Տպել
27.09.2019
Շարունակվել են Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Վրաստանում
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի կայուն զարգացման եւ էկոնոմիկայի նախարարության «Enterprise Georgia» գրասենյակի ղեկավար Միխեիլ Խիդուրելիի հետ: Վերջինս հայ խորհրդարանականներին ներկայացրել է Վրաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը, ներդրումների խրախուսմանը, արտահանմանն ուղղված ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով կիսվել փորձով:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարարության համատեղ օպերատիվ բաժանմունքի ղեկավար Գիորգի Արսոշվիլիի հետ, ով ԱԺ պատգամավորներին ծանոթացրել է տվյալ բաժանմունքի աշխատանքներին, ներդրվող եւ իրականացվելիք նորարարական ծրագրերին:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլիի հետ: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը, մտքեր փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել միջազգային խորհրդարանական հարթակներում սերտ համագործակցություն ծավալելու կապակցությամբ: Խորհրդարանների փոխնախագահները եւս մեկ անգամ ընդգծել են, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները շարունակելու են իրենց վերընթաց ուղին՝ անկախ աշխարհաքաղաքական վայրիվերումներից եւ զարգացումներից: