Տպել
06.11.2019
Քննարկում` «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով
1 / 11

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում, որը նախագահել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, գիտնականներ, գիտահետազոտական ինստիտուտների գիտաշխատողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք:

Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով քննարկման օրակարգը, նշել է, որ Հայաստանում գիտության ոլորտի թռիչքային զարգացման համար ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն է տեսնում: «Հայաստանում գիտությունը ոչ բավարար չափով է ֆինանսավորվել ժամանակի ընթացքում: Թե՛ ֆունդամենտալ, թե՛ կիրառական գիտություններում հիմնականում իրականացվել է ծրագրային ֆինանսավորում: Սակայն հայտնի փաստ է, որ երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու, մոտիվացնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում»,-ասել է նա: Պատգամավորի խոսքով՝ աշխատավարձերը պետք է բարձր լինեն, որպեսզի երիտասարդները ցանկություն ունենան զբաղվել գիտությամբ:

Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ գիտնականները պետք է կարողանան հստակ մատնանշել, թե Հայաստանում ինչու եւ որքանով է պետք ավելացնել ոլորտի ֆինանսավորումը:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, անդրադառնալով գիտության ոլորտի ֆինանսական հատկացումներին, նախ պատմական ակնարկ է կատարել եւ նշել, որ գրեթե 30 տարի ֆինանսավորումն անփոփոխ է, այն կազմում է բյուջեի  1,2 տոկոսը: Հատկացված ֆինանսական միջոցների 75 տոկոսը, ըստ Ռադիկ Մարտիրոսյանի, աշխատավարձերն են, իսկ մնացած 25 տոկոսը՝ այլ ծախսերը, որը չի բավարարում անգամ շենքերի պահպանմանը: Անդրադառնալով գիտնականների աշխատավարձի չափին՝ բանախոսը տեղեկացրել է, որ նրանց 2/3-ը, ըստ նախնական հաշվարկների, ստանալու է նվազագույն աշխատավարձ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, համեմատելով Խորհրդային միության տարիներին գրանցված գիտնականների թիվը 2019 թ-ի հետ, նշել է, որ  նշյալ ժամանակահատվածում ավելի քան 30.000 գիտության ոլորտի աշխատակիցներ են եղել, որոնց  ֆինանսավորման ցուցանիշը հստակ չէ, բայց գնահատվում է 400 միլիոն ռուբլի: 2019 թ-ին գիտությունների ոլորտում գրանցված է 6056 աշխատակից, որոնցից գիտաշխատող է 4950-ը, իսկ նրանցից  28,2 տոկոսը 65 տարեկանից բարձր են, գիտական աստիճաններ ունեն 2500-ը, իսկ դոկտորի գիտական աստիճաններ՝ 910-ը:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի համակարգող Արթուր Իշխանյանն իր ելույթում նշել է, որ գիտությունը գտնվում է կոմայի մեջ եւ գնում է դեպի մահվան: Բանախոսն ընդգծել է, որ անկախացումից ի վեր նվազագույն պայմաններ են եղել գիտնականների համար, ինչի արդյունքում գիտաշխատողների թվի նվազում է արձանագրվել:

Արթուր Իշխանյանը շեշտել է, որ իրենց խումբն առաջարկներ ներկայացնելու փոխարեն պահանջում է բարձրացնել գիտնականների ֆինանսական հատկացումները:

Այնուհետեւ քննարկման մասնակիցներն ուղղել են հարցեր, որոնք  մասնավորապես վերաբերել են գրադարանների ցանցերը համալրելուն, միջազգային համագործակցություններին, գիտությանը ֆինանսավորող մասնավոր ընկերություններին հարկային արտոնություններ տալուն, սարքեր-սարքավորումներ ներկրելուց մաքսային արտոնություններ սահմանելուն: Գիտնականները հանդես են եկել նաեւ բազմաթիվ առաջարկներով:

Քննարկման ընթացքում Հայաստանի սահմաններից դուրս ապրող գիտնականներին եւս հնարավորություն է տրվել տեսակապի միջոցով հարցեր ուղղել ոլորտի պատասխանատուներին եւ ներկայացնել առաջարկներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հորդորել է գիտնականներին գրավոր հիմնավորումներ ներկայացնել եւ պատրաստակամություն է հայտնել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին առաջարկ ներկայացնել՝ կրկնապատկելու ոլորտի ֆինանսական հատկացումները: Պատգամավորը շեշտել է, որ գիտնականները դրական արդյունք կարող են գրանցել՝ պետության մշակած ռազմավարության հիման վրա եւ պետության հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Երիտասարդ գիտնականները բարձրաձայնել են, որ արդեն մի քանի տարի է ինչ չի գործում «Երիտասարդ գիտնականներին աջակցության» ծրագիրը եւ հորդորել պատգամավորներին հետամուտ լինել այդ ծրագրի վերագործարկման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ամփոփելով քննարկումը, շնորհակալություն է հայտնել քննադատությունների եւ առաջարկների համար՝ նշելով, որ միասնական ջանքերով փորձելու է հասնել ցանկալի արդյունքի: «Ինձ համար գիտության  ֆինանսավորումն ու դրա ավելացումն առաջնային է, բոլոր ջանքերն ուղղելու եմ այդ ուղղությամբ»,- ընդգծել է պատգամավորը: