Տպել
11.12.2019
Ազգային ժողովն ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքների նախագծերի փաթեթը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ  քննարկել եւ 82 կողմ ձայներով ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ օրենսդրական  փաթեթը փոփոխության չի ենթարկվել:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ  Տարոն Սիմոնյանը: Նրա գնահատմամբ՝ այս փաթեթով օրինականացվում է անաշխատ եկամուտը եւ այն որեւէ կերպ չի նպաստելու ճգնաժամի հաղթահարմանը: «Անընդունելի է հարկատուների հաշվին նման նախաձեռնություն ընդունելը»-, ասել է նա: Տարոն Սիմոնյանն  իրազեկել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է  քվեարկելու:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բացասական դիրքորոշումը հայտնել է Նաիրա Զոհրաբյանը՝ կարծիք հայտնելով, թե այսպիսով լեգիտիմացվում է պորտաբուծությունը, եւ այն որեւէ կերպ չի հաղթահարելու ճգնաժամը:  Ըստ նրա՝ այս օրենսդրական նախաձեռնությունն ամբողջապես քաղաքական ճնշում  է մի կառույցի վրա, եւ հասկանալի չէ, թե ինչու պետք է ՍԴ դատավորներն անցնեն վաղ կենսաթոշակի: Նաիրա Զոհրաբյանը նշել  է, որ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը  դեմ է քվեարկելու:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անհամաձայնություն է հայտնել Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած որոշ արտահայտությունների կապակցությամբ եւ նշել, որ համերաշխության մթնոլորտում քննարկվող նախագծով նախատեսվում է խորքային բարեփոխումներ իրականացնել դատաիրավական համակարգում, եւ այն Սահմանադրական դատարանում   առկա ճգնաժամի հաղթահարման քայլերից   մեկն է: Ըստ նրա՝ սա ձեռքսեղմման առաջարկ է, որը կարող է մեկնարկ դառնալ դատաիրավական համակարգում, մասնավորապես Սահմանադրական դատարանում բարեփոխումներ իրականացնելու համար:

«Իմ քայլը»  խմբակցությունը  կողմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթ են ունեցել հարակից եւ հիմնական զեկուցողները:

Սուրեն Գրիգորյանը նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է համապատասխան դրույթ, որը դատավորներին թույլ է տալիս անցնել վաղաժամկետ կենսաթոշակի:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ նման մեխանիզմ անցումային շրջաններում կիրառվել է նաեւ այլ երկրներում. նման քայլ թույլ է տալիս նաեւ ՀՀ օրենսդրությունը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: