Տպել
15.11.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 16

Նոյեմբերի 15-ի նիստում Ազգային ժողովը շարունակել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ ու առաջարկներ են ներկայացրել պատգամավորները, արտահերթ ելույթներ են ունեցել Կառավարության ներկայացուցիչները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ 2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացել են մոտ 122 տոկոսով՝ հասնելով 6.3 մլրդ դրամի: Գումարի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով Հայաստանի պաշտպանական կարիքները եւ հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները: Խոսելով արտահանման խթանման մասին՝ զեկուցողը նշել է, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է տեխնոլոգիական ընկերությունների ապրանքների եւ ծառայությունների միջազգայնացումը. այս նպատակով նախարարությունը նախատեսում է հատկացնել 425 մլն դրամ՝ միջազգային ցուցահանդեսներին հայկական միասնական տաղավարով մասնակցելու, ինչպես նաեւ Հայաստանում միջազգային ցուցահանդեսների կազմակերպման աջակցության նպատակով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը անդրադարձել է բնապահպանական ոլորտի ֆինանսավորմանը, խոսել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի, ընդերքօգտագործման թափոնների գույքագրման,  ջրօգտագործման թույլտվություններին մասին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ նախագծով նախարարությանը նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 184 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 2.5 մլրդ դրամով: Բանախոսը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվելիք ծրագրերը եւ միջոցառումները: Ֆելիքս Ցոլակյանի գնահատմամբ՝ աղետների հետեւանք վերացնելն ավելի թանկ է արժենում պետության համար, քան դրա կանխարգելումը: Ուստի, ըստ նախարարի,  հարկավոր է բյուջեով լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել առաջնահերթ կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համար:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել նախագծի վերաբերյալ մի քանի օր ընթացող շահագրգիռ քննարկումների համար: Նա անդրադարձել է պագամավորների հարցադրումներին, տվել սպառիչ պատասխաններ:

Երկրի գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Մանե Թանդիլյանը: Լիարժեք օգտագործելով խորհրդարանի վերահսկողական գործառույթը՝ պատգամավորը հորդորել է Կառավարությանը փոխել օրենքի նախագիծը ու չխախտել Բյուջետային համակարգի մասին օրենքը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ խմբակցությունը չի կիսում ներկայացված բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը եւ դեմ է քվեարկելու  նախագծին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Բաբկեն Թունյանը: Նա անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած քննադատություններին: Բաբկեն Թունյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի տնտեսական աճն ավելի բարձր է լինելու, քան նախատեսված 4.9 տոկոսն է: Ըստ պատգամավորի՝ տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ցուցանիշներն են, այլեւ կառավարման այն որակը կամ տնտեսվարողների վարքագիծը, որի սկիզբն արդեն դրվել է 1.5 տարի առաջ: Բաբկեն Թունյանը կոչ է արել կողմ քվեարկել:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, մեջբերումներ անելով նախագծից, նշել է, որ 2020 թվականին նախատեսվող պետական բյուջեի եկամուտները՝ 1.7 տրիլիոն դրամ է, մինչդեռ 2017թ.-ին՝ 1.2 տրիլիոն, իսկ 2018-ին՝1.3 տրիլիոն: Ստացվում է, որ միայն եկամուտների մասով առկա է 500 մլրդ դրամի տարբերություն, ինչը, ըստ ԱԺ նախագահի, վկայությունն է այն բանի, որ ՀՀ քաղաքացիները մասնակցում են երկրի տնտեսությանը, հավատում են տնտեսական աճին, պետությանը եւ պետական ինստիտուտներին: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ միայն վարչարարության բարելավամամբ հնարավոր չէ ապահովել եկամուտների նման աճ: Արարատ Միրզոյանի խոսքով՝ Կառավարությունը պետք է շարունակի ավելացնել սոցիալական ծախսերը եւ երկարաժամկետ ներդրումները: ԱԺ նախագահն անդրադարձել է նախորդ տարիների համեմատ մի շարք ոլորտներում հատկացումների ավելացմանը:

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, ոչ 2020 թվականի պետական բյուջեն հեղափոխական է եւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլեւ շարունակում է նոր թափ հավաքել :

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

ԱԺ նախագահը հայտարարել է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով եւ նշել, որ պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ Մանե Թանդիլյանի՝ փորձ է արվում կարգավորել անշարժ եւ շարժական գույքի գրավի ապահովագրության ժամանակ առաջացող վարկային կազմակերպություն-վարկառու փոխհարաբերությունները:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Կառավարության եզրակացությունը դրական չէր: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» եւ «Ապահովագրության մասինե օրենքում»

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին:


15.11.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել կատարած այցերի վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Գայանե Աբրահամյանը նոյեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել Չեխիա, Ուկրաինա  եւ Շվեդիա կատարած այցերի վերաբերյալ: Պատգամավորը նշել է, որ հոկտեմբերի 13-ից 15-ը  մասնակցել է Պրահայում  կայացած «Ֆորում 2000» հայտնի համաժողովին, որը...

15.11.2019
Խորհրդարան են այցելել մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպել  եւ «Բաց դաս» է անցկացրել  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը: Հա...