National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.2.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
12.02.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 115

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Խորհրդարանը շարունակել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի,  Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն  առաջին ընթերցմամբ:

Առաջարկվում է  սահմանել, որ  համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է հրապարակել? համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաեւ այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) տեղադրելու միջոցով:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը:  Նա հայտնել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենքի նախագծին,  քանի որ այն  կարեւոր է, սակայն կարծում է, որ այն որոշ մտահոգությունների տեղիք է տալիս: Ըստ նրա՝ համայնքին կատարվող նվիրատվությունները՝ գումար կամ գույք, պետք է կատարվեն համայնքի ավագանու որոշմամբ, որպեսզի կանխվեն կոռուպցիոն երեւույթներն ու լինի հստակ պատասխանատվություն:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Հիմնական զեկուցող Անի Սամսոնյանը հայտնել է, որ առաջարկվում է օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետով, ըստ որի համայնքի ավագանին իր որոշմամբ պետք է հավանություն  տա նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարաապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու կարող է լինել՝ կնքելու նվիրատվության պայմանագիրը: Ըստ զեկուցողի՝ լրացումը նպատակ ունի առավել թափանցիկ դարձնել նվիրատվություն ստանալու գործընթացը, ինչն իր հերթին կարող է բացառել կոռուպցիոն դրսեւորումները:

Վահե Ղալումյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախագծի վերաբերյալ դրական էր նաեւ ՀՀ Կառավարության դիրքորոշումը:

Ելույթ են ունեցել մի խումբ պատգամավորներ, որոնց կարծիքներն իրարամերժ էին: Նրանցից շատերն աննպատակահարմար են համարել նախագծի ընդունումը՝ համարելով, որ այն չի ծառայելու իր  նպատակին:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դրական դիրքորոշումը հայտնել է Գեւորգ Գորգիսյանը: Նա տարակուսանք է հայտնել նախագծին դեմ արտահայտվող պատգամավորների ելույթների կապակցությամբ՝ նշելով, որ այն մի պարզ նպատակ ունի՝ կանխարգելել կոռուպցիոն հնարավոր երեւույթները:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտնել է, որ նախագիծն ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն այս տեսքով՝ ոչ. այն պետք է լրամշակել:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Համազասպ Դանիելյանը: Նա նույնպես ընդունելի է համարել նախագծի գաղափարը, սակայն նշել, որ այն պարզունակ է եւ թերություններ ունի: Ըստ նրա՝ այս տեսքով ընդունվելու դեպքում այն խնդիրներ է առաջացնելու, թեեւ նպատակը դրանց վերացումն է:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրինագծի մի քանի դրույթների փոփոխության կարիք կա:

Հիմնական զեկուցող Անի Սամսոնյանը, եզրափակիչ ելույթում անդրադառնալով հնչեցված մտահոգություններին, պատրաստակամություն է հայտնել առաջարկություններն ուսումնասիրել եւ ընդունել:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով  հնարավորություն է տրվում համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը եւ (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ:

Հեղինակի խոսքով՝ օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում? բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նախագիծը վերաբերում է Երեւան քաղաքին, բայց ապագայում նախատեսվում է այն կիրառել ամբողջ հանրապետությունում:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը:

Կառավարության դրական կարծիքը հայտնել է  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Եզրափակիչ ելույթում  ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է հնչեցված մտահոգություններին:

Խորհրդարանը հաջորդիվ քննարկել է Կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է ներդնել հանրապետության պետական գնումների շրջանակներում պետական կարիքների ապահովման նպատակով էներգասարքավորումների ձեռք բերմանը ներկայացվող նվազագույն էներգետիկ բնութագրերի պահանջները սահմանող կարգավորող շրջանակ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ էներգաարդյունավետության նվազագույն պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության եւ էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ԱԺ  պատգամավորներ  Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ գործող օրենքով նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվում է բացառապես անվճար ուսուցման համակարգում, սակայն, ըստ էության, ընդունելությունը սահմանափակված է՝ պետական միջոցների սղության ու սահմանափակ տեղերի պատճառով:

Ուստի առաջարկվում է հնարավորություն ընձեռնել աշակերտներին վերոնշյալ հաստատություններում սովորել նաեւ վճարովի հիմունքներով:

Փաթեթով նաեւ հնարավորություն է ընձեռվում միջին մասնագիտական կրթության արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` 2-րդ կուրսում` առկա ուսուցմամբ:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովհաննես Հովհաննիսյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը բազմակողմանիորեն քննարկվել է:

Կառավարության բացասական կարծիքը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նախարարի՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթությամբ 19 տարեկանը չլրացած սովորողների համար չի կարող սահմանվել վճարովի կրթության հնարավորություն:

Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ, որ նախագծի ընդունման դեպքում անհավասարություն կառաջանա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների միջեւ, քանի որ նրանց միայն մի մասը կկարողանա կրթությունը բուհերում շարունակել առկա ուսուցմամբ՝ այն պարագայում, երբ նրանց գերակշիռ մասն ուսումը պետք է շարունակի հեռակա ուսուցմամբ: Անհավասար պայմաններ կստեղծվեն նաեւ ավագ դպրոցում կամ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանում սովորողների համար, քանի որ վերջիններս չունեն նման հնարավորություն եւ բուհ են ընդունվում ընդհանուր հիմունքներով՝ այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի համաձայն միջնակարգ կրթության 3-րդ աստիճանը (10-12-րդ դասարաններ) եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիրն ունեն նույն? 4-րդ մակարդակը:

Եզրափակիչ ելույթներում Արայիկ Հարությունյանն ու Մխիթար Հայրապետյանը պատասխանել են պատգամավորների հնչեցրած հարցերին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի փետրվարի 13-ին:
 


12.02.2020
Քննարկվել է ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է հայ ավտոներկրողների հետ: Քննարկվել է ավտոներկրման գործընթացի եւ ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշվել է, որ 2019 թվականին Հայաստան է ներկրվել 189 հազար ավտոմեքենա, ո...

12.02.2020
Հայաստան-ԱՄԷ բարեկամական խմբի անդամները հանդիպել են դեսպանի հետ
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամներ Նարեկ Զեյնալյանը, Հրանտ Մադաթյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Արտաշես Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Աննա Կոստանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպա...

12.02.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2020թ. փետրվարի 18-20-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թվականի փետրվարի 19-22-...

12.02.2020
Տեղի կունենա աշխատանքային քննարկում
Փետրվարի 13-ին` ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ»  թեմայով աշխատանքային քննարկում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am