Տպել
02.12.2019
Քննարկվել են հայ-խորվաթական կապերին առնչվող հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Արայիկ Աղաբաբյանն ու խմբի անդամները դեկտեմբերի 2-ին հանդիպել են ՀՀ-ում Խորվաթիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Սունկոյի եւ Հայաստանում Խորվաթիայի պատվավոր հյուպատոս Արտաշես Կազախեցյանի հետ։

Հայ խորհրդարանականներն իրենց երախտագիտությունն են հայտնել Խորվաթիայի խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն այս տարվա հոկտեմբերին վավերացնելու առնչությամբ։ Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ մշակվել է համագործակցության ծրագիր, որի քայլ առ քայլ իրականացումը կնպաստի հայ-խորվաթական միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը եւ նոր գործընկերային հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։

Արտակարգ եւ լիազոր դեսպանը տեղեկացրել է Խորվաթիայի խորհրդարանում Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման մասին, ինչն, ըստ նրա, կօժանդակի միջխորհրդարանական կապերը նոր մակարդակի հասցնելուն։ Կարեւոր է համարվել միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում եւ Արեւելյան գործընկերության ԽՎ-ում համագործակցությունը։

Հայկական կողմից առաջարկ է եղել ծրագիր մշակել մարզերի միջեւ գործակցության վերաբերյալ։ Ի պատասխան դեսպանը նշել է, որ առաջարկությունը կուսումնասիրվի։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը շեշտադրել է տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսության բնագավառում, գործակցության կարեւորությունը։

Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերին եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը վերաբերող այլ հարցեր եւս, ինչպես նաեւ կարեւորվել է մոտ ապագայում երկուստեք դեսպանատներ ունենալը։
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...