National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24〈=arm.06.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.06.2019
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 6

Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են նախորդ նիստերում քննարկված օրինագծերը, բացառությամբ  «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի:

Հունիսի 21-ին ԱԺ պատգամավորների քվերկության արդյունքում  ԲԴԽ անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը հունիսի 24-ի ԱԺ առավոտյան նիստում երդվել է՝ ստանձնելով իր պարտականություններն ու լիազորությունները:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է   «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

Առաջարկվում է  ամրագրել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը եւ նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, այլ նաեւ տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

Նախատեսվում է պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում մեխանիկորեն արգելել անձի աշխատելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում անձն օբյեկտիվորեն չի կարող աշխատել:

Առաջարկվում է սահմանել, որ  պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ  կարող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում: Նախատեսվում է արգելել դրամական փոխանցումներ ստանալն ու կատարելը, հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը, տեսակցությունները, հեռախոսակապից օգտվելը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մտքերի փոխանակության ձեւաչափում ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորներ Անի Սամսոնյանը, Գեւորգ Պետրոսյանը, Կարեն Սիմոնյանը եւ Սուրեն Գրիգորյանը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության անունից ելույթ  է ունեցել  Արման Աբովյանը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության կողմից՝ Վարազդատ Կարապետյանը: Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են հասարակական-քաղաքական կյանքում օրերս տեղի ունեցած որոշ իրադարձությունների՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը:

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացրել է պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:  Նա նշել է, որ կառույցը ներկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն, որոնք կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ ծրագրով հաստատված 25 հաշվեքննությունից 19-ը ավարտված են, 2-ը կասեցված, իսկ 4-ի մասով աշխատանքները շարունակվում են: Դրանք վերաբերում են ՀՀ պաշտպանության նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուս-Հայկական համալսարանի (ՌԴ Հաշվիչ պալատի հետ համատեղ) եւ դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական գործունեության գործընթացի հաշվեքնություններին: Հաշվեքննիչ պալատը, առաջնորդվելով ISSAI 20 ստանդարտներով նախատեսված թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներով, հաշվեքննության օբյեկտների ղեկավարների բոլոր առարկություններն ու բացատրությունները կցել է ընթացիկ եզրակացություններին՝ դրանք դարձնելով հրապարակային:

Հաշվեքննությունների շրջանակը ներառել է սոցիալական ապահովության, առողջապահության, էներգետիկայի, բնապահպանության, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, պաշտպանության եւ անվտանգության, տնտեսական զարգացման, միջազգային համագործակցության եւ այլ ոլորտները:

Ըստ բանախոսի՝ հաշվեքննության ընթացքում եղել են նաեւ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող կասկածներ եւ դրանց մասով հինգ առանձին ուղղություններով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Հաշվեքննությունների նյութերից Լեւոն Յոլյանը ներկայացրել է առավել հուշագրավ փաստերը: Պալատի նախագահը նշել է, որ Սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական շտեմարաններում, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում, բնակչության պետական ռեգիստրում եւ այլ շտեմարաններում առկա տվյալների համադրման արդյունքում պարզվել է, որ կենսաթոշակների եւ նպաստների վճարման գործընթացում առկա են խոշոր չափերի հասնող ռիսկեր? ավելի քան 15 մլրդ դրամի: Թե՛ մրցութային գործընթացի եւ թե՛ դրանց կատարման ֆինանսական կարգապահության մասով, զեկուցողի խոսքով, մտահոգիչ փաստեր են արձանագրվել նաեւ Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՊԲԸ ստուգման արդյունքներով: Ըստ բանախոսի՝ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Տարեկան հաղորդման մեջ ամփոփված են նաեւ առաջարկություններ ՀՀ Ազգային ժողովին եւ Կառավարությանը՝ հաշվեքննությամբ արձանագրված անհապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերացման ուղղությամբ, համագործակցության վերաբերյալ:

Լեւոն Յոլյանը պատասխանել է մեկ տասնյակից ավելի պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են պալատի գործունեության արդյունավետությանը, պետական բյուջե գումարների վերականգնմանը, ուսումնասիրության ենթական ոլորտների ընտրության մեթոդաբանությանը, Գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի բացահայտման վիճակագրությանը, տուգանելու իրավասություն ունեցող այլ երկրների  համանման կառույցների փորձի ուսումնասիրմանը, պալատի լիարժեք անկախությանը:

ԱԺ պատգամավորները՝ Հաշվեքննիչ պալատի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդման մասին

Արտակ Մանուկյանը խոսել է հաշվետվողականության, հարկային արտոնությունների, աուդիտի իրականացման մասով պալատի գործունեության մասին՝ ընդգծելով, որ հանրության ակնկալիքները մեծ են կառույցի աշխատանքից: Նրա կարծիքով՝ Հաշվեքննիչ պալատը, հանդիսանալով ռիսկերի ազդարարման համակարգ, պետք է օրենսդրական բացերի մասով ազդակներ հղի օրենսդրին:

Սերգեյ Բագրատյանը կարեւորել է համատեղ աշխատանքը, որը, նրա համոզմամբ, կստեղծի այն հիմքը, որի հիման վրա կառույցի աշխատանքն ավելի արդյունավետ կարող է դառնալ: Պատգամավորը կարծում է, որ Հաշվեքննիչ պալատը պետք է շարժվի կանխարգելիչ գործողությունների ճանապարհով, քննի ծրագրերը, ոչ թե կատարողականները:

Արթուր Գրիգորյանն առաջարկել է գործընկերներին համախմբվել եւ համատեղ լրացնել օրենսդրական բացերը: Պատգամավորը նշել է, որ Հաշվեքննիչ պալատը բարձրագույն աուդիտորական կազմակերպություն է եւ խոսել կառույցի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման խնդրի մասին:

Արման Բաբաջանյանը անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի՝ իր համար անընդունելի գործունեության որոշ դրվագներին եւ մի շարք հարցադրումներ ներկայացրել: Նրա գնահատմամբ՝ նոր Հայաստանում ոչ միայն չեն բացահայտվում անցյալի հանցավոր դրվագները, այլ թույլ է տրվում, որ դրանց մասնակիցները կարեւոր պաշտոն զբաղեցնեն:

Շաքե Իսայանի համոզմամբ՝ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել, սակայն արդյունում ստացվել է չարաշահումների մոտավոր պատկեր: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքը բավականին հեղհեղուկ է, ինչն էլ գործունեությունը դարձրել է անատամ:

Արտյոմ Ծառուկյանն արձանագրել է, որ Հաշվեքննիչ պալատը պատժող մեխանիզմ չէ, այլ առաջին հերթին գործընկեր է: Խոսելով «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի փոփոխությունից՝ պատգամավորը կարեւորել է պետական բյուջե վերադարձման ենթակա գումարները կառավարելի դարձնելու նպատակով հաշվեհամարի բացումը: Նա անդրադարձել է նաեւ կառույցի բյուջեի կազմման անկախությանը:

Եղիշե Սողոմոնյանը կարեւորել է տարեկան զեկույցում ոչ ֆինանսական ցուցանիշների հաշվեքննության արդյունքների արձանագրումը, նախորդ տարիների խախտումների եւ առաջարկությունների ընթացքի, Քննչական մարմնի եւ Դատախազության հետ համագործակցության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներառումը տարեկան զեկույցում: Նա անդրադարձել է հասարակության շրջանում կառույցի վստահության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացմանը, աշխատակազմում մասնագետների վերապատրաստմանը եւ նոր բարձրակարգ կադրերի ներգրավվմանը:

Գեւորգ Պապոյանի համոզմամբ՝ զեկույցը վերաբերում է 2018 թ. առաջ տեղի ունեցած գործընթացների ուսումնասիրությանը, վերլուծությանն ու հաշվեքննությանը: Նա մանրամասն անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացված հաշվեքննության արդյունքներին, գումարների անարդյունավետ վատնման դեպքերին:

Արփինե Դավոյանը հաշվեքննության մեջ տեղ գտած տվյալներին է անդրադարձել, խոսել բազմաթիվ չարաշահումների մասին՝ նշելով, որ այդուհանդերձ դատախազություն ուղարկվել է 5 գործ:

Վիկտոր Ենգիբարյանը քննարկվող փաստաթուղթը գնահատել է անբավարար, սահմանափակ ու անառարկայական: Ըստ պատգամավորի՝ այն չի համապատասխանում հանրության պահանջներին: Պատգամավորը հաշվեքննության համատեքստում անդրադարձել է համայնքային զարգացման խնդիրներին, պալատի լիազորությունների լիարժեք իրացմանը:

Եզրափակիչ ելույթում Լեւոն Յոլյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ դիտողություններին,  տվել պարզաբանումներ: Նա ստահոդ  է համարել որոշ պատգամավորների կողմից  իր գործունեության առնչությամբ  հնչեցված մի քանի  դիտարկումներ՝  հիմնավորելով  դրանք փաստական տվյալներով:

Հաղորդումն ընդունվում է ի գիտություն:

Հաջորդիվ  առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած   «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

Հեղինակը նշել է, որ գործող Հարկային օրենսգրքով ընկերություններում գրանցված աշխատողների թվաքանակը համարվում է հարկային գաղտնիք, եւ որպեսզի մեծացվեն հարկատուների հաշվետվողականությունն ու նրանց գործունեության թափանցիկությունը, առաջարկվել է հարկային գաղտնիք չհամարել ընկերությունների աշխատակիցների թիվն ու նրանց վճարած հարկերը:

Հեղինակը նաեւ առաջարկում է ընդլայնել ՀԴՄ-ներ չկիրառող կազմակերպությունների  շարքը՝ դրանում ներառելով այն ուսումնական հաստատությունները, որոնք սննդով են ապահովում աշակերտներին եւ աշխատակիցներին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արտյոմ Ծառուկյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը որոշ վերապահումներ է ունեցել նախագծի առնչությամբ, որոնց մի մասն արդեն փոխվել է, մյուսը մասը հեղինակի հետ լրամշակելու փոխհամաձայնություն է ձեռք բերվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրենսդրական նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առանձին հարցերի շուրջ շարունակվել են մասնագիտական քննարկումները, այդ թվում՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ: Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել եկամտային հարկի համահաթեցման, ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունների լիցենզավորման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերի վերանայման հարցերին:

Փոխնախարարը ներկայացրել է համատեղ աշխատանքի արդյունքում իրականացված հիմնական փոփոխությունները:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում բարելավվել է Հարկային օրենսգիրքը:

Խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հունսի 25-ին:


24.06.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուների հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հունիսի 24-ին հանդիպել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանի հետ: Թեկնածուն ծանոթացրել է իր կենսագրությանը, անդրադարձել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի գործուն...

24.06.2019
Գեղարքունիքի մարզի ութ համայնքի դպրոցների աշակերտները` խորհրդարանում
Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողով այցելել են Գեղարքունիքի մարզի ութ համայնքի դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ, որոնց  հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն անդրադարձել է  Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու իրակա...

24.06.2019
Վահե Էնֆիաջյանն ընդունել է վիետնամցի խորհրդարանականների պատվիրակությանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու խմբի անդամները հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակության հետ: Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել Վիետնամի...

24.06.2019
Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Գոռ Գեւորգյանը եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թի...

24.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի եւ «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 24-28-ը ներառյալ Տոկիո (Ճապոնիա) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS