ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբի անդամները հոկտեմբերի 7-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրի եւ Ջուդի Չուի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարեւոր գործընկերներից է: ՀՀ ԱԺ բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ հայ-ամերիկյան կապերի օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական փոխգործակցությունը:
Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում զրուցակիցներն արժեւորել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի դերակատարությունը:
Լիլիթ Մակունցը կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ընթացող ժողովրդավարական փոփոխություններն աջակցություն են գտնում Միացյալ Նահանգներում:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար եւ նշել են, որ ցանկանում են համագործակցել բոլոր որոլտներում:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղի ունեցող ոլորտային բարեփոխումների եւ Միացյալ Նահանգների կողմից դրանց աջակցմանն ուղղված հարցերի մասին: