Տպել
25.09.2019
Ներկայացվել են «Մեդիայի ազատության» թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովի արդյունքները
1 / 1

Սեպտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը մանրամասներ են ներկայացրել սեպտեմբերի 9-11-ը Լոնդոնում «Մեդիայի ազատության» թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովին՝ իրենց եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի մասնակցության վերաբերյալ:

Աշխատաժողովում քննարկվել են լրագրողների անվտանգությանը, կեղծ լուրերի տարածմանը վերաբերող հարցեր, որոնք, ըստ Գայանե Աբրահամյանի, ողջ աշխարհի կողմից որակվում են որպես ազգային եւ պետական անվտանգության ու ժողովրդավարության դեմ ուղղված խնդիրներ:

Միջոցառման ընթացքում մտահոգիչ է համարվել աշխարհում լրագրողների պաշտպանության հարցը. ընդգծվել է, որ 2018 թվականին կրկնապատկվել են վերջիններիս հանդեպ տեղի ունեցող բռնությունները: Որպես ամենասարսափելի դեպք՝ բարձրաձայնվել է Հրանտ Դինքի սպանությունը՝ այն որակվելով ոչ թե լրագրողի աշխատանքի խոչընդոտման եւ լրագրողի դեմ ուղղված սպանություն, այլ ազգային խտրականություն:

Բանախոսի խոսքով՝ համաժողովում նշվել է, որ ամենից շատ ազատազրկման ենթարկված լրագրողներ կան Ադրբեջանում, Թուրքիայում, Հունգարիայում եւ Ռուսաստանում:

Ըստ Գայանե Աբրահամյանի՝ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության բրիտանական բյուրոյի տնօրեն Ռեբեկա Վինսենթը շեշտել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մեդիայի եւ խոսքի ազատության բնագավառում:

Քննարկումներ են եղել նաեւ կեղծ լուրերի տարածմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Աննա Կոստանյանը ներկայացրել է միջոցառման գաղափարախոսությունը. այն է՝ 13 երկրների կողմից ներկայացված պատվիրակությունները՝ յուրաքանչյուրն իր պետությունում, պետք է ձեռնամուխ լինի լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենքի նախագծի ստեղծմանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներն առանձին հանդիպում-քննարկումներ են ունեցել նաեւ տարբեր երկրների խորհրդարանականների հետ, որոնց ընթացքում ձեռք են բերվել  մի շարք պայմանավորվածություններ: Աննա Կոստանյանի տեղեկացմամբ՝ Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Երեւան-Լոնդոն ուղիղ չվերթի վերականգնման հարցը: Այս համատեքստում բրիտանացի խորհրդարանականները կարեւորել են ուղիղ չվերթ ունենալու անհրաժեշտությունը թե՛ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման, թե՛ երկու երկրների միջեւ մշակութային փորձառության փոխանակման տեսանկյունից:

Աննա Կոստանյանը կարեւոր է համարել Հայաստանի՝ Եվրոպայի կողմից ստեղծված Գրաքննության ցուցանիշ հարթակին միանալը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...