Տպել
04.12.2019
Հռիփսիմե Գրիգորյանն ու Տիգրան Գալստյանն ընդունել են Շվեդիայի ԱԳՆ պատվիրակությանը
1 / 5

ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը եւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել են Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Յոհաննես Օլյելունդի գլխավորած պատվիրակության հետ:

Հռիփսիմե Գրիգորյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, նշել է, որ Շվեդիան կարեւոր գործընկեր է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: Պատգամավորը հատկապես կարեւորել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ այս տարվա հունիսից արդեն երկկողմ ձեւաչափով համագործակցությունը: Ընդգծելով ծրագրի 3 հիմնական ուղղությունների՝ շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական ինտեգրացիայի եւ  ժողովրդավարական բարեփոխումների կարեւորությունը, Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ ներկայում մշակվող ճանապարհային քարտեզի աշխատանքների օրենսդրությանն առնչվող հարցերում կընդգրկվեն նաեւ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի եւ այլ պատգամավորներ:

Անդրադառնալով «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին՝ Հռիփսիմե Գրիգորյանը խոսել է ծրագրի բաղադրիչների, այդ թվում՝ Ազգային ժողովի հետազոտական կարողությունների զարգացման, կանանց իրավազորման եւ հետօրենսդրական վերահսկողության մասին եւ կարեւորել այս փուլում ընթացող կարիքների գնահատման գործընթացը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նշել է, որ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը  նպաստելու է խորհրդարանի վերահսկողական, ընտրողների հետ աշխատանքի, նրանց հետ կապի, Ազգային ժողովի աշխատակազմի եւ հանձնաժողովների հետազոտական ու վերլուծական կարողությունների ուժեղացմանը: Տիգրան Գալստյանը կարեւորել է խորհրդարանում ժամանակակից տեխնիկայով հագեցած Փորձագիտական վերլուծական  կենտրոն, ինչպես նաեւ էլեկտրոնային  գրադարան ունենալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ, այդ ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են արվում:

Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ հաստատվել է նախանշված համատեղ ծրագրերն իրականացնելու, համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...