National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.6.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.06.2019
Խորհրդարանը քննարկել է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
1 / 10

Հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է  նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Պատգամավորներն ավարտել են   ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, որի վերաբերյալ  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի դրական տեսակետը ներկայացրել է կառույցի  նախագահ Վահագն Վերմիշյանը:

Խորհրդարանն  այնուհետեւ անցել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի քննարկմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի գնահատմամբ՝  2018 թվականն առանձնացել է քաղաքական դաշտում տեղի ունեցած  խորքային եւ շրջադարձային փոփոխություններով, սակայն հաջողվել է պահպանել մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ֆինանսական համակարգի կայունությունը, նախատեսված ծրագրերն իրականացվել են ակնկալված ծավալով:

Հաշվետու տարում  պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 342 մլրդ դրամ, ծախսերը? 1 տրիլիոն 447 մլրդ դրամ,  պակասուրդը եղել է 105 մլրդ դրամ:

2018 թվականին գրանցվել է 5,2 % տնտեսական աճ, կանխատեսվել էր 4,5%: Համեմատության համար նշվել է, որ համաշխարհային տնտեսությունում աճը կազմել է 3,6 %, ԵՄ երկրներում միջինը՝ 2,1 %, ԵԱՏՄ երկրներում՝ 2,5%:

Հայաստանում  տնտեսական աճին նպաստել են ծառայությունների ոլորտը՝ 4,8 %,  արդյունաբերությունը՝ 0,7 %,   շինարարությունը՝ 0,1 %: Ֆինանսների նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանի  տնտեսությունը դեռեւս չի հասել ճյուղային այնպիսի մակարդակի, որը կարող է բավարար համարվել: 2018-ին տնտեսության ճյուղային կառուցվածքը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չի կրել, ըստ նրա՝ այստեղ խնդիրներ կան, որոնք  պետք է կարգավորել:

Գնաճը կազմել է 2,5 %, որը եղել է կանխատեսվածի միջակայքում,  գործազրկությունը նվազել է 1,5  %,  իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 4 %:

Բանախոսը նկատել է, որ հաշվետու տարում  շարունակվել է   պետական եւ մասնավոր հատվածների աշխատավարձերի միջեւ առկա խզումը:

Տարեվերջին պետության արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 923 մլն  ԱՄՆ դոլար,  որից արտաքին պարտքը եղել է 4 մլրդ 983 մլն,  իսկ ներքինը՝ 1 մլրդ 390 մլն դոլար: Նշվել է, որ պետական պարտքը 2017 թվականի համեմատ  որոշ չափով նվազել է: Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ Հայստանը դասվում է պետական պարտքի նվազ բեռ ունեցող երկրների շարքում:

Ամփոփելով զեկույցը՝ Ատոմ Ջանջուղազյանը նկատել է, որ  հաշվետու տարում արձանագրվել են առարկայական ձեռքբերումներ, որոնք փաստում են գրանցված ցուցանիշներն ու կայուն միջավայրը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ կառույցի եզրակացությունը: Ըստ նրա՝ 2018 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվել է նոր ներդրված կանոնների պահպանման սկզբունքով՝ հիմնական շեշտը դնելով պետական պարտքի կայունացման վրա: Արդյունքում՝ ապահովվել է գործող կանոնին համահունչ պարտքի կրճատում: Զեկուցողը նշել է, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում ԿԲ-ն վարել է նախատեսվածից ավելի խթանող դրամավարկային քաղաքականություն՝ պահպանելով տոկոսադրույքի ցածր մակարդակ: 2018 թվականի տնտեսասկան աճի ձեւավորմանը մեծապես նպաստել է մասնավոր ծախսումների բարձր աճը՝ կազմելով 10.3 տոկոս: Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2018 թվականի պակասուրդի ու ստվերային տնտեսության կրճատումը եւ ծախսային քաղաքականության բարեփոխումները դրական են արտահայտվել պարտքի եւ մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաեւ տնտեսական միջավայրի բարելավման ու կայուն տնտեսական աճի հիմքերի ապահովման համար: Ըստ ԿԲ ներկայացուցչի՝ կայուն տնտեսական աճի համար նաեւ շատ կարեւոր է ապահովել տնտեսությանն անհրաժեշտ արդյունավետ պետական կապիտալ ներդրումներ՝ պահպանելով հարկաբյուջետային կանոններով ամրագրված պետական պարտքի կայունություն:

Նախագծի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: Բարձրաձայնելով կառույցի նկատառումներն ու առաջարկները՝ նա տեղեկացրել է, որ պալատը փաստաթղթի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Զեկուցողը խոսել է այն խնդիրների մասին, որոնք, իրենց գնահատմամբ, սկզբունքային են եւ լուծման կարիք ունեն:

Արթուր Ջավադյանը եւ Լեւոն Յոլյանը պատասխանել են պատգամավորներին հետաքրքրող հարցադրումներին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանն առանձնացրել է բյուջեի փաստաթղթի՝ առաջին անգամ ծրագրային բյուջետավորմամբ ներկայացված լինելու հանգամանքը, կարեւորել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի վերաիմաստավորման ազդեցությունը: Ըստ նրա՝ պետք է փորձել նաեւ բյուջետային վերահսկողության միջոցով առավել մեծացնել սոցիալապես խոցելի խավերին ուղղված ծրագրերի արդյունավետությունը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ըստ հանձնաժողովի՝ փաստաթուղթը կիսադատարկ աղյուսակ է՝ առանց նկարագրական, տեքստային բացատրագրերի, վերլուծական մասի եւ եզրակացության: Ծրագրային բյուջետավորմամբ ներկայացված ծրագրերը համալրված չեն կատարողական հիմնական ցուցանիշներով, ինչի պատճառով հնարավոր չէ գնահատել արդյունավետությունը: Առաջարկվել է  հաջորդ տարվանից փոխել ձեւաչափը՝ դարձնելով այն առավել հաշվետվողական եւ գնահատելի:

Արկադի Խաչատրյանը խոսել է փաստաթղթի դրական եւ բացասական կողմերի մասին: Դրական կողմերն են՝ ֆինանսական, պետական պարտքի կայունության եւ դրական դինամիկայի ապահովումը, բացասականը՝ ներդրումների ցածր մակարդակը, հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է զսպող ազդեցություն: Պատգամավորն անդրադարձել է հարկային քաղաքականության գործիքների արդյունավետ կիրառման մեխանիզմներին, մի շարք ոլորտներում իրականացվող բյուջետային քաղաքականության առանձնահատկություններին:

Արման Բաբաջանյանը բարձրաձայնել է բյուջետային տարվա ձեռքբերումների ու կորուստների  մասին: Նրա գնահատմամբ՝ առանց հստակ ռազմավարության, կոնկրետ ոլորտային հայեցակարգերի հնարավոր չէ կյանքի կոչել մարդկանց այն ակնկալիքները, որոնք հանգեցրին անցած տարվա պատմական փոփոխություններին, որոնց պետք է հաջորդեր պետականաշինության փուլը: Պատգամավորը համոզված է, որ պետք է շտապել փոփոխությունների իրականացման հարցում:

Արտահերթ ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար  Արայիկ Հարությունյանը նշել է, որ մի շարք կարեւոր քայլեր են իրականացվել: Նա խոսել է ոլորտում որակյալ մասնագետների ու կարողությունների պակասի մասին, ինչը փորձ է արվում աստիճանաբար լուծել: Նշվել է, որ բազմաթիվ ծրագրեր իրականացվել են մրցույթով, ինչը մրցակցություն է ապահովում ոլորտում եւ ազդում որակի բարելավմանը: Բուհերի արդյունավետ կառավարման իրականացման արդյունքում դրանց մի մասին հաջողվել է բարձրացնել աշխատավարձերը: Նախարարը նշել է, որ անցած տարի 5 ավագ դպրոց է շահագործման հանձնվել, այս տարի սկսվել է 7 ավագ դպրոցի հիմնանորոգումը: Իրականացվել է հեռավար ուսուցման պիլոտային ծրագիր, նոր սկզբունքով ձեւավորվել են բուհերի հոգաբարձուների խորհուրդները՝ ներգրավվելով ոլորտի արհեստավարժ մասնագետների: Նախարարը ներկայացրել է նաեւ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն արձանագրել է, որ հեղափոխական գործընթացներն ազդեցություն են ունեցել բյուջեի կատարողականի վրա: Հանձնաժողովի նախագահը ուշադրության է հրավիրել կապիտալ ծախսումների թերակատարումների փաստը: Պատգամավորի խոսքով՝ իրենք հետեւողական են լինելու այս հարցում: Մանե Թանդիլյանի համար անընդունելի են կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների տեմպերը: Նրա համոզմամբ՝ ակնհայտ է, որ ֆինանսների նախարարության որդեգրած պահպանողական քաղաքականությունը չի կարող իրականացնել կառավարության՝ հեղափոխական տեմպերով տնտեսական աճի տեսլականը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ճանապարհաշինարարության ոլորտում իրականացվող ծրագրերի տեմպերն ու ծավալները, դրանց արդյունավետությունը: Նշվել է, որ նախորդ տարի նախարարությունը գերազանցել է պլանով նախատեսված 120 կմ-ը եւ ավելի քան 230 կմ ճանապարհ կառուցել: Տրանսպորտային ոլորտում համակարգային փոփոխություններ են եղել, ուղեւորահոսքերով պայմանավորված թվային քարտեզ է ստեղծվել, ինչը կենտրոնացված տրանսպորտային համակարգ ունենալու հնարավորություն է տալու: Նախարարը տեղեկացրել է, որ ոլորտին տրամադրվող միջոցները բազմապատկվելու են:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տնտեսական աճի տեմպերին անդրադարձել է տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների համատեքստում: Խոսելով կապիտալ ծախսերի թերակատարման մասին հնչող տեսակետներին՝ հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ գործադիրը պետք է ավելի համարձակ փոփոխություններ ու ծրագրեր իրականացնի: Դրական փոփոխությունների հարցում Բաբկեն Թունյանը հիշատակել է գների կայուն մակարդակը, ֆինանսական կայունությունը, պետական պարտքի մակարդակի նվազումը ՀՆԱ-ի նկատմամբ: Բյուջետային չափորոշիչների հստակեցման, իրականացվող աշխատանքների արդյունավետության գնահատման հարցում պատգամավորը կարեւորել է կառավարության եւ խորհրդարանական բոլոր խմբակցությունների համատեղ աշխատանքը:

2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները կշարունակվեն ԱԺ հունիսի 20-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` այսօրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:
 


19.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հանձնաժողովի մշակույթի, բազմազանության եւ մշակութային ժառանգության եւ լրատվամիջոցների եւ տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հուն...

19.06.2019
ՏՏ ոլորտում Հայաստանի փորձը մեծ արձագանք է գտել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովում
ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությունը մայիսի 29-ից հունիսի 1-ը մասնակցել է ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի արտագնա նստաշրջանին, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի աշ...

19.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 19-23-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) են գործուղվել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատվիրակության...

19.06.2019
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վեաբերյալ
Հունիսի 19-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ 334 դահլիճում կկայանա խորհրդարանական պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Կազանում կայացած ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի արտագնա նստաշրջանի, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի եւ...

19.06.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսը. կներկայացվեն Ուլան-Բատոր այցի արդյունքները: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am