Տպել
19.11.2019
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակել ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է օրենսգրքում ամրագրել, որ մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

Նախագծի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ գործող իրավակարգավորման համաձայն՝ գործատուն բացատրություն կարող է պահանջել նաեւ բանավոր կերպով, հետեւաբար նշված փաստն ապացուցելու համար, որպես թույլատրելի ապացույց, կարող է հանդիսանալ ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր ապացույցը, օրինակ՝ վկայի ցուցմունքը: Օրենսդրական նման կարգավորումը, ըստ բանախոսի, հաճախ չարաշահումների տեղիք է տալիս եւ անորոշության պատճառ հանդիսանում, ուստի առաջարկվում է սահմանել միայն գրավոր բացատրագրի պահանջը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարեն Սարուխանյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են նախագծի կարեւորությանը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ գործատուները հիմնականում նախընտրում են բանավոր կերպով պահանջել բացատրագիր, ինչն էլ դատարանում հնարավոր չի լինում ապացուցել: Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ նախագծով հստակեցվում է գործատուի կողմից բացատրություն պահանջելու եղանակը:

Սերգեյ Բագրատյանը նշել է, որ նախագիծը մեկ քայլ առաջ է՝ աշխատողների իրավունքները պաշտպանելու, հանիրավի աշխատանքից չազատելու տեսանկյունից:  Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում անդրադառնալով նախագծին՝ ընդգծել է, որ այն միտված է շփոթմունքը վերացնելուն: Սուրեն Գրիգորյանն իր ելույթում տեղեկացրել է, որ հանդես է գալու տեխնիկական բնույթի առաջարկով՝ բացատրագիր պահանջելու ժամկետի վերաբերյալ:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է համապատասխան տեսչական մարմնին տալ սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու հնարավորություն:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերահսկողության լիազորությունը նախկինում իրականացվել է ԱՆ առողջապահության պետական տեսչության կողմից: Ներկայում վերահսկողական գործառույթը վերապահված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, սակայն   որեւէ օրենքով ամրագրված չէ սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորությունը: Հետեւաբար, առաջացել է նշված լիազորությունն օրենսդրորեն սահմանելու անհրաժեշտություն:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարինե Պողոսյանը:

Կառավարության հեղինակած «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախատեսվում է կատարել երեք փոփոխություն. սահմանել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը, նախատեսել առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներ, երկարաձգել դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը՝ տեղեկացնելով, որ հանձնաժողովի անդամները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք չեն ընդունվել հիմնական զեկուցողի կողմից:

Ելույթներ են ունեցել պատգամավորները:

Քրիստինե Պողոսյանը բացասական կարծիք է հայտնել առաջարկվող նախագծի այն դրույթի վերաբերյալ, որով նախատեսվում է հանրային իրազեկում իրականացնել դեղատոմսով բացթողնվող դեղերի վերաբերյալ:  Լուսինե Բադայլանն իր ելույթում եւս անդրադարձել է նախագծի վերոնշյալ դրույթին՝ համարելով, որ այդտեղ առկա է կոռուպցիոն ռիսկ եւ նշել, որ հանձնաժողովում առաջարկվել է հանել այդ դյութը, ինչը չի ընդունվել:  Գուրգեն Բաղդասարյանը եւս անդրադարձ է կատարել նախագծի նշյալ դրույթին` այն համարելով հակամրցակցային:  Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ինքը հանձնաժողովի միակ անդամն է եղել, ով կողմ է քվեարկել նախագծին: Պատգամավորն ի տարբերություն իր գործընկերների` նախագիծը ռիսկային չի համարում: Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով` առողջապահական լիազոր մարմնին պետք է տրվի հնարավորություն քաղաքացիներին իրազեկել դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի կարծիքով` իրազեկումը պետք է կատարել բժիշկների համար, ոչ թե քաղաքացիների: Պատգամավորը նշել է, որ պետք է գովազդել հիվանդության դեմ պատվասվտելու անհրաժեշությունը, ոչ թե պատվաստանյութը:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի բացասական եզրակացությունը վերաբերել է միայն դեղերի գովազդելու դրույթին, իսկ մնացած կարգավորումների վերաբերյալ եղել են ընդամենը տեխնիկական բնույթի առաջարկներ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է բարձրացրած հարցադրումներին:

Խորհրդարանը քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը, որի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով՝ Դանիայի Թագավորությունում եւ Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի խոսքով՝ եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները ԵՄ քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Դանիայի Թագավորության համապատասխան քաղաքացիների նկատմամբ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Միքայել Զոլյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» նախագիծը, որով առաջարկվում է նշյալ անձանց՝ որոնց թիվը 59 է,  ամբողջությամբ փոխհատուցել կոմունալ վճարները:

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի՝ նախագիծն ուժի մեջ է մտնելու 2020թ-ի հունվարի մեկից եւ նախատեսվում է մեկ բնակչի հաշվարկով տարեկան տրամադրել 144 հազ. դրամ, իսկ  59 բնակչի հաշվարկով՝ 8,496, 000 դրամ:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սրբուհի Գրիգորյանը:

Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ:

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, մասնակցելու, ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ նախագծով  նաեւ առաջարկվում է սահմանել «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» (այդպիսի անձ կարող է համարվել, օրինակ, քրեական հեղինակությունը, «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը) հասկացությունները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նազելի Բաղդասարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, կարեւորել է նախագծի  անհրաժեշտությունը:  Արտյոմ Ծառուկյանի խոսքով՝ նախագծով հստակ չեն սահմանվում ձեւակերպումները, մասնավորապես, թե ինչ է նշանակում «քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը»:  Տարոն Սիմոնյանը գտնում է, որ խնդիրը բազմաշերտ է: Նա տեղեկացրել է, որ վերջին 3 տարվա ընթացքում հանցավոր համագործակցությամբ հարուցվել է 2 քրեական գործ եւ դրանք տրամաբանական ավարտին չեն հասցվել: Պատգամավորի կարծիքով նախագիծը թերի է:  Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում կարեւորել է նախագծի ընդունումը եւ նշել, որ նոր Հայաստանում նման մարդիկ, նման խմբավորումները մերժված են:  Հովիկ Աղազարյանը եւս, կարեւորելով նախագիծը, քրեական հեղինակություններին համեմատել է հիվանդության հետ եւ առաջարկել դրանք բուժել:  Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ իրենց խմբակցության դիրքորոշումն է պատիժ սահմանել բացառությամբ արարքի համար:  Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ ունի մի շարք առաջարկներ եւ ընդգծել, որ այն ունի իրավակարգավորումների խնդիր:  Սուրեն Գրիգորյանը համամիտ չէ հնչեցրած այն մտքերի հետ, որ նախագիծը հստակեցման կարիք ունի: Ըստ նրա՝ սահմանումերն առավել քան հստակ են:  Ռուբեն Ռուբինյանը կողմ է արտահայտվել օրինագծի ընդունմանը եւ ընդգծել դրա կարեւորությունը:  Հայկ Կոնջորյանի խոսքով՝ ՀՀ-ում պետք է տիրի միմիայն օրենքի գերակայությունը եւ ենթամշակույթները տեղ չունեն:  Արման Բաբաջանյանի կարծիքով՝ այս օրենքը պետք է ստանա անվերապահ աջակցություն:  Վիկտոր Ենգիբարյանը եւս կողմ է արտահայտվել օրինագծի ընդունմանը եւ ընդգծել, որ ՀՀ-ում որեւէ սուբյեկտ չպետք է ավելի բարձր լինի, քան օրենքը:  Արփինե Դավոյանն իր ելույթում անդրադարձել է «ենթամշակույթ» բառի սահմանմանը: Պատգամավորի կարծիքով՝ ներկայացված օրենքը կանխարգելիչ եւ բուժիչ պետք է լինի հասարակության համար:  Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է նախագծի անհրաժեշտությունը:   Տիգրան Ուլիխանյանն արժեւորել է նախագիծն առաջին հերթին որպես ուղերձ: Նա շեշտել է, որ այսուհետ պետությունը դադարելու է սնել այդ ենթամշակույթը:

ՀՀ ԱԺ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ այս ենթամշակույթի ձեւավորումը պետականության բազմադարյա անկման բացակայության արդունք է: Ըստ նրա՝ անկախ պետականության, հատկապես հետհեղափոխության ժամանակաշրջանում կարեւոր է  ունենալ ամուր պետական ինստիտուտ, դատական համակարգ, ունենալ իրավիճակ, երբ պետությունում չկա զուգահեռ իշխանություն: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրինագիծն ունի կարեւոր կանխարգելիչ նշանակություն:

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անդրադարձել է այդ ենթամշակույթի ազդեցությանը ՀՀ զինված ուժերում եւ դրա թողած ողբերգական հետեւանքներին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ նախորդ տարվա Թավշյա հեղափոխությունը հող է նախապատրաստել տնտեսական, մշակութային եւ արժեքների  հեղափոխության համար: Նա նախագիծը դիտարկում է հենց արժեքների, արժեհամակարգերի հեղափոխության համատեքստում:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Տարոն Սիմոնյանը: Պատգամավորի կարծիքով՝ միայն օրենսդրական նախագծով հնարավոր չէ պայքարել ենթամշակույթի դեմ: Պայքարը պետք է սկսել կրթական հաստատություներից: Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստան»-ը դեմ չէ օրենսդրական նախաձեռնությանը, սակայն կան բացթողումներ՝ իրավական կարգավորումների առումով, որոնք շտկելու անհրաժեշտություն կա:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշել է, որ տարիներ շարունակ արմատավորված արատը քայքայել է հասարակության հիմքը եւ դա պետք է վերացնել:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է բարձրացրած հարցադրումներին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության  հեղինակած մեկ այլ՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերացնել մի շարք հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը:

ՀՀ արդարադատության նախարարի խոսքով՝ քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ եւ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սուրեն Գրիգորյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանն իր ելույթում անդրադառնալով ներկայացված օրինագծի կարեւորությանը՝ նշել է, որ հեղափոխության տրամաբանությունը հուշում է կողմ քվեարկել նախագծին՝ կոռուպցիոն շղթաները բացահայտելու նպատակով:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արկադի Խաչատրյանը: Պատգամավորն անդրադարձել է բանկային գաղտնիքի ինտիտուտին ու դրա գործունեության արդյունավետությանը: Ըստ նրա՝ նախագիծը քրեական գործով մեղադրյալ կամ կասկածվող չհանդիսացող երրորդ անձին վերաբերող ոչ թե բանկային գաղտնիքի բացահայտման մասին է, այլ դրա բացահայտման նպատակով խուզարկություն եւ առգրավում իրականացնելու հնարավորություն տալու մասին է, ինչին էլ հենց դեմ է իրենց խմբակցությունը: Պատգամավորի խոսքով՝ դրա արդյունքում կարող է հասանելի դառնալ ոչ միայն բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն, այլ շատ ավելի լայն՝ գործի հետ չառնչվող տեղեկություններ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար դա անընդունելի է:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել են հնչեցված մտավախություններին:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրինագծով առաջարկվում է օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը» բառերը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը նշել է, որ նախագծի հիմքում ավելորդ փաստաթղթաբանությունից խուսափելն է:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը: Նա նշել է, որ Կառավարությունն առաջարկել է  որ նախագիծն ուժի մեջ մտնի 2021 թվականի հունվարի 1-ից, ինչն ընդունվել է հեղինակների կողմից:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանի տեղեկացմամբ՝ ընդունվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 3-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվեարկության արդյունքները, նշելով, որ բոլոր թեկնածուներն ընտրվել են:


19.11.2019
ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմիններ...

19.11.2019
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով.     ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-11:40-12:00:   ...

19.11.2019
Շվեդ ուսանողներն Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Շվեդիայի Լունդ համալսարանի ուսանողներին: Ողջունելով ուսանողներին՝ Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հարաբերություննների զարգացումը, խոսել ...

19.11.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանա...

19.11.2019
Քննարկվել են բարեկամական խմբերի գործունեությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ԱԺ բարեկամական խմբերի գործունեության վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահը գործընկերներին է ներկայացրել ԱԺ բարեկամական խմբերի գործունեության արդյունավետու...

19.11.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության անունից կազմակերպված «Մեդիա կարգավորումները ժողովրդավարության շրջանակներում» միջազգային վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 6-ը Կալմար եւ Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվեն ԱԺ պ...