Տպել
20.11.2019
«Աշխարհաքաղաքական գործընթացներին պետք է արձագանքենք միասնական». Վահե Էնֆիաջյան
1 / 1

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 19-ին կայացել է «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում եւ դաշինքներում՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» թեմայով միջազգային խորհրդաժողովը: 
  
Աշխատանքային քննարկումները միտված են եղել միջկուսակցական եւ միջխորհրդարանական փոխգործակցության ամրապանդմանը: 
  
Համաժողովին ելույթ է ունեցել  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: 
  
«Տիկնայք եւ պարոնայք, «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում եւ դաշինքներում` ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» միջազգային խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ, հարգելի Սերգեյ Իվանովիչ, շնորհակալություն եմ հայտնում միջազգային խորհրդաժողովին հրավիրելու համար: Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի բոլոր ներկաներին:

Հարգելի գործընկերներ, մեր միջեւ սերտ դաշնակցային, միջկուսակցական եւ միջխորհրդարանական հարաբերություններ են, որոնք բնութագրվում են փոխադարձ այցելությունների եւ հանդիպումների մեծ ինտենսիվությամբ՝ ամենաբարձր մակարդակներում:

Երկու բարեկամ երկրների միջեւ կնքվել են ավելի քան 250 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր եւ համաձայնագրեր՝ ներառյալ Բարեկամության պայմանագիրը: 
  
Սիրելի ընկերներ, այս տարի լրացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագործակցության հուշագրի ստորագրման 10 տարին: Մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս շեշտել է, որ ժամանակն է ամրապնդել մեր բարեկամական հարաբերությունները, եւ որ մենք պատրաստ ենք շարունակել մեր նախագծերը, ծրագրերը եւ աջակցությունը, քանի որ նման հարաբերությունները նպաստում են մեր երկրների բարգավաճմանը: 
  
Մեր համագործակցությունն առաջնային է եւ ռազմավարական մոտեցում ունի: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին՝ պարոն Նեւերովի գլխավորությամբ պաշտոնական այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ստեղծելու աշխատանքային խումբ, որը կզբաղվի միջխմբակային եւ միջկուսակցական կապերի, երիտասարդական ծրագրերի, ինչպես նաեւ միջազգային վայրերում գործընկերության խնդիրների լուծմամբ: 
  
Աշխարհը զարգանում է, եւ այն խնդիրները, որոնց առջեւ մենք կանգնած ենք, նույնպես զարգանում են: Եվ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել միայն միասնական եւ գրագետ աշխատանքի շնորհիվ: Աշխարհաքաղաքական զարգացումները մեզ ասում են, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած տեսակի փոփոխության: 
  
Վերոնշյալը նաեւ բարձրաձայնել եմ սեպտեմբերի 27-28-ը Կալինինգրադում տեղի ունեցած՝ «Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ամրապնդման հեռանկարները եւ հնարավորությունները» միջազգային գիտաժողովի իմ զեկույցում: Հիշեցնեմ, որ գիտաժողովին մասնակցում էին անվտանգության փորձագետներ, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ միջազգային անվտանգության համագործակցության կառույցներ,  ավելի քան 30 եվրոպական պետություններ: Երկօրյա ակտիվ քննարկումներ տեղի ունեցան տարբեր երկրների քաղաքական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: 
  
Այնուհետեւ իմ եւ գործընկերներիս գաղափարները տեղ գտան՝ «21-րդ դարի Եվրոպայում անվտանգությունն ու համագործակցությունը» փաստաթղթերի հոդվածների ժողովածուի մեջ: Պարոն Կլիմովը կհաստատի, որ այսպիսի միջոցառումը թույլ է տալիս իրավիճակը դիտարկել այլ տեսանկյունից եւ գտնել նոր առաջարկներ եւ տեսլականներ: 
  
Հարգելի գործընկերներ, մենք մշտապես կարեւորում ենք մեր համագործակցությունը, որը զարգանում է ամենաբարձր մակարդակով՝ մեր կուսակցության նախագահի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, փոխնախագահների, երկու հանձնաժողովների նախագահների եւ երկու կողմերի կուսակցական կառույցների ղեկավարների: 
  
Վստահ եմ, որ պետք է ամրապնդենք երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամությունը՝ դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում հարաբերությունների ինտենսիվ խորացման, կայուն խաղաղության, երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով, ինչպես Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ  ամբողջ աշխարհում:

Հարգելի գործընկերներ, թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի եւ վստահության համար. այս խորհրդաժողովը լավագույն հարթակներից մեկն է միջխմբակցային եւ միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման համար:

Խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանքային քննարկումներ»:

Ելույթի հղումը՝  https://www.youtube.com/watch?v=8uqdiAMl70o
 


20.11.2019
Ալեն Սիմոնյանը պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում գտնվող  ռուսական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:    Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:   Ռուսական  ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվել են ...

20.11.2019
Մերի Գալստյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ողջունելով հյուրին՝ Մերի Գալստյանը կարեւորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցութ...