Տպել
31.10.2019
Կարեւորվել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզայի ազատականացման ռեժիմ ունենալու հարցը
1 / 3

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Արմեն Խաչատրյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, արձանագրել մի շարք ոլորտներում փոխգործակցության ակտիվացման դինամիկան, կարեւորել խորհրդարանական ձեւաչափով գործակցության խորացումը:

Կողմերը խոսել են նաեւ երկու երկրների միջեւ վիզայի ազատականացման ռեժիմ ունենալու հարցի մասին: Ըստ Լիլիթ Մակունցի՝ նախագիծն առաջիկայում կներկայացվի ՀՀ Ազգային ժողով, ինչի վերաբերյալ խմբակցության տրամադրվածությունը դրական է՝ հատկապես այն դեպքում, երբ երկու Կառավարությունների միջեւ առկա է հստակ պայմանավորվածություն:

Դեսպանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին Չինաստանից Հայաստան այցելուների քանակը կազմել է մոտավորապես 9 հազար, իսկ 2019 թ.-ին՝ այդ թիվը հասել է 14 հազարի: Թիան Էրլունը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի չինացի զբոսաշրջիկների թիվն ավելի կավելանա:

Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ կրթության եւ մշակույթի ոլորտներում նկատվում է ակտիվ  համագործակցություն: Կարեւորվել է նաեւ տնտեսական բնագավառում փոխգործակցության զարգացումը, ինչի հարցում դեսպանատունը սերտորեն կհամագործակցի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների հետ: