Տպել
30.01.2020
Քննարկվել է ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ծննդօգնության ծառայությունների պետական ֆինանսավորման դադարեցման հարցը
1 / 5

Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների կազմակերպման խնդիրները» թեմայով:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ծննդօգնության ծառայությունների պետական ֆինանսավորման դադարեցմանը, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ կփակվեն: Նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքում եւ որոշել դադարեցնել տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատների պետական ֆինանսավորումը:

ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ներկայացրել է որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումները: Նա նշել է, որ այդ  կենտրոնները չունեն  անհրաժեշտ  մասնագետներ, զինված չեն համապատասխան սարքավորումներով՝ անհրաժեշտության դեպքում մոր եւ մանկան կյանքը փրկելու համար: Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք, եւ պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն: Նաեւ նշվել է, որ պետությունը ի դեմս առողջապահության նախարարարության որեւէ ֆինանսական տնտեսում չի իրականացնում տվյալ որոշումների պարագայում, քանի որ ցանկացած ծննդօգնության դեպք շարունակվելու է փոխհատուցվել ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

Քննարկմանը մասնակցող մարզային բուժհաստատությունների տնօրենները դժգոհել են նախարարության որոշման դեմ՝ փաստելով, որ իրենց մոտ երբեւէ նորածնի եւ ծննդկանի մահ չի արձանագրվել: Նրանք հույս են հայտնել, որ ծննդատները փակելու փոխարեն նախարարությունը քայլեր կձեռնարկի զարգացնելու բուժկենտրոնները, ներգրավվելու որոշ մասնագիտությունների գծով երիտասարդ կադրերի:

Անդրադառնալով հանձնաժողովի անդամների այն հարցին, որ բուժհաստատությունների աշխատակիցները գործազուրկ կդառնան՝  Արտյոմ Սմբատյանն ասել է, որ մի մասը նույն բուժհաստատություններում համատեղությամբ այլ ծառայություններ է մատուցում: Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել քննարկելու բժիշկների մյուս մասին այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորելու հարցը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ քննարկման արդյունքում պարզվել է, որ հարցը բավարար չափով չի քննարկվել մարզպետարանների եւ բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ: «Ծննդօգնության ֆինանսավորման դադարեցման պայմաններում համապատասխան բաժանմունքները շարունակելու են գործել, քանի որ կառուցվածքային փոփոխություն չի իրականացվել, բացակայում են նշված ծառայություններում ներգրավված բուժաշխատողներին աշխատանքից ազատելու հիմքերը եւ շարունակում է գործել ծննդօգնության ծառայության լիցենզիան, ինչի հետեւանքով անորոշ իրավիճակ է առաջանում:  Հայտնի դարձավ նաեւ, որ մի շարք կենտրոններում սարքավորումներով հագեցվածության հետ կապված նախարարության ունեցած տվյալները եւ նշված բուժհաստատությունների տնօրենների կողմից ներկայացված իրավիճակը միմյանց չեն համապատասխանում»,-ընդգծել է Նարեկ Զեյնալյանը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ գործընթացը սկսելուց առաջ նախարարությունը նախ պետք է վերլուծեր միջհամայնքային լոգիստիկ եւ ինֆրակառուցվածքային խնդիրները, ինչպիսիք են օրինակ ծննդկաններին այլ բուժհաստատություններ տեղափոխելու համար շտապօգնության տրամադրման, ԲԿ-ների անձնակազմին աշխատանքի տեղավորման հարցերը, հղիներին 2-րդ եւ 3-րդ մակարդակների ծննդատներ ուղեգրելու վիճակագրությունը եւ այդ վերլուծության հիման վրա պետպատվերի տրամադրման կամ կասեցման վերաբերյալ որոշում կայացվեր: Նա նաեւ խնդրահարույց է համարել այն հանգամանքը, որ հարցը չի քննարկվել բյուջետային քննարկումների ընթացքում:

Հանձնաժողովն առաջիկայում կամփոփի քննարկման արդյունքները, կկազմի համապատասխան եզրակացություն եւ կներկայացնի Կառավարություն: