Տպել
19.09.2019
Մշտական հանձնաժողովում քննարկվել են անտառների պահպանմանն ու վերականգնմանն առնչվող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է անտառների պահպանության եւ անտառտնտեսությանն առնչվող հարցեր:

2005 թվականին ընդունված «Անտառային օրենսգրքով» կարգավորվում են հանրապետության անտառների եւ անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման եւ արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության եւ անտառային հողերի հետ կապված հարաբերությունները:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրել է ոլորտի առջեւ ծառացած խնդիրները, զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: Ըստ նրա՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանը պարտավորվել է  մինչեւ 2050 թվականն անտառների մակերեսը հասցնել 20,1 տոկոս: Ներկայում միջազգային գործընկերների հետ քննարկվում է համապատասխան ուսումնասիրությունների իրականացումը, որոնց շրջանակում  գնահատվելու են այն տարածքները, որոնք անտառապատվելու են, հաշվառվելու են գյուղատնտեսությանը վնաս չպատճառող հողակտորները, գույքագրվելու է յուրաքանչյուր խնդիր, կկազմվի աշխատանքային հստակ ժամանակացույց: Ըստ այդմ՝ առաջիկա 5 տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի զարկ տալ ժամանակակից տնկարանային տնտեսությունների զարգացմանը: Փոխնախարարը կարեւորել է բարձրագույն կրթությամբ մասնագետներ ունենալու հարցը: «Նշված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կլինեն ավելի շատ մասնագետներ, այդ թվում համապատասխան բարձրագույն կրթությամբ: Անտառի հետ ամենաշատն  առնչվող անտառապահները պետք է դառնան անտառի վերաբերյալ առաջնային տեղեկատվության աղբյուրներ»,- նշել է Վարդան Մելիքյանը:

Կարեւոր է համարվել բնագավառի գործող օրենսդրության բարեփոխումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ թեեւ ,Անտառային օրենսգրքիե պահանջ է, սակայն վերջին 15-20 տարվա ընթացքում անտառը դուրս է մնացել պետական հոգածությունից: Առաջիկայում կմշակվի «Անտառային ազգային ծրագիրը», ինչը հնարավորություն կտա ոլորտում իրականացնել համապարփակ լուծումներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ապօրինի անտառահատումներին: Նշվել է, որ մի շարք տարածքներում տեղակայվել են ոստիկանական հենակետեր, որոնք իրականացնում են շուրջօրյա վերահսկողություն: Ապօրենի վառելափայտի առաջարկի կրճատման արդյունքում որոշ տեղերում վառելափայտի գները բարձրացել են` մեկ խորանարդ մետրի գինը հասնում է մինչեւ 30 հազար դրամի: Հաշվի առնելով, որ առջեւում ձմեռ է` մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է սոցիալապես անապահով խավի համար նվազեցնել վառելափայտի գինը: Փոխնախարարի հավաստմամբ` նրանց տրվում է մինչեւ 8 խորանարդ մետր թափուկ: Անտառածածկ տարածքների պահպանման գործում Վարազդատ Կարապետյանը նաեւ առաջարկել է սահմանափակել արդյունաբերական նպատակով անտառանյութի օգտագործումը:

Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորները բարձրացրել են բազմաթիվ հարցեր: Բնագավառին վերաբերող քննարկումները կլինեն շարունակական:
 


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...