Տպել
13.01.2020
Քննարկվել են նախադպրոցական կրթության, պետական մրցանակների ոլորտների կանոնակարգմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 13-ին գումարել է հերթական նիստը, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական  եզրակացություն են ստացել մի շարք օրինագծեր: Դրանք կընդգրկվեն ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Քննարկվել է Կառավարության հեղինակած  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի տեղեկացմամբ՝  առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ այդ ծառայություններից օգտվող լրատվական գործունեություն իրականացնողների համար, ցանկացած վայրից եւ ցանկացած պահի՝ ապահովելով նաեւ պաշտոնական տեղեկատվության՝ ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Այդ նպատակով պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման հետ կապված կսահմանվի պետական տուրքի վճարման արտոնություն՝ լրատվական գործունեություն իրականացնողների համար:

Մասնավորապես՝ նախագծերի ընդունմամբ լրատվական գործունեություն իրականացնողներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատգամավորներին է ներկայացրել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի բազմազանեցնել ու ընդլայնել նախադպրոցական կրթությունն ու ծառայությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական եւ սահմանամերձ համայնքներին, նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային եւ ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար ստեղծել համապատասխան պայմաններ: Նախատեսվում է կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների,  նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություններում կրթության չափորոշիչների ներդրում եւ որակի բարելավում:

Նախարարի տեղեկացմամբ՝ նախորդ տարի գյուղական համայնքներում բացվել է նախադպրոցական կրթություն իրականացնող 18 հաստատություն, մոտավորապես այդքան էլ  նախատեսվում է բացել այս տարի:

Հարակից զեկուցող Սոֆիա Հովսեփյանը  հրատապ է համարել ոլորտի կարգավորումը, սակայն նաեւ նշել, որ Կառավարության ներկայացրած նախագիծը բարեփոխման եւ հստակեցման կարիք ունի:

Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել  պատգամավորների առաջարկները:

Պատգամավորների բուռն քննարկմանն է արժանացել Կառավարության ներկայացրած մյուս՝ «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին»  օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 10 պետական մրցանակներ սահմանել գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության եւ կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառների, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար: Կլինի նաեւ աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակ:

Զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ այժմ պետական մրցանակները շնորհվում են Կառավարության որոշմամբ, սակայն անհրաժեշտություն կա ոլորտը կանոնակարգել օրենքով: Հանձնաժողովի անդամները մատնանշել են նախագծի թերություններն ու անհստակությունները, ներկայացրել առաջարկներ, որոնցից շատերի ընդունմամբ էլ, ինչպես նշվել է,  պայմանավորված  կլինի  իրենց հետագա դիրքորոշումը:   Պատգամավորները մասնավորապես խնդրահարույց են  համարել պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների ձեւավորման կարգը: Ըստ նախագծի՝ հանձնաժողովները  բաղկացած են լինելու ինը անդամից, ովքեր աշխատելու են հասարակական հիմունքներով:

Հանձնաժողովը նախագծին վերապահումներով  տվել է դրական եզրակացություն՝ ակնկալելով, որ հաշվի կառնվեն պատգամավորների դիտողություններն ու առաջարկները:

Հանձնաժողովի որոշմամբ՝ հունվարի 16-ին՝ ժամը 11-00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն  խորհրդարանական լսումներ՝ «Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» թեմայով:
 


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...