National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.06.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.06.2019
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանը
1 / 19

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 20-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի վերաբերյալ իրենց գնահատականներն են հնչեցրել օրենսդիր եւ գործադիր մարմինների անդամները:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ 2018 թվականի հաստատված պետական բյուջեում 2017 թվականի համեմատ կրճատվել էին առողջապահությանը հատկացված ֆինանսական միջոցները, սակայն նոր Կառավարությանը հաջողվել է վերաբաշխումներ կատարելու միջոցով իրականացնել ծրագրերը եւ վերացնել անտեղի հատկացված միլիոնների փոշիացումը:

Պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսել է տնտեսության զարգացման ուղղություններից ու խնդիրներից, արժեւորել արտահանման խթանմանն ու ներդրումներ ներգրավելուն ուղղված քայլերի իրականացումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ ոլորտի ծախսերի համար հաշվետու տարում հատկացվել է 352 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամը ուղղվել է նախարարության միջոցով իրականացվող ծրագրերին: Մնացած գումարը տնօրինել է Սոցիալական ապահովության ծառայությունը: Նախարարի կարծիքով՝ նախատեսված ծրագրերի արդյունավետության հարցը ենթակա է քննարկման. գերատեսչությունը հակված է փոփոխություններ կատարելու դրանցում, որպեսզի բարձրանա մատուցվող ծառայությունների որակը:

Պատգամավոր Համազասպ Դանիելյանը խոսել է գործադիր մարմնի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործառույթներից, կարեւորել դրա զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում ոլորտին հատկացվել է 5 մլրդ դրամ, որից 1,7 մլրդը ձեւավորվել է դրամաշնորհներով: Իրականացվել է 10 ծրագիր: Նախարարը խոսել է տարիներ շարունակ անարդյունավետ ծախսված գումարներից, ինչի հետեւանքով բնապահպանական խնդիրները մնացել են չլուծված:

Պատգամավոր Արտակ Մանուկյանը փաստել է, որ Կառավարությանը հաշվետու տարում հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունն ու գրանցել տնտեսական աճ: Նա կարեւորել է բյուջետային ծախսերի հասցեականության ապահովումը գալիք տարիներին, գործընկերներին հորդորել կողմ քվեարկել հաշվետվությանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է հաջողված ծրագրերի իրականացմանն ու դրանց շարունակականության հարցին: Նախարարը խոսել է համայնքների՝ հրատապ լուծում պահանջող խնդիրներից, դրանց լուծման նպատակով իրականացված ծրագրերից ու արդյունքներից: Նա հույս է հայտնել, որ ընթացիկ տարում իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ կլինեն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության քննարկումն իրականացվում է ոչ սովորական պայմաններում՝ նկատի ունենալով դրա ընդունման եւ կատարման ժամանակաշրջանները: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, անհրաժեշտ համարել իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսեւորումը՝ իրականացնելու որոշակի բարեփոխումներ ՀՀ օրենսդրությունում: Նշվել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու հաշվետվությանը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից հանդես է եկել Սերգեյ Բագրատյանը: Նա անդրադարձել է իր հեղինակած եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրենսդրական նախաձեռնություններին, կարեւորել քաղաքական ուժերի միջեւ ազնիվ ու նպատակային համագործակցության ապահովումը: Պատգամավորը խոսել է գործադիր մարմնում կատարված կառուցվածքային փոփոխություններից՝ անարդյունավետ համարելով գյուղատնտեսության նախարարության կրճատումը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Աննա Կարապետյանը: Նա անդրադարձել է Հայաստանում ծրագրային բյուջետավորման գործընթացի ներդրման պատմությանը, դրա նպատակներին ու տրամաբանությանը, ծրագրային բյուջեների իրականացման ճանապարհին հանդիպող խոչընդոտներին եւ դրանք կարգավորելու անհրաժեշտությանը:

Պատգամավորը հույս է հայտնել, որ գործող Կառավարությանը հաջողվելու է ծրագրային բյուջեների իրականացումը, ինչը նկատելի չի եղել նախորդ բյուջեների կատարողականներում:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթում անդրադարձել է տարբեր ոլորտներում կառավարության իրականացրած ծրագրերին ու ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները, ակնհայտ է, գերակատարվելու են առնվազն 62 մլրդ դրամով: ԱԺ նախագահը նշել է, որ 51.000 աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, հուլիսի 1-ից կբարձրանան զինծառայողների, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը, 410 բնակարան սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել է զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքներին, կուտակային կենսաթոշակային համակարգում 2018 թ. հուլիսի 1-ին կատարված փոփոխությունների արդյունքում 209.000 մարդու աշխատավարձ բարձրացել է, եւս 200.000 անձի աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո: Նշվել է, որ 85.000 թոշակառու եւ նպաստառու անձանց թոշակն ու նպաստը բարձրացվել է պարենային աղքատության գծից: 2018 թ. հուլիսի 1-ից, ապա 2019 թ. հունվարի 1-ից բարձրացվել եւ բարձրացվելու է առաջնային օղակի ավելի քան 10.000 բուժաշխատողի աշխատավարձ՝ գրեթե 30 տոկոսով, 15.000 բուժաշխատող ներառվել են սոցփաթեթում եւ կօգտվեն առողջապահության այս բաղադրիչից: Արարատ Միրզոյանը հիշեցրել է՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծնվելու դեպքում եռապատկվել է՝ 50.000-ից դառնալով 150.000 դրամ: Մաքրվել է շուրջ 125.000 վարկառուի վարկային պատմությունը:

Խորհրդարանի ղեկավարը խոսել է նաեւ տարածքային համաչափ զարգացման համատեքստում կատարված քայլերի մասին՝ նշելով, որ կառավարությունը 2018 թ. համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 3.8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: 2019 թ. գործադիրը մտադիր է այս նպատակի համար հատկացնել 10 մլրդ դրամ, ինչը, ըստ Արարատ Միրզոյանի, աննախադեպ ծավալ է:

Նշվել է, որ մեծ թափ է հաղորդվել դեռեւս 2006 թվականին մեկնարկած Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքներին: 2018 թ. 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը, նորոգվել է 200 կմ ճանապարհ, 2019 թ. ընթացքում նախատեսվում է նորոգել առնվազն 330 կմ ճանապարհ: Հիմնվել է 17 նախակրթարան Երեւանում եւ մարզերում՝ շուրջ 425 երեխայի ընդգրկմամբ: 2018 թ. Հայաստան ժամանումների թիվն ավելի քան 15.000-ով գերազանցել է մեկնումների թվին (վերջին տասնամյակներում նման ծավալ չի եղել): «Խոսվում է ոսկու պաշարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին: Սա ինչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով կադրային քաղաքականության մասով հնչող քննադատություններին՝ ԱԺ նախագահն առաջարկել է ավելի կոնկրետ խոսել այդ մասին, քանի որ հակառակ դեպքում հնարավորություն չի տրվում շտկելու այն: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընտրված կադրերի արհեստավարժությանն է անդրադարձել կոնկրետ օրինակներով:

Ներառականության մասին քննադատությունների առումով Արարատ Միրզոյանն արձանագրել է, որ ընդդիմության ներկայացրած նախագծերը նախորդող 5 տարիներին այդչափ չէին ընդունվել, որքան վերջին 6 ամսում:

ԱԺ նախագահը հորդորել է կառավարությանը շարունակել ընթանալ որդեգրած երկու ուղղություններով՝ վառվող հարցերի օպերատիվ լուծումներ եւ ներդրումներ՝ երկարաժամկետ ռազմավարության պլանում, արդյունք ակնկալող ջանքեր: Արարատ Միրզոյանն այդ երկու ուղղությունների իրականացման հարցում իր աջակցությունն է հայտնել գործադրին:

«Լուծեք սոցիալական հարցերը, ենթակառուցվածքները եւ ներդրումային միջավայրերը զարգացրեք զուգահեռաբար այնպես, ինչպես արել եք մինչ հիմա: Ամեն ինչ փայլուն է, կեցցե՛ք»,-նշել է խորհրդարանի ղեկավարը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով նախորդ տարվա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, նշել է, որ 2018 թվականը բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է եղել. Հայաստանում տեղի են ունեցել Հանրապետության նախագահի մեկ ընտրություն, վարչապետի 5 ընտրություն, վարչապետի 2 փոփոխություն, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություն, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ, իրականացվել է Թավշյա հեղափոխություն:

«Արդյունքում ունենք 5.2 տոկոս տնտեսական աճ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծը բերած կառավարությունը բյուջեում դրել էր 4.5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը հաշվետու տարվա արդյունքներով չունի չկատարված ոչ մի պարտավորություն, մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն:

«Կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, քանի որ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովվել է ՀՀ բնականոն կյանքը լիարժեքորեն: Այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել նաեւ գլոբալ անցում կիսանախագահականից խորհրդարանական համակարգի: Սա ցույց է տալիս նաեւ այն միտումները, որոնք ունենք այս տարի: 2019 թ. առաջին եռամսյակի ընթացքում 7.1 տոկոս տնտեսական աճ ունենք, որն ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում»,-ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության գործունեությանը վերաբերող որոշ քննադատությունների ու պարզաբանումներ ներկայացրել մասնավորապես բարեփոխումների դանդաղ ընթացքի, դատաիրավական համակարգի բարեփոխումների, իրապես անկախ դատական համակարգի կայացման, կառավարության կառուցվածքի փոփոխության, տնտեսական զարգացումների, 2018 թ. պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումների եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչած տեսակետների առնչությամբ:

Քվեարկության արդյունքում ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը խորհրդարանն ընդունել է 94 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այնուհետեւ քննարկվել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացմամբ: Համաձայնագրի հիմնական նպատակներն են՝ միջպետական համագործործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործողությունների դեմ համատեղ հակազդեցությունը, կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերում համագործակցությունը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը հարակից զեկույցում հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ տեղեկացնելով, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Զոլյանը, Միքայել Մելքումյանը եւ Շաքե Իսայանն անդրադարձել են տեղեկատվական անվտանգության մարտահրավերներին եւ այս համատեքստում համաձայնագրի դրույթների նշանակությանը:

Այնուհետեւ քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

Թեկնածուի կենսագրական տվյալներին ու մասնագիտական որակներին իր ելույթում անդրադարձել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Օրվա երկրորդ կեսին «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հունիսի 18-ին Ազգային ժողովի կողմից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը խորհրդարանում հանդես է եկել երդումով ու այդ պահից անցել իր լիազորությունների եւ պարտականությունների կատարմանը:

Պատգամավորներր շարունակել են քննարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:

Թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը խոսել է դատաիրավական համակարգի խնդիրներից եւ դրանք բարեփոխելու ուղիներից, կարեւորել ոլորտի նկատմամբ հանրության վստահության բարձրացումն ու դատական համակարգի անկախությունը, անդրադարձել դատավորների պատասխանատվության հարցին, բարձրաձայնել ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում աշխատանքի իր պատկերացումներն ու ծրագրերը:

Պատգամավորները հարցերի միջոցով փորձել են պարզել թեկնածուի դիրքորոշումը ոլորտի մի շարք խնդիրների վերաբերյալ: Հարցերը վերաբերել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի իրականացմանը, օրեր առաջ քաղաքացիների կողմից դատարանների շրջափակմանը, իրավաբանական կրթություն տվող բուհերում արմատական բարեփոխումների իրականացմանը, անցումային արդարադատությանն ու վեթթինգի կիրառմանը, դատական համակարգի առողջացման հարցին, խնդրահարույց դատական գործերի վերաբացմանը եւ այլն:

Կայացած քվեարկությունից հետո ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ 107 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Գրիգոր Բեքմեզյանը ընտրվել է ԲԴԽ անդամ:

Դատական օրենսգրքի համաձայն՝ ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեքմեզյանն խորհրդարանի կողմից ընտրվելուց անմիջապես հետո ԱԺ նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվել է, որից հետո ստորագրել է երդման տեքստը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում էր օգտագործված ոռոգման ջրի վարձավճարի մուծման կարգի փոփոխությանը՝ առաջարկելով վճարումներն իրականացնել բացառապես բանկային համակարգով: Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ նախաձեռնության ընդունումից հետո 2020 թվականի հունվարի 1-ից ջրօգտագործողը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել ընկերության համապատասխան հաշվին՝ բանկային, փոստային կամ այլ փոխանցման ձեւով մուտքագրման եղանակով մինչեւ հաջորդող ամսվա 15-ը:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը: Նա նշել է, որ հանձնաժողովում քննարկումների արդյունքում համատեղ որոշում է կայացվել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ առաջարկվող կարգի կիրառման ժամկետի հետ կապված:

Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը: Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել 10 եւ ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատավարձի վճարումը անկանխիկ եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը գրավոր դիմել է կանխիկ եղանակով վճարելու համար:

Պատգամավորներն հարցադրումներում ներկայացրել են իրենց մտահոգությունները, մասնավորապես համայնքներում բանկոմատների սակավության պատճառով անկանխիկ ձեւով աշխատավարձ տալու դեպքում դժվարություններ ստեղծելու, գերփոքր բիզնեսի համար իրականացվող հարկային վարչարարության, վճարումների համակարգերի ընդլայնման, այս փուլում նախագծի ընդունման նպատակահարմարության եւ այլ հարցերի վերաբերյալ:

Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանն ընդգծել է, որ հանձնաժողովում քննարկման առարկա է եղել հատկապես համայնքներում բնակիչների համար աշխատավարձը ստանալիս ստեղծվող բարդությունները: Նշելով, որ նախագծի նպատակը ստվերի դեմ պայքարն է՝ Լուսինե Բադալյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ընդհանուր գաղափարին կողմ է, բայց առաջարկում է նախագծի դրույթներին անդրադառնալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվող ու առաջիկայում ԱԺ քննարկմանը ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշել է, որ սա նոր սերնդի համաձայնագրերից է: Հիմնականում հողի սեփականության, ավիացիայի, ռազմարդյունաբերության ոլորտներում կողմերի ազգային տնտեսվարող սուբկյեկտների նկատմամբ կարող են կիրառվել լրացուցիչ խրախուսման կամ պաշտպանության միջոցներ: Նա խոսել է երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների մասին:

Ներկայացնելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը նշել է, որ փաստաթուղթը հնարավորություն է ընձեռում կորեական ներդրումներ ներգրավելու ՀՀ տնտեսության մի շարք ոլորտներում:

«ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը: Գործող օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու պարագայում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց եւ մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաներին օգտվելու օրենքով սահմանված բոլոր իրավունքներից:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովում առաջարկվել է նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել այն համատեքստում, որ այս լրացումն անվճար համակարգ անցնելու համար 3-րդ կարգի հաշմանդամություն ստանալու պատրվակ չդառնա: Նա տեղեկացրել է, որ չնայած նախաձեռնությունն ունի խնդրահարույց կետեր, այդուհանդերձ, հանձնաժողովը ԱԺ նիստում մասնագիտական քննարկում կազմակերպելու նպատակով տվել է դրական եզրակացություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը ներկայացրել է պարզաբանումներ առ այն, թե ինչու է գործադիրը նախագծի ընդունումը համարում վաղաժամ եւ ոչ նպատակահարմար:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը: Ըստ հեղինակի՝ համակարգում առկա չեն հստակ օրենսդրական կարգավորումներ, թե որքան աղբահանության վճարներ պետք է սահմանվի օդանավակայանների, երկաթուղային կայարանների, ավտոկայանների, ավտոկայանատեղիների, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված հատուկ նշանակության շենքերի եւ շինությունների պարագայում: Փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմելու փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսական բեռը, իսկ տնտեսական գործունեության տեսակների հստակեցումը թույլ կտա խուսափելու օրենքի տարաբնույթ մեկնաբանման հնարավորությունից եւ կոռուպցիոն ռիսկերից: Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել աղբահանության վճարի հաշվարկումն ըստ առանձին տնտեսական գործունեության տեսակի համար սահմանված դրույքաչափի, բացի այդ հստակեցվում եւ լրացվում են տնտեսական գործունեության տեսակները, դրվում հստակ վարչական մեխանիզմներ, որոնք ապահովելու են աղբահանության պայմանագրերի կնքումը:

Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի՝ անավարտ մնացած հարցերը կքննարկվեն հունիսի 21-ին՝ ժամը 10:00-ին նախատեսված արտահերթ նստաշրջանում:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ավարտը:


20.06.2019
Հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

20.06.2019
Ամփոփվել են Ուլան Բատոր կատարած այցի արդյունքները
ՀՀ ԱԺ Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամներ Լիլիթ Ստեփանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ռուբիկ Ստեփանյանը՝ Միքայել Մելքումյանի ղեկավարությամբ, հունիսի 20-ին ամփոփել են Ուլան-Բատոր կատարած այցի արդյունքները: Միքայել Մելքումյանի տեղեկացմամբ՝ հունիսի 13-14-ին առաջին անգամ պաշտոնական այցով Ուլան Բատորում...

20.06.2019
Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները` խորհրդարանում
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 20-ին խորհրդարան էին այցելել ՀՀ Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերի հետ «Բաց դաս» է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Ողջունելով դպրոցականներին Ազգային ժողովում` պատգամավորը ներկայացրել է օրենսդ...

20.06.2019
Խորհրդարանում հյուրընկալվել են ԲՀԿ ուսանողական խորհրդի անդամները
Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հանդիպել է ԲՀԿ ուսանողական խորհրդի անդամների հետ: Ներկայացնելով կուսակցության տեսլականը՝ նա ընդգծել է, որ այն ստեղծման օրվանից իր ծրագրում հատուկ տեղ է հատկացրել պետության սոցիալական խնդիրների իրականացմանը, մարդկանց կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ...

20.06.2019
Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով, որ մի շարք ոլորտներում առկա է հայ-բու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS