Տպել
09.09.2019
Խորհրդարանն սկսել է յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 14

Սեպտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո խորհրդարանն  ազդարարել է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքի մեկնարկը:

Պատգամավորները ձեւավորել եւ հաստատել են նստաշրջանի ու հերթական նիստերի օրակարգերը:

Խորհրդարանի քվեարկությամբ ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում չեն ներառվել գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»,   «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության մշակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բարգավաճ Հայաստան»   խմբակցության պատգամավորներ  Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Շաքե Իսայանի, Իվետա Տոնոյանի, Հրանտ Մադաթյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը: Օրենսդրական առաջարկով նոտարները եւ անհատ ձեռնարկատերերը ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն կհաշվարկեն եւ կփոխանցեն սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաեւ վարձու աշխատողները՝ որպես ինքնազբաղված անձինք՝ եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում: Հեղինակի խոսքով՝ առաջարկվում է վերացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ հարկային օրենսգրքի միջեւ առկա հակասությունը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարուխանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ կարգավորումը տեխնիկական բնույթ է կրում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ գործադիրը նախագծի ընդունման հարցում սկզբունքային առարկություն չունի:

Փոխնախարար Արման Պողոսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը՝ նվազեցնելով եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսելու ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար: Կոնվենցիան նպատակ ունի նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար:

Առաջին ընթերցումով խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Համաձայն գործող հարկային օրենսգրքի՝ «Բաց թողնում» ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մեր երկիր երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարվում մինչեւ վերոնշյալ մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, մինչդեռ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստան ներմուծվող ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: Այս կարգավորումը, ըստ հեղինակի, շրջանառու միջոցների օգտագործման որոշակի անհավասարություն է առաջացնում նույն տեսակի ապրանքները ԵՏՄ-ից եւ երրորդ երկրներից ներմուծող կազմակերպությունների համար: Օրենքի նախագծի ընդունման դեպքում ներմուծվող ապրանքներից առնվազն սննդամթերքի հիմնական տեսակների գծով այս անհավասարությունը կչեզոքացվի՝ նպաստելով ներմուծող կազմակերպություններում շրջանառու միջոցների ավելացմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանն օրենսդիրներին տեղեկացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա միեւնույն ժամանակ նախաձեռնության ունեցած մի շարք բացասական ազդեցությունների մասին է խոսել:

 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ կառավարությունն ունի սկզբունքային առարկություններ: Փոխնախարարի գնահատմամբ՝ նախագծի ընդունումը սահմանափակելու է գյուղատնտեսական արտադրության զարգացման հնարավորությունները:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով. այն ներկայացրել է ԱԺ փոխնախագահ, ԲՀ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: Առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարակից զեկույցում ընդգծել է, որ նախագծի ընդունմամբ ենթադրվում է բյուջեի միջոցների անհարկի վատնում, հակասություն սոցիալական պետություն գաղափարի հետ: Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը վնաս կհասցնի համայնքների բյուջեներին: Հանձնաժողովի նախագահը կոչ է արել գործընկերներին դեմ քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գնահատմամբ՝ գյուղացիական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին պետական աջակցությունը կարեւոր է, սակայն աջակցության առաջարկվող տարբերակն անհասցե է ու անարդյունավետ:

«Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը: Ըստ հեղինակի՝ գործող օրենքում բացակայում են ոռոգման ջրի թափանցիկ կառավարման առավել կիրառական, ինչպես նաեւ ընկերությունում ջրի արդարացի բաշխման նկատմամբ ջրօգտագործողների միջեւ հսկողություն իրականացնելու իրավական  հիմքերը: Միքայել Մելքումյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների ընդունումը եւ կիրարկումը կհանգեցնի ինչպես ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը ՋՕԸ-ի ներսում, այնպես էլ կկրճատի բնագավառում առկա չարաշահումները` նպաստելով  ջրի առավել թափանցիկ եւ արդյունավետ կառավարմանը:  Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը եւ հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն: Նկատի ունենալով ոլորտում տարիներ շարունակ կատարված չարաշահումները, թերացումները՝ հարակից զեկուցողը կարեւորել է օրենսդրական նախաձեռնության ընդունումը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանի ներկայացմամբ՝ նախագծի վերաբերյալ ծավալուն քննարկումներ են տեղի ունեցել: Վերջինիս համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունները կապահովեն տեղեկատվության հասանելիությունը: 
  
Պատգամավորների հարցերը վերաբերել են ջրային տնտեսության ոլորտի կառավարման համակարգին, չարաշահումներին եւ առաջիկա ծրագրերին: 
  
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: 
  
Խորհրդարանը քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ` ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է հիմնական զեկուցող ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը: Ըստ բանախոսի՝ նշված արձանագրության հիմք է հանդիսացել ԵՏՄ պայմանագիրը, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը: Հեղինակի ներկայացմամբ՝ որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես հստակեցվել են սուրհանդակափոստային ծառայության միջեւ կապը եւ բեռների անձեռնմխելիության իրավակարգավորումները: 
  
Նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի կողմից: Հարակից զեկուցող պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, կոչ է արել կողմ քվեարկել: 
  
ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նաեւ «Ռազմական համագործակցության մասին ՀՀ եւ Լիբանանի Հանրապետության միջեւե համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ հիմնական զեկուցողը նշել է, որ Հայաստանը Լիբանանի հետ համագործակցության հեռանկարանային մի շարք ծրագրեր ունի, իսկ նախագծի ընդունումը հնարավորություն կտա առկա կապերն ու շփումներն առավել առարկայական դարձնելու:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սողոմոն Սողոմոնյանը:

Քննարկվել են աշխատող քաղաքացիների շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է վերոնշյալ օրենքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ պետական ծառայողն ունի ամենամյա նվազագույն եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք: Պետական ծառայողի ամենամյա արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տեւողությունը` չորս աշխատանքային օր:

Հեղինակի տեղեկացմամբ՝ աշխատանքային օրենսդրությունը, մասնավորապես ամենամյա արձակուրդին վերաբերող դրույթները տարածվում են խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայություն իրականացնողների նկատմամբ, սակայն լրացուցիչ արձակուրդի մասով կիրառվում է խտրական մոտեցում: Ուստի, հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ նպատակահարմար է համարվել, որ «ՀՀ  Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկել համապատասխան փոփոխություններ՝ Աժ աշխատակազմում պետական ծառայողների հանդեպ առկա անարդարությունը վերացնելու համար:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը: Ելնելով հարցի հրատապությունից՝ նա առաջարկել է օրինագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի տեղեկացմամբ՝ գործադիրը կողմ է արտահայտվել նախագծին:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը  միտված է պայմանագրային հիմունքներով աշխատանքի ընդունվող քաղաքացիների շահերի պաշտպանությանը: Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղեկալ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ կառավարության դրական դիրքորոշումը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: Ըստ փոխնախարարի՝ հանձնաժողովի նիստում ընդունվել են գործադրի ներկայացրած 3 առաջարկը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Սերգեյ Բագրատյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասինե օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում կարգելվի մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Սերգեյ Բագրատյանի տեղեկացմամբ՝ մերսման սրահների գործունեության թուլտվությունը տրամադրելու իրավունքը կվերապահվի համայնքի ղեկավարին, իսկ Երեւանում՝ Երեւանի քաղաքապետին:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի հեղինակած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Խորհրդարանը կշարունակի հերթական նիստերի աշխատանքը սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10-ին:
 


09.09.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ԵԱՀԿ նախագահության «Անվտանգության ոլորտի կառավարում եւ բարեփոխումներ» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու համար  2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) կգործուղվի  ՀՀ ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 69-րդ նստաշրջանի շրջանակն...

09.09.2019
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հավատարմագրերը կարող են ստանալ սեպտեմբերի 10-ից
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան մուտք) սեպտեմբերի 10-12-ը` ժամը 09:00-11:30: Տեղեկացնենք նաեւ, որ սեպտեմբերի 10-ից գործելու են ...

09.09.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Մամուլի ազատությանը եւ լրագրողների պաշտպանությանը նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 8-12-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Աննա Կոստանյան...