National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.3.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
03.03.2020
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 84

ՀՀ Ազգային ժողովը մարտի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Քաջիկ Գեւորգյանի հեղինակած՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը քվեարկությամբ մերժվել է ընդգրկել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում:

Նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է պետության կայունության եւ ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների  ավանդի արժեւորմամբ:

Նախագծի ընդունման դեպքում առաջարկվում է սահմանել 6 եւ ավելի երեխա ունեցող եւ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ առաջընթացի գործում: Նշվել է, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ծնողները (ընտանիքները) ինն են: Նախագծի ընդունումով ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սրբուհի Գրիգորյանը, գնահատելով նախաձեռնությունը, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Ելույթներում պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նարեկ Զեյնալյանը, Սոֆիա Հովսեփյանը, Սերգեյ Բագրատյանը, Մանե Թանդիլյանը կարեւորել են բազմազավակ ընտանիքների դերը հասարակության կյանքում: «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ընտանիքներին նախատեսված գումարի չափն առաջարկվել է 40000-ից բարձրացնել առնվազն 100 000 դրամի:

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարանականներին է ներկայացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:  Հիմնական զեկուցողը նշել է, որ առկա է որոշակի անհամապատասխանություն փոստային առաքանիներով կամ փոխադրողի կողմից ֆիզիկական անձանց անունով ներմուծվող՝ անձնական օգտագործման ապրանք հանդիսացող դեղերի ներմուծման՝ ԵԱՏՄ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումներում: Ըստ «Դեղերի մասին»  գործող օրենքի՝ ֆիզիկական անձն օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս հնարավորություն ունի ներմուծելու դեղեր իր բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով՝ կառավարության սահմանած քանակներով, այնինչ հնարավորություն չունի փոխադրողի կամ միջազգային փոստային առաքումների միջոցով իր անունով  անձնական օգտագործման նպատակով ներմուծելու դեղեր: Ըստ հեղինակի՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ նախաձեռնել «Դեղերի մասին»  2016 թվականի մայիսի 17-ի օրենքում՝ այն ԵԱՏՄ մաքսային օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով պատգամավորների բարձրացված հարցերին, մասնավորապես խոսել է չլիցենզավորված դեղերի ներկրման մասին: Նա  նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ ավելի վերահսկելի կդառնա դեղերի ներհոսքը: Բանախոսն առաջարկել է կողմ քվեարկել հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած նախագծին:

Երկրորդ  ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ակնկալվում է, որ օրինագծերի ընդունումը կվերացնի օրենսդրության միջեւ առկա  անհամապատասխանությունը, ինչպես նաեւ կապահովի զինվորական հաշվառման եւ պահեստազորային պատրաստության գործընթացի պատշաճ եւ լիարժեք իրականացումը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ  Գաբրիել Բալայանը տեղեկացրել է, որ փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չի փոփոխվել:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  Գաբրիել Բալայանը:

Նա տեղեկացրել է, որ առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների ցանկը, քանի որ  ՀՀ զինված ուժերի գործունեության ընթացքում  եղել են  դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության հետեւանքով: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը, սակայն, ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը եւ սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ:  Ուստի այս խմբի զինծառայողների սոցիալական պաշտպանությունն  ապահովելու համար Կառավարությունը ներկայացրել է վերոնշյալ նախագիծը, որով  նախատեսվում է հատուցում տալ  2008-2016 թվականների ընթացքում կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված 9 զինծառայողի կամ նրանց ընտանիքներին:   Փոխնախարարը պարզաբանել է, որ այս նախագիծը մյուս դեպքերին չի վերաբերվում, երբ վնասվել է զինծառայողի առողջությունը կամ նա զրկվել է կյանքից:

Այս նախագծին եւս գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ  Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի  նպատակն էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովումն է:

Ըստ նախագծի հիմնավորման՝ տվյալների հրապարակայնության եւ մատչելիության ապահովման համակարգը ներդրված է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ  օրենքում 2019 թվականի ապրիլի 23-ին ընդունված   համապատասխան լրացումներով, ուստի վերոնշյալ բնագավառում համապատասխան կարգավորումներ իրականացնելով՝ հնարավոր կդառնա էներգետիկայի բնագավառում իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը  հայտնել է, որ Կառավարության դիրքորոշումը նախագծի գաղափարի վերաբերյալ դրական է: Նախագծի հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը հայտնել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն հեղինակները հետ են կանչում նախագիծը՝ այն լրամշակելու նպատակով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը  քննարկման է ներկայացրել  «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետեւանքների վերացման փոխօգնության պատրաստակամության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին:  Սահմանադրական դատարանի եզրակացության համաձայն՝ այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

Գլխադասային? ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար  Էդուարդ Մարտիրոսյանը: Նա տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ Տաշքենդում: Փաստաթղթի նպատակը ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման միջպետական համագործակցության ամրապնդումն է: Զեկուցողի խոսքով՝ տեղեկության փոխանակումը կկատարվի դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության օգտագործմամբ կամ իրավասու մարմինների կողմից համաձայնեցված այլ միջոցով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը: Ըստ նրա՝ նման համաձայնագրերը հնարավորություն են տալիս գործընկեր պետություններին միմյանց օգնել ահաբեկչության դեմ պայքարում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ կառավարության հեղինակած «Նյութական պահուստի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթները:

Պատգամավորները ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկել են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությամբ փոփոխվել է էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի անդամների թիվը: Հանձնաժողովի կազմում, ըստ առաջարկվող փոփոխության, ընդգրկվում է ութ անդամ, որոնցից երկուսը` մասնագիտացված դատարանների դատավորներից` յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից մեկ դատավոր, երկուսը` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից՝ քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը` Վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` Վճռաբեկ դատարանի դատավորներից: Բացի դատավորներից, Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ընդգրկվում են 2 հեղինակավոր իրավաբան գիտնական` հասարակական կազմակերպություններից ներկայացված, որն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել է գովասանքի եւ նշվել, որ դա լրացուցիչ թափանցիկություն է հաղորդելու հանձնաժողովին:

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու է 5 անդամ: Գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում դրանց քննության, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները:

Նախագծերի փաթեթով սահմանվել են նաեւ դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ: Վերացվել է դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը, ինչպես նաեւ իջեցվել է դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դառնալով 25:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը: Նրա տեղեկացմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է երկու տասնյակից ավելի առաջարկ, որոնք հաշվի կառնվեն նախարարության կողմից առաջինից երկրորդ ընթերցում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի մարտի 4-ին՝ ժամը 10-ին:


03.03.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 3-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի գլխավորած պատվիրակությանը:   Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իրենց նախորդ հանդիպումից հետո մի ...

03.03.2020
Ցուցահանդեսի լուսաբանման հրավեր
Մարտի 4-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված ազգային զարթոնքին եւ Նոր Հայքի կերտմանը: ...

03.03.2020
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Արտաքին քաղաքականության խորհուրդ» վերտառությամբ աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության քննարկման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել...

03.03.2020
Աշխատանքային քննարկում՝ «ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնե ՊՈԱԿ-ի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիր...

03.03.2020
Արտագնա նիստ Աղվերանում
Փետրվարի 28-29-ը Աղվերանի «Ապրիկոտ» հյուրանոցում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» համատեղ նախաձեռնությամբ տեղի են ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողություններ...

03.03.2020
ՀՀ ԱԺ Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը Բիշքեկ
Փետրվարի 28-ին Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ժանարբեկ Ակաեւի հրավերով Բիշքեկում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ղրղզստան բարե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am