Տպել
26.07.2019
Աշխատանքային քննարկում՝ արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական հատկացումների եւ ծրագրերի վերաբերյալ
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 26-ին քննարկել է գալիք տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական հատկացումներն ու ծրագրերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ 2020 թ.-ին նախարարությանը հատկացվելու է 12 միլիարդ 715 միլիոն 623 հազար դրամ, ինչը շուրջ 300 միլիոն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից:

Ըստ բնագավառի պատասխանատուների՝ հիդրոօդերեւութաբանության ոլորտի համար նախատեսվել է հատկացնել 1 միլիարդ 284 միլիոն 797 հազար դրամ: Այս ծառայությունը ներգրավված է տարբեր ծրագրերում, որոնց շրջանակներում 4 օդերեւութաբանական կայաններ ընդգկված են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության գլոբալ հեռահաղորդակցական համակարգում: Միավորված ազգերի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ շրջանակներում հիդրոմետ ծառայությանը տրամադրվել են գերմանական արտադրության 290 հատ տարբեր ջերմաչափեր, 5 հատ ձյան խտության կշռային ձյունաչափեր, 5 հատ հողի սառեցվածության խորության որոշման սառցաչափեր, 3 հատ անձրեւագրիչներ, 2 հատ քամու արագության եւ ուղղության տվիչներ:

Նշվել է, որ հակակարկտային հրթիռային տեխնոլոգիաները թույլ են տալիս 70-80% արդյունավետությամբ պաշտպանության տակ վերցնել գյուղատնտեսական հողատարածքները, էականորեն կրճատել կարկուտից բերքի վնասի չափերը: Ներկայումս ընթացքի մեջ է հակակարկտային հրթիռային համակարգի ստեղծման պիլոտային ծրագիրը, ինչի իրականացման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 75.95 մլն դրամ: Ակնկալվում է Արմավիրի, Արագածոտնի մարզերի 59 համայնքի եւ Կոտայքի մարզի 1 համայնքի տարածքների հակակարտային պաշտպանության իրականացում:

Բնական աղետներից Հայաստանին առավելագույն վնաս են հասցրել ուժեղ երկրաշարժերը: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասավ 25 հազար մարդու, նյութական կորուստները գնահատվեցին 12 միլիարդ դոլար: Հազարավոր ընտանիքներ մնացին անօթեւան: 1991թ-ին ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, որը կարճ ժամանակամիջոցում հասավ բարձր նվաճումների: Ստեղծվեց բազմապարամետր դիտարկումների ազգային ցանցը, ծառայությունն ինտեգրվեց գրեթե բոլոր միջազգային կառույցներում, արժանացավ ՄԱԿ-ի աղետների դեմ պայքարի Սասակավայի մրցանակին, ճանաչվեց Անատոլիա-Կովկաս-Իրան տարածաշրջանի առաջատարը: Սեյսմիկ ռիսկի նվազեցումը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: Այս ծառայության համար 2020-ին նախատեսվել է 880 միլիոն 665 հազար դրամ:

Մեծածավալ ներդրումներ են կատարվել Փրկարար ծառայության համակարգի զարգացման ուղղությամբ. ձեռք են բերվել ստացիոնար, շարժական, դյուրակիր գերկարճալիք ռադիոկայաններ, ստացիոնար սնման սարքեր, օպերատիվ ծառայության եւ հրշեջ փրկարարական մեքենաներ: Ծառայությունը գործակցում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գրասենյակի (JICA) եւ Ճապոնիայի կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության հետ: Համագործակցություն է հաստատված ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործընկերության ծրագրի, ԱՊՀ տարերային եւ տեխնածին աղետների միջպետական խորհրդի շրջանակներում: Փրկարար ծառայությանը նախատեսվում է հատկացնել 8 միլիարդ 950 միլիոն 683 հազար դրամ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնք բնագավառի պատասխանատուներն ընդունել են:


26.07.2019
Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կնշվի Վարդավառի տոնը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կազմակերպվելու է Վարդավառի տոնի առթիվ միջոցառում: Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը: Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ»,...