Տպել
12.12.2019
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
1 / 18

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

 ԱԺ որոշմամբ՝ արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կանցկացվի չորս նիստ՝ կես ժամ ընդմիջումներով, իսկ օրակարգային հարցերի մի մասի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Կառավարության առաջարկով օրակարգից հանվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրինագծերի փաթեթը:

Օրակարգը հաստատելուց  հետո խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին՝ Երեւանում:  Փաստաթղթով, որը բյուջետային աջակցության համաձայնագիր է,  Հայաստանին կտրամադրվի 45,8 մլն եվրո գումարի չափով վարկ, որը կուղղվի 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:  Վարկը  մարվելու է 25,5 տարում, դրանից արտոնյալ է լինելու 14,5 տարին: Տոկոսադրույքը լողացող է՝ 6-ամսյա EURIBOR + ֆիքսված սպրեդ: Վարկի տոկոսադրույքն ամբողջությամբ ֆիքսվելու է վարկի գումարը մասհանելուց հետո: Վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականությունը կիսամյակային է: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.25%-ի չափով վարկի չմասհանված գումարի նկատմամբ սկսած պայմանագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 60-րդ օրվանից: Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 60 օրվա ընթացքում:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Համազասպ Դանիելյանը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է  Արկադի Խաչատրյանը: Նա զեկուցողին առաջարկել է  հիմնավորված ներկայացնել օրինագծերը, որպեսզի պատգամավորների համար պարզ լինեն վարկ վերցնելու անհրաժեշտությունը, նպատակահարմարությունն ու դրա ծախսման արդյունավետությունը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը: Նա հետաքրքրվել է,  եթե Հայաստանն այսօր  չունի լրացուցիչ գումարի կարիք, ինչպես օրեր առաջ՝ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  հայտարարվել է խորհրդարանում,  ապա ինչու է այժմ վարկեր ներգրավելու հարց քննարկվում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հայկ Գեւորգյանը: Նա անդրադարձել է նախկին Կառավարության կողմից տարբեր տարիների ընթացքում ներգրավված պարտքերի չափերին՝ ընդգծելով, որ գործող Կառավարությունը ժառանգել է տնտեսության մեջ կուտակված 7 մլրդ դոլարի պարտք եւ յուրաքանչյուր տարի իրականացնում է այդ պարտքի մայր գումարի եւ տոկոսների մարումները:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին: Նա նշել է, որ պարտքի ներգրավման նպատակայնությունն ու անհրաժեշտությունն ամրագրված են 2019 թվականի բյուջեով:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը ներկայացրել է նաեւ Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ստանալ բյուջետային աջակցության վարկ` 9,1 եվրո գումարի չափով: Ծրագիրը ներառում է նախադպրոցական եւ բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, առողջապահական ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա անօգուտ է համարել մեծամասնության կողմից ընդդիմությանն ուղղված կողմ քվեարկելու կոչերը: Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ ընդդիմությունը, որպես կանոն, կողմ չի քվեարկում բյուջեին, Կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին: Ըստ նրա՝ վարկային համաձայնագրերի ենթատեքստը քաղաքական է: ԱԺ նախագահը Հայաստանի համար շահավետ է համարել ներկայացված լավ պայմաններով վարկերի ներգրավվումը: 
  
2019թ. նոյեմբերի 11-ին է ստորագրվել Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ «Քաղաքականության վրա հիմնված վարկ եւ Շրջակա միջավայրի պահպանություն եւ BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը, որով մեր երկրին կտրամադրվի 40 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ: Նշվել է, որ միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսացել երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մի շարք միջոցառումների իրականացումը: Դրանք մասնավորապես առնչվում են անտառտնտեսության, կենսաբազմազանության եւ բնության պահպանվող տարածքների, շրջակա միջավայրի չափորոշիչների եւ կանոնակարգերի հետ կապված բարեփոխումներին:

Փոխնախարարի ներկայացմամբ՝ Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2019թ. նոյեմբերի 14-ին ստորագրվել է «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 15 տարի ժամկետով տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաեւ զարգացնել ֆինանսական եւ կապիտալի շուկաները:

Համաձայնագրերի վերաբերյալ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել:

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ առաջին ընթեցմամբ ընդունելուց հետո այն փոփոխության չի ենթարկվել: Նախագծով սահմանվում է, որ կարգապահական իրավախախտումը ծանրացնող հանգամանք է հանդիսանում իրավախախտումը դատվածություն ունեցող զինծառայողի կողմից կատարելը: Սահմանվում են նյութական վնաս հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը, ինչպես նաեւ այն ժամանակահատվածները, որոնք հաշվի են առնվում կարգապահական տույժ տալու համար սահմանված առավելագույն ժամկետում: Նախատեսվում են կարգապահական տույժի տրման վերաբերյալ զինծառայողին պարտադիր տեղեկացնելու դրույթներ եւ ծառայողական քննության կասեցման հիմքերը, կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զինծառայողի կողմից բողոք ներկայացնելու եւ բողոքի քննարկման արդյունքներով ընդունվող որոշումները: Կարգապահական տույժերի հանման շրջանակներում նախատեսվում են նաեւ այն դեպքը, երբ տույժը հանվել է բողոքարկման արդյունքում, կարգապահական իրավախախտումների տեսակները սահմանող հոդվածներում հստակեցվում են կարգապահական տույժերի անվանումները:

Տիգրան Կարապետյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է վերականգնել 2017 թվականին լուծարված «Բանակի մարզական ակումբ» անվանումն ունեցած զորամասը, որտեղ կծառայեն սպորտում որոշակի հաջողություններ արձանագրած քաղաքացիները: Շեշտադրվելու են օլիմպիական մարզաձեւերը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը տեղեկացրել է, որ մեկ այլ դրույթով առաջարկվում է   ՀՀ  պաշտպանության նախարարության համակարգում զորամասի կարգավիճակով գործող «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանին տալ համապատասխան կարգավիճակ, որտեղ անվճար, իրենց ընտանիքների հետ,   կհանգստանան զինծառայողները եւ նախկին զինծառայողները:   Նշվել է, որ նախապատվությունը տրվելու է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին:

Փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր, այն ներկայացրել է Քրիստինե Պողոսյանը:

«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: 1988 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում ստորագրված կոնվենցիան մշակվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության եւ Եվրոպայի Խորհրդի  կողմից 1988 թվականին եւ լրամշակվել է համապատասխան Արձանագրությամբ՝ 2010 թվականին: Փաստաթղթի նպատակն է՝ ստեղծել միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմաններ երկրների հարկային օրենսդրությունների կատարելագործման համար` միեւնույն ժամանակ պաշտպանելով հարկ վճարողների հիմնական իրավունքները:

Կոնվենցիայով ստորագրող կողմ հանդիսացող պետությունները պարտավորվում են միմյանց տրամադրել հարկային հարցերով վարչական աջակցություն:

Կոնվենցիայի վավերացումը հնարավորություն կտա Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների հետ հարկային հարցերով փոխգործակցության միջոցով նվազեցնել հարկեր վճարելուց խուսափելու կամ հարկերը թաքցնելու դեպքերը, ինչպես նախ բացահայտել նախկինում թույլ տրված նմանատիպ խախտումները: Կոնվենցիան ստորագրել է ավելի քան 100 երկիր:

Փաստաթղթի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Գեւորգյանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նախաձեռնության վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հնչեցրել է Արթուր Դավթյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի՝ առաջարկվող փոփոխությամբ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կօտարվեն, ինչպես նաեւ անհատույց(մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով կտրամադրվեն ՀՀ կառավարության սահմանած կարգով: Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծի ընդունումից հետո Գործադիրը կմշակի համապատասխան կարգ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը: Նա հանդես է եկել նոր առաջարկով:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի տեղեկացմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով: Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2 տարի: Դրանք կտրամադրվեն հարցաքննված անձին, ինչպես նաեւ նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, ՄԻՊ-ին, հասարակական դիտորդներին:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

Այնուհետեւ տեղի են ունեցել քվեարկություններ: Պատգամավորներն ընդունել են արտահերթ նիստի ընթացքում քննարկված բոլոր հարցերը:

Խորհրդարանն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին:
 
 
 


12.12.2019
«Բաց դաս» Ազգային Ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 12-ին խորհրդարան են այցելել Սեւան քաղաքի հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերին  Ազգային Ժողովում  ընդունել եւ «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Թագուհի Թովմասյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցո...

12.12.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունն ամփոփել է Եվրանեսթ ԽՎ նստաշրջանի աշխատանքները
Դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի ութերորդ  նստաշրջանի աշխատանքների մասին են խոսել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը, պատվիրակության անդամներ Կորյուն Մկրտչյանը, Սարգիս Խանդանյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը եւ Տարոն Սիմոնյանը  դեկտեմբե...

12.12.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ռումինիայի հայերի միության հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 15-18-ը Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվի ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը: ...