Տպել
16.08.2019
«Խնդիրները նախապես պետք է համակողմանի քննարկել եւ նոր միայն որոշում կայացնել». Վահե Էնֆիաջյան
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն օգոստոսի 16-ին հանդիպել է մի խումբ որսորդների հետ: Հյուրերը ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները եւ տեղեկացրել, որ գործադիրը նախատեսում է առաջիկայում բարձրացնել սեզոնային որսի արտոնագրի վճարի չափը՝ 8 հազար դրամի փոխարեն սահմանելով 17 հազար դրամ: Որս անել կթույլատրվի միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Նշվել է, որ շատ որսորդներ իրենց ապրուստը հոգում են ամենօրյա որսի միջոցով եւ նրանց առջեւ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում: Որսորդներն առաջարկել են բարեփոխել օրենսդրական դաշտը: Ըստ նրանց՝ 2007 թվականին ընդունված «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի որոշ դրույթներ հնարավորություն չեն տալիս պայքարելու որսագողության դեմ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով սեզոնային որսի արտոնագիր ստանալու վերաբերյալ: Նրանք պատրաստակամ են հասարակական հիմունքներով աջակցել կառավարությանը՝ պայքարելու ապօրինի որսի եւ ձկնորսության դեմ:

ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է օրենքի տառին համապատասխան գործունեություն ծավալելը ցանկացած ոլորտում, ինչպես նաեւ  որսորսորդության բնագավառում օրենսդրության կատարելագործումը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ բոլոր հարցերն անհրաժեշտ է մասնագետների մասնակցությամբ համակողմանի քննարկել, գտնել լուծումներ, ապա նոր միայն որոշումներ կայացնել դրանք կյանքի կոչելու համար:

Վահե Էնֆիաջյանը որսորդներին հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները կդասակարգվեն, կքննարկվեն եւ կներկայացվեն համապատասխան մարմիններին. որսորդական կազմակերպությունները կտեղեկացվեն արդյունքների վերաբերյալ: