Տպել
11.12.2019
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ Ազգային ժողովում
1 / 14

Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ներկա են եղել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, ողջունելով ներկայացված աշխատանքների հեղինակներին, կարեւորել է նմանատիպ միջոցառումները եւ նշել, որ դրանք պետք է կազմակերպել առավել հաճախ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ինտեգրվել հասարակությանը:

«Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի հիմնադիր Արփինե Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառույցը գործում է 20 տարի: Նրանց հարազատներից չօտարելու եւ ընտանիքի անդամների առօրյա հոգսերը դյուրացնելու նպատակով՝ կենտրոնում  իրականացվում է հաշմանդամություն ունեցող  շահառուների ցերեկային խնամք: Արփինե Աբրահամյանի խոսքով՝ ցուցահանդեսը լավ հնարավորություն է մտավոր խնդիր ունեցող անձի կարողությունները եւ աշխատանքային հմտությունները ներկայացնելու համար:

Ցուցադրված աշխատանքների վաճառքից ստացված հասույթի կեսը կհատկացվի հեղինակին, իսկ մյուս մասը կտրամադրվի կենտրոնին՝ աշխատանքային պարագաներ ձեռք բերելու նպատակով:

Կենտրոնի շահառու Ալեքսանդր Բայդրելովի  կողմից Արարատ Միրզոյանին փոխանցվել է  «Կյանքը շարունակվում է» կավե աշխատանքը: