Տպել
19.09.2019
Քննարկվել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 19-ի արտահերթ նիստում քննարկել է կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 
  
Ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ օրինագիծը վերաբերում է ավելացված արժեքի հարկի գծով՝ 2017 թվականի հուլիսի 1-ին նախորդող ժամանակաշրջանում առաջացած պարտքերի վերադարձին: Բանախոսի ներկայացմամբ՝ 2018 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի ընդունմամբ՝ տարանջատում է մտցվել ԱԱՀ-ի դեբետների միջեւ. դրանք  դասակարգվել են 2 մասի՝ հին եւ նոր: 2017 թվականի հուլիսի 1-ից հետո առաջացած ԱԱՀ դեբետները հարկ վճարողի դիմումի հիման վրա հետ են վերադարձվում: Կառավարության որոշմամբ մշակվել է վերադարձի ուսումնասիրման եւ հավաստիացման կարգ, մինչեւ 20 մլն դրամ ԱԱՀ դեբետների համար նախատեսվել է պարզեցված ընթացակարգ: Առաջարկվող փոփոխությամբ վերացվում է հին ու նոր դեբետների միջեւ անջրպետը, եւ ընդհանուր բոլոր ԱԱՀ դեբետները ենթակա են հետ վերադարձման: 
  
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեբետների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 56 մլրդ դրամ, ըստ առաջարկվող նախագծի, մինչեւ 5 մլն ԱԱՀ դեբետային գումար ունեցողներին մեխանիկորեն հետ է վերադարձվելու գումարը, իսկ 5 միլիոնից մինչեւ 40 մլն դեբետային գումար ունեցողների դեպքում կիրառվելու է պարզեցված ընթացակարգ: 
  
Նախագծի ընդունմամբ կվերանայվի  նաեւ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը: 
  
Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորելով նախագծում առաջարկված փոփոխությունները՝ ընդգծել են պետության՝ ԱԱՀ գծով դեբետային պարտքերի հետ վերադարձման պատրաստակամությունը: 
  
Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: