Տպել
20.07.2019
Շախմատային փառատոն Ազգային ժողովի այգում
1 / 15

Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան: Շախմատի միջազգային օրը տոնում են 1966 թվականից: Տոնի ստեղծման գաղափարն հղացել է Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին՝ Փարիզում: Ըստ ՖԻԴԵ-ի որոշ տվյալների՝ աշխարհում հաշվառվում է 605 միլիոն մեծահասակ, որոնք անընդհատ շախմատ են խաղում:

Խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ավելի քան 120 շախմատասեր երեխաներ ու պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից ու Սփյուռքից:

Շախմատային փառատոնին ներկա է եղել եւ խաղերի ընթացքին հետեւել Նորվեգիայի Շախմատի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Վիբեկե Էկելանդ Գրոննը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է Շախմատի միջազգային օրվա շրջանակում Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառումը՝ նշելով, որ այն նպատակ ունի նպաստելու Հայաստանում շախմատի առավել տարածմանն ու զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նման միջոցառումները շարունակական են լինելու, եւ խորհրդարանը տարատեսակ մրցաշարերի միջոցով խրախուսելու է սպորտի տարածումը:

Մրցաշարն անցկացվել է 7 տուրով. յուրաքանչյուր պարտիայի համար տրվել է 10 րոպե ժամանակ:

Խորհրդարանի գեղատեսիլ այգում մի քանի ժամ շարունակ ընթացել է աշխարհի ինտելեկտուալ խաղի սիրահարների մրցապայքարը, որի արդյունքում մթնշաղին առաջին երեք տեղերն համապատասխանաբար զբաղեցրել են պատանի շախմատիստներ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ առաջին տեղ, Ռոբերտ Մուրադյանը՝ երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղն զբաղեցրել է Բենիկ Ագասարովը:

Մրցաշարի հաղթողներին շնորհավորել եւ մրցանակներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Փառատոնը լավագույնս կազմակերպելու եւ անցկացնելու համար շնորհակալագրերի են արժանացել մրցավարներ Տիգրան Գասպարյանը, Գեւորգ Մուրադյանը եւ Վահագն Խաչատրյանը:

«Շախմատային ծիծեռնակներ» մրցաշարի կազմակերպմանն աջակցելու համար ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից շնորհակալագիր է ստացել նաեւ Երեւանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Նորայր Քալանթարյանը: