաքելությամբ: Նրա խոսքով` Հայաստանը ճանաչված է ո...

17.06.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հունիսի 18-ին՝ ժամը 09:20-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ: ...

17.06.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

17.06.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

17.06.2019
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

17.06.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

17.06.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...