Տպել
22.01.2020
Շարունակվել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
1 / 12

Հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված նախաձեռնությունները:

Չի ընդունվել «2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հայկ Կոնջորյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Հայկ Կոնջորյանի խոսքով` առաջարկվում է կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի կամ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքն առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսանողի պարագայում պահպանել ոչ թե նրա մինչեւ 23, այլ մինչեւ 26 տարեկան լրանալը` հաշվի առնելով` 12-ամյա միջնակարգ կրթության եւ բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգերին անցնելու հանգամանքները:

Գլխադասային` ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը:

Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ Կառավարությունը կարեւորում է անգամ մեկ անձի սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, սակայն այս նախաձեռնությանը դեմ է: Գործադիրն առաջարկում է առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին, կերակրողին կորցնելու դեպքում, կենսաթոշակ նշանակելու ժամկետի հարցը դիտարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծի համատեքստում եւ քննարկել միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած անձանց դեպքում այդ ժամկետը երկարաձգելու նպատակահարմարությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է  Մանե Թանդիլյանը:

Օրենքը լրացվում է դրույթով, ըստ որի՝  Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու? Կառավարության  սահմանած կարգով:  Մանե Թանդիլյանը պարզաբանել է, որ բանկը պետք է որոշի, թե ինչպես է ստուգելու կենսաթոշակառուի՝ հանրապետությունում գտնվելու փաստը:  Եթե տվյալ բանկը նման որեւէ ծառայություն /հեռահար տեսակապ եւ այլն/ չիրականացնի,  ապա կենսաթոշակառուն կարող է փոխել բանկը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական  հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի: Նախատեսվում է, որ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 3 ամիս անց:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրել է Մանե Թանդիլյանը: Կարեւորելով նախագծի ընդունումը՝ պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գեւորգյանի, Դավիթ Մանուկյանի, Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է աշխատողների շահերի պաշտպանությանը:  Մասնավորապես, սահմանվում է, որ  մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական  հարցերի  մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության եզրակացությունը դրական էր:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  եւ կից օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ  Ներսես Երիցյանը: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «Արժութային կարգավորման բնագավառ» բաժնի 1-ին կետը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Համազասպ Դանիելյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նշվել է, որ մեր երկրում գործող օրենսդրական ձեւակերպումների համաձայն` ցանկացած ժամկետով ավանդ ներդնելու դեպքում չի վճարվում մեկ օրվա տոկոսը, քանի որ տոկոսների հաշվեգրումը սկսվում է ավանդը բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչեւ այն ավանդատուին վերադարձնելու նախորդ օրը: Նախագծով հեղինակներն առաջարկում են բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկել նաեւ ավանդը բանկ մուտք լինելու օրվա համար:

Գլխադասային` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանը: Նրա տեղեկացմամբ` փոփոխությունն ընդունվելուց հետո չի ունենալու հետադարձ ուժ, այն վերաբերելու է միայն ապագայում կնքվող պայմանագրերին:

Հարակից ցեկույցում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ Կառավարությունը կողմ է օրենսդրական փոփոխությանը:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի մարտի 1-ից:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Ներսես Երիցյանի` նախագիծն ուղղված է կապիտալի շուկայի զարգացմանը. նախաձենությամբ մասնավորապես հստեկեցվում են Ռեպո պայմանգրերը: Նշվել է, որ Ռեպո գործարքներն աշխարհում ընդունված ֆինանսական գործարքներ եւ ֆինանսավորում ներգրավելու միջոցներ են:

Գլխադասային` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ներկայացմամբ քննարկվել է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականին Աստանայում: Փաստաթղթով նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակեն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների, ինչպես նաեւ մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների եւ գույքի սեփականատերերի վերաբերյալ:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հունվարի 23-ին: