Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի Ղազախստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Լենա Նազարյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ համագործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցի ընթացքում հնարավոր կլինի խոսել միջխորհրդարանական կապերի զարգացման մասին, անդրադառնալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, մտքեր փոխանակել եւ քննարկել համագործակցության հետագա ուղիների վերաբերյալ:
Երկու երկրների խորհրդարանականները խոսել են հումանիտար, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին: Կարեւոր է համարվել նաեւ փոխգործակցության ակտիվացումը տնտեսական բնագավառում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին ավելացել է առեւտրաշրջանառության ծավալը բարեկամ երկրի հետ:
Երրկողմ կապերի զարգացման գործում կողմերն արժեւորել են Ղազախստանում հայ համայնքի դերը:
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում երկկողմ համագործակցությանը:
Նույն օրը պատվիրակության հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ներկայացուցիչները:
ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը խմբի անունից շնորհավորել է ղազախստանցի գործընկերներին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Պատգամավորը կարեւորել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ Ղազախստանի Մաժիլիսի եւ Սենատի պրոֆիլային հանձնաժողովների միջեւ համագործակցության ձեւաչափի ստեղծումը:
Զրուցակիցները կարեւորել են երկու խորհրդարանների միջեւ առկա ջերմ ու գործընկերային կապերի ակտիվացումը, անհրաժեշտ համարել զարգացնել համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցությունը:
Խորհրդարանականները կիսվել են մի շարք ոլորտներում իրենց ունեցած արժեքավոր փորձով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ենթահանձնաժողովներ՝ սոցիալական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղություններով:
Հանդիպումներին ներկա էր Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:
Պատվիրակությունը Վաղարշակ Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Մայր Հայաստան հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին եւ հարգել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը: