Տպել
06.11.2019
Քննարկվել են հարկային ոլորտին առնչվող օրինագծեր
1 / 7

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Առաջարկվում է ներմուծվող ռազմական նշանակության ապրանքատեսակներն ու այս ոլորտում մատուցվող ծառայությունները եւ կատարվող աշխատանքներն ազատել ԱԱՀ-ից։ Կառավարության եզրակացությունը դրական չէր։ Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ գործող օրենսդրությունը կարգավորում է բարձրացված խնդիրները։ Քննարկման արդյունքում օրինագիծը ստացել է բացասական եզրակացություն։

Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցնության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը նշել է, որ 2020թ- հունվարի մեկից ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ մի շարք ոլորտների վերաբերող միասնական մաքսատուրքերը։ Նրա հավաստմամբ կբարձրանան ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը։ Նախագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից ներկրված 3-5 տարվա մաշվածության մեքենաների ԱԱՀ-ն հաշվարկել 10տոկոս դրույքաչափով, իսկ 5-10 տարվա մաշվածություն ունեցող մեքենաներինը՝ 5 տոկոս։

Կառավարության եզրակացությունը բացասական էր։ ՀՀ ֆինանսների փոխնախարարը փաստել է, որ նախագիծը հակասում ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված պարտավորություններին։ Մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է հետաձգել հարցի քվեարկությունը՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով։

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նույնանուն «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Մանե Թանդիլյանի հավաստմամբ՝ փորձ է արվում կարգավորել անշարժ եւ շարժական գույքի գրավի ապահովագրության ժամանակ առաջացող վարկային կազմակերպություն-վարկառու փոխհարաբերությունները։ Կառավարության եզրակացությունը դրական չէր։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» եւ «Ապահովագրության մասին» օրենքում։ Քննարկման արդյունքում Բաբկեն Թունյանն առաջարկել է հարցն ընդունել առաջին ընթերցմամբ, ապա լրամշակել։ Պատգամավորները նախագծին տվել են դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Անշարժ գույքի ցանկից երեք կազմակերպություն հանելու վերաբերյալ կառավարության եւ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագծերին։ Հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումները։