Տպել
06.09.2019
Բարեկամական խմբի անդամները հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները սեպտեմբերի 6-ին հանդիպել են մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը կարեւորել է իր ղեկավարած խմբի առաջիկայում նախատեսվող այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք օրենսդրական  նախաձեռնությունների, մասնավորապես դատաիրավական, տնտեսական բարեփոխումներին, ընտրական օրենսգրքին, կուսակցությունների մասին օրենքի նախագծին:

Բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը դեսպան Լին Թրեյսիին շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ամերիկայի կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հայ-ամերիկյան խորհրդարանական դիվանագիտական շրջանակներում կխորացվեն երկկողմ հարաբերությունները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, կարեւորելով հայ-ամերիկյան հարաբերությունները, նշել է, որ հեղափոխությունից հետո ակնկալում է առավել ակտիվ համագործակցություն:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ կլինի սերտ կապեր ձեւավորել հայ-ամերիկյան բարեկամության պատգամավորական խմբի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ՝ շարունակելու ընդլայնել ու խորացնել մեր երկու երկրների հարաբերությունները: