Տպել
13.02.2020
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները խորհրդարանում
1 / 12

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամները հանդիպել են «Հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչների հետ:

Տնտեսական, սոցիալական եւ շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով քայլարշավը` մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձեւավորելու նպատակ ունի, որի հիմքում ընկած են Մահաթմա Գանդիի գաղափարները, որն իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է հանուն արդարության, հավասարության եւ խաղաղության` ընտրելով բացառապես ոչ բռնի մեթոդները: Քայլարշավը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին Նյու Դելիից (Հնդկաստան) եւ նախատեսվում է ավարտել 2020թ. սեպտեմբերին՝ Ժնեւում: Ներառելով աշխարհի 10 պետություն եւ անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ` քայլարշավի մասնակիցները կմիանան տեղական նախաձեռնությունների ութօրյա համաժողովին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ պատգամավորներն արժեւորել են նախաձեռնության գաղափարը:

Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը, ժողովրդավարության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին, ներկայացրել խորհրդարանի աշխատանքները:

Հյուրերը տեղեկացրել են, որ ամենաերկար կանգառը կլինի Հայաստանում. նրանք կանցնեն 6 մարզերով՝ այցելելով շուրջ 40 բնակավայր:

«Արշավը համընկնում է հեղափոխության երկուամյակի հետ: Այն, ինչ եղավ Հայաստանում 2 տարի առաջ, աշխարհում կատարված իրադարձություններից տարբերվում է իր մեթոդով, այն է՝ ոչ բռնի ճանապարհով փոփոխություններ իրականացնել»,- ասել է Հայաստանում արշավի պաշտոնական գործընկեր «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ նիստի աշխատանքներին: