Տպել
14.09.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը եւ Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Պիեր Ուզալիասը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին` այս օրերին Արցախ գնալու սկզբունքայնության համար` նշելով, որ մեզ համար չափազանց կարեւոր է այս աջակցությունը:

Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը եւ պատգամավորները կիսվել են Արցախից ստացած տպավորություններով:

Գի Տեսիենը նշել է, որ իրենց համար կարեւոր է տեղում տեսնել, թե ինչպես է ապրում Արցախի ժողովուրդը: «Մեզ համար կարեւոր էր տեսնել այս փոքրիկ երկրի առաջընթացը: Մարդկանց հետ խոսելիս վկայություններ ստացանք, որ նրանք ուզում են խաղաղ ապրել իրենց հողի վրա՝ ամուր սահմաններով եւ նույնիսկ դրա համար պատրաստ են մեռնել: Եւ սա մեզ համար լսելի է, ամբողջովին ընկալելի է»,- ասել է Տեսիենը:

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները նշել են, որ անկախ Բաքվի սպառնալիքներից` շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին եւ հույս ունեն, որ Արցախը միջազգայնորեն կճանաչվի:

Գի Տեսիենը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարն ու ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսել են խորհրդարանական համագործակցությունն ավելի խորացնելու եւ ԵԱՀԿ-ում համագործակցության մասին:

Մտքերի փոխանակության ժամանակ ֆրանսիացի պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին: