Տպել
25.10.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ
1 / 4

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ:

Շնորհավորելով Ավստրիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նոր խորհրդարանը կշարունակի ամրապնդել եւ խորացնել ՀՀ Ազգային ժողովի հետ բարեկամական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացմանը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Ավստրիայի նորընտիր խորհրդարանը այն կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում, ինչին ի պատասխան Վոլֆգանգ Սոբոտկան հավաստիացրել է, որ որեւէ խոչընդոտ գոյություն չունի այն վավերացնելու համար:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումներին Եվրոպական երկրների կողմից սատարելու լավագույն ցուցանիշը կարող է լինել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ավստրիան իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում:

Կողմերն ընդգծել են համագործակցության սերտացման անհրաժեշտությունը միջազգային միջխորհրդարանական, մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԽԽՎ հարթակներում՝ միմյանց համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Վոլֆգանգ Սոբոտկան առաջարկել է հաջորդ տարի օգոստոսին Վիեննայում կայանալիք Միջխորհրդարանական միության խոսնակների համաժողովի շրջանակում անցկացնել երկկողմ ձեւաչափով հանդիպում եւ քննարկել օրակարգային հարցերը: 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...