Տպել
08.08.2019
Քննարկվել են ազգային անվտանգության եւ պետական պահպանության ծառայության գալիք տարվա բյուջետային հատկացումները
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ օգոստոսի 8-ին կայացած աշխատանքային նիստում քննարկել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակում ներկայացված ԱԱԾ եւ ՊՊԾ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

Նշվել է, որ Ազգային անվտանգության համակարգի զարգացման հիմնական գերակայությունը նորագույն հատուկ տեխնիկայի, սարքավորումների, զենքի եւ զինամթերքի ձեռքբերման շարունակական գործընթացի ապահովումն է: Կարեւորվել են նաեւ տնտեսության բնագավառում կատարվող հանցագործությունների, այդ թվում՝  կոռուպցիայի տարբեր դրսեւորումների եւ տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երեւույթների ժամանակին հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների ակտիվացումը, պետական սահմանի շուրջօրյա հսկումն ու պահպանումը, օրենքով վերապահված այլ գործողությունների իրականացումը:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ կառույցին 2020 թվականին նախատեսվել է հատկացնել 23 միլիարդ 218 միլիոն դրամ. կիրականացվի 7 ծրագիր: Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 582 միլիոն դրամ: Առաջիկայում կկառուցվի սահմանապահ նոր ուղեկալ:
Ըստ բանախոսի՝ գալիք տարի Պետական պահպանության ծառայությանը կհատկացվի 3 միլիարդ 373 միլիոն 730 հազար դրամ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչները: Ոլորտին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ: