Տպել
18.12.2019
Ամփոփվել է հանձնաժողովի տարեկան գործունեությունը
1 / 4

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի անդամ Արմեն Փամբուխչյանը  դեկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի  ասուլիսում ամփոփել են հանձնաժողովի կատարած աշխատանքները:

Միքայել Մելքումյանի տեղեկացմամբ՝ անցնող տարվա ընթացքում հանձնաժողովը գումարել է 13 նիստ, որոնցից 3-ը՝ արտագնա:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, ստորագրվել հուշագրեր,  որոշ  քննարկումների արդյունքում լուծում են ստացել հանրությանը հուզող մի շարք հարցեր: Որպես այդպիսին՝  առանձնացվել է Մեղրիում կայացած արտագնա նիստի ընթացքում բնակիչների կողմից բարձրացված գազի մատակարարման խնդրի  ներկայացումը ՀՀ վարչապետին եւ դրա լուծման գործընթացի մեկնարկը:

Մասնավորապես՝ հանձնաժողովը քննարկել է իր գործունեության շրջանակում գտնվող բազմաթիվ հարցեր, որոնք  վերաբերել են Եվրասիական ինտեգրման ներկա վիճակին եւ կառույցի արդյունավետության բարձրացմանը, ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձեւավորմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ տարածաշրջանային զարգացման հիմնախնդիրներին, ԵԱՏՄ շրջանակներում առկա իրավական արգելքների հաղթահարման հնարավորություններին, ավտոմեքենաների ներկրման՝ ԵԱՏՄ կողմից տրված մաքսային արտոնության ժամկետի ավարտի հետեւանքները մեղմելու հնարավորություններին, Վերին Լարսի խնդրին եւ այլն:

Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում օրենքների ներդաշնակեցման հարցին՝ Միքայել Մելքումյանն իրազեկել է, որ  5 տարի հետո ԵԱՏՄ երկրներն իրավական կարգավորումների առումով  լինելու են ընդհանուր գոտում, եւ տարբերություն չի լինելու, թե քաղաքացին որտեղ է գործունեություն ծավալելու: Սակայն, նկատել է նա,  այս մասով  կան շուրջ 71 արգելքներ, որոնցից 51-ը միայն՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ այդ արգելքների հաղթահարման աշխատանքները չեն ընթանում այնպես, ինչպես ցանկալի է: Աշխատանքների դանդաղ ընթացքը պայմանավորված   չէ ՀՀ Կառավարության գործունեությամբ. Միքայել Մելքումյանի խոսքով՝ խնդիրը կապված է ԵԱՏՄ անդամ որոշ երկրների տնտեսական շահերի սպասարկման առաջնահերթություններով:

Արմեն Փամբուխչյանն իր հերթին  նշել է, որ հանձնաժողովն ավարտվող տարում  իրականացրել է իրեն վերապահված գործառույթները, մասնավորապես՝ ինտեգրման գործընթացների  նպատակով ստեղծվել է ենթահանձնաժողով, եւ հետագայում չի բացառվում նոր, նպատակային  ենթահանձնաժողովների ստեղծումը:

Հանձնաժողովի անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:

Հունվարից սպասվող գնաճի վերաբերյալ հարցին ի պատասխան հանձնաժողովի նախագահն ասել է, որ  կթանկանան ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մոտ 700 անուն ապրանքներ, դրանց մի մասի գնաճը կլինի 5-7 տոկոսի սահմաններում:   Նա պարզաբանել է, որ շուրջ 5 տարի Հայաստանը որոշ ապրանքների մասով մաքսատուրքի արտոնություններ է ունեցել, եւ այդ պատճառով ԵԱՏՄ  ընդհանուր «կաթսա» լցվող մաքսատուրքից քիչ գումար  է ստացել, որը կազմել է ընդհանուր գումարի 1,11 տոկոսը՝ տարեկան  մոտ 43 մլրդ դրամ:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝  այժմ, երբ  ավարտվում է Հայաստանին տրված արտոնությունների ժամկետը, կլինեն որոշ ապրանքատեսակների թանկացումներ, սակայն դա շատ մեծ խնդիրներ չի առաջացնի, քանի որ ավելանալու է Հայաստանին տրվելիք գումարի չափը՝ դառնալով 1,22 տոկոս, ինչի շնորհիվ հնարավոր կլինի սոցիալական  հասցեական քաղաքականություն վարել:
 


18.12.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուզբեկստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Օլի Մաժլիսի Օրենսդրական պալատի ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 19-23-ը Տաշքենդ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը եւ Երջանիկ Հակոբյանը: ...

18.12.2019
Հարգանքի տուրք` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Ալեն Սիմոնյանի եւ Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ ...

18.12.2019
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ,  ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  դեկտեմբերի 19-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`  հետեւյալ օր...