National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.12.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
09.12.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 9

Դեկտեմբերի 9-ին շարունակվել է ՀՀ Ազգային Ժողովի  հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են դեկտեմբերի 6-ին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, բացառությամբ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած   «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, որը քննարկվել էր առաջին ընթերցմամբ:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Ակնկալվում է, որ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն անհրաժեշտ է համարել ոլորտի խնդիրների ոչ հատվածական, համալիր կարգավորումը, ուստի  առաջարկել է այժմ դեմ քվեարկել այս նախագծին:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանը հորդորել է կողմ քվեարկել ոստիկանության բարեփոխմանն ուղղված նախագծին:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ  Վախթանգ Աբրահամյանը քննարկման է ներկայացրել  «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն  է մինչեւ 2025 թվականը ներդաշնակեցնել ԵԱՏՄ անդամ  երկրների օրենսդրությունները:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է  Վահե Հովհաննիսյանը:

Հաջորդիվ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի տեղեկացմամբ՝ համաձայնագրի վավերացումը կնպաստի  քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում երկու ժողովուրդների շփումների խորացմանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի մայիսի 19-ին: Ըստ նախագծի՝ ՀՀ վավեր սովորական անձնագրեր կրող Հայաստանի քաղաքացիները եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի  քաղաքացիները մյուս՝ պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթեւեկելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչեւ իննսուն օր ժամկետով` ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Երկու երկրների այն քաղաքացիները, որոնք մտադիր են մուտք գործելու եւ գտնվելու մյուս կողմի պետության տարածքում իննսուն օրը գերազանցող ժամկետով` ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է դիմեն նախապես՝ մուտքի արտոնագիր ստանալու համար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր, այն ներկայացրել է Գոռ Գեւորգյանը:

Խորհրդարանը ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի ներկայացմամբ քննարկել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջեւ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասինե 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ փաստաթուղթը ստորագրվել է 2018թ-ին Բրյուսելում: Միքայել Փաշայանի խոսքով` 2018թ. հոկտեմբերից սկսվել է որոշ ապրանքատեսակների մասին տեղեկատվության փորձնական փոխանակման գործընթացը: 2021թ. հոկտեմբերից նախատեսվում է սկսել էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման երրորդ փուլը` ԵԱՏՄ եւ Վիետնամի միջեւ շրջանառվող բոլոր ապրանքների նկատմամբ: Ընդլայնվելու է տեղեկատվության փոխանակման ենթակա ապրանքների ցանկը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսանդր Ավետիսյանը:

Ազգային ժողովը քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ Արտյոմ Ծառուկյանը նշել է, որ առաջարկվում է քննիչ հանձնաժողովի անդամների թիվ սահմանել 15-ը: Պատգամավորը հավելել է, որ թիվը կարող է փոփոխվել` ըստ խմբակցությունների պահանջի:

Խորհրդարանը քննարկել է «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարացնելու մասին» որոշման նախագիծը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է քննիչ հանձնաժողովի կատարված աշխատանքները: Ըստ այդմ` գումարվել է 21 նիստ, քննվել են 10 զինծառայող, քննության արդյունքում կազմվել են շուրջ 415 հարցեր, որոնց վերաբերյալ ստացվել են հետաքրքիր տեղեկություններ, պարզաբանումներ եւ կատարվել ճշտումներ:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի ներկայացմամբ` Ազգային ժողովը քննարկել է «Արարատի եւ Արմավիրի մարզերում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունները երկարացնելու մասին» որոշման նախագիծը:

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենսդրական փաթեթը խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով` օրենքի նախագծի նպատակն է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների  օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետեւանքներից,  սոցիալական,  տնտեսական ոլորտների եւ շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաեւ բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ  եւ մերժելի վարքագիծ արմատավորելը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է այն հիվանդությունների ցանկը, որոնք առաջանում են ծխախոտի հետեւանքով, ինչպես նաեւ անդրադարձել տնտեսությանը հասցված վնասին:

Լենա Նանուշյան տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանը 2004 թ-ին վավերացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան` ստանձնելով մի շարք պարտավորություններ, որոնք մինչ այս պահը լիարժեք չեն իրականացվել: Ըստ նրա` նախագիծը միտված է նաեւ միջազգային պարտավորությունների կատարմանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունն ու լրամշակման կարիք ունեցող դրույթները  ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքներն ու առաջարկները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին:

Ելույթ ունեցող պատգամավորները խոսել են հակածխախոտային  մշակույթի ներդրման եւ մտածելակերպի փոփոխության կարեւորության, ծխի վնասակար ազդեցության  մասին եւ  ողջունել  ծխախոտամոլության  դեմ պայքարը՝  կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը:  Պատգամավորները շեշտել են, որ փաթեթն ուղղված է ոչ թե ծխողների, այլ դրա վնասակար հետեւանքների դեմ: Կարեւորվել է ծխելը թողնել ցանկացողներին տարաբնույթ աջակցության տրամադրումը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դրական տեսակետը հնչեցրել է Միքայել Մելքումյանը:

ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Բաբկեն Թունյանը: Նա անհրաժեշտ է համարել ունենալ համապարփակ տեղեկատվություն եւ վերլուծություն՝ փաթեթի  ընդունման դեպքում արդյունքների եւ տնտեսության վրա ազդեցության վերաբերյալ:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակն առաջարկում է համատիրություններին վճարվող   գումարների վճարման նոր կարգ սահմանել, ըստ որի՝ օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաեւ այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարվում են անկանխիկ եղանակով՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի բանկային հաշվին:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը:

ՀՀ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, նշելով, որ ընդունվել են մի շարք տեխնիկական բնույթի առաջարկներ:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Գեւորգ Գորգիսյանը: Պատգամավորն առաջարկել է ներկայացնել ավելի համապարփակ օրինագիծ:

Եզրափակիչ ելույթներում Վահագն Վերմիշյանն ու օրենքի նախագծի հեղինակ ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն անդրադարձել են հնչեցված մտահոգություններին:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ` խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթը: Նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր? 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո` մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է  կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով: 
  
Արդարադատության նախարարի տեղեկացմամբ` նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաեւ ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Նախագծի քննարկումը կշարունակվի ԱԺ դեկտեմբերի 10-ի նիստում: 
  


09.12.2019
Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան եւ Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են Արցախի Հանրապետություն:   Բարձրաստիճան հյուրերը դեկտեմբերի 7-ին հ...

09.12.2019
Տեղեկատվություն` ցուցահանդես-վաճառքի վերաբերյալ
Դեկտեմբերի 11-ին` ժամը 12-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին  կից սրահում տեղի կունենա  «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի անդամների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: ...

09.12.2019
Քննարկվել են տուբերկուլոզ հիվանդության կանխմանն ու բուժմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ դեկտեմբերի 9-ին պատգամավորների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Տուբերկուլոզի ազգային հակազդումը, տուբերկուլոզին առնչվող խնդիրները Հայաստանում, տուբերկուլոզի ազգային պլատֆ...

09.12.2019
ԱԺ նախագահը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am