Տպել
19.06.2019
ՏՏ ոլորտում Հայաստանի փորձը մեծ արձագանք է գտել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությունը մայիսի 29-ից հունիսի 1-ը մասնակցել է ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի արտագնա նստաշրջանին, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի աշխատանքներին:

Վերջիններիս մասին հունիսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Նարեկ Մկրտչյանը, պատվիրակության անդամներ Աննա Կոստանյանը, Շաքե Իսայանը, Սոնա Ղազարյանն ու Վաղարշակ Հակոբյանը:

Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ վեհաժողովում քննարկման առարկա են դարձել ԱՊՀ երիտասարդական քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Շեշտադրվել են բարձր տեխնոլոգիաների խնդիրները: Հայկական կողմը կիսվել է իր փորձով, ներկայացրել «Արմաթ» լաբորատորիայի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը: Ընդգծվել է, որ այս կազմակերպություններին աջակցում է Հայաստանի կառավարությունը, ինչն օրինակելի է գործադիր-հասարակական կազմակերպություն գործակցության տեսանկյունից: ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավարը նշեց, որ պատվիրակությունն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի եւ կաջակցի գործընկեր երկրների երիտասարդական կազմակերպություններին` տեղերում բարձր տեխնոլոգիաների կենտրոններ բացելուն:

Ըստ Սոնա Ղազարյանի՝ ռուսական կողմն իր աջակցությունը կբերի կամավորության վերաբերյալ օրենքի նախագիծ մշակելու գործում: Նրա խոսքով` այսօրինակ օրենք բացակայում է մեր օրենսդրության շտեմարանում:

Աննա Կոստանյանը կարեւորել է տեխնոլոգիական քաղաք՝ Ինոպոլիս այցելությունը, որի երեք հազար բնակչից յուրաքանչյուրը տիրապետում է բարձր տեխնոլոգիաներին: Պատգամավորն անհրաժեշտություն է համարել նրանց փորձի ներդնումը Հայաստանում:

Շաքե Իսայանը, անդրադառնալով մշակույթի ոլորտին, տեղեկացրել է, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ նախատեսվել է եկող տարի ԱՊՀ երկրներում կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ:

Հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձել է Վաղարշակ Հակոբյանը` կարեւորելով հայկական մշակութային կենտրոնի դերը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...