Տպել
05.03.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 64

Մարտի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ դրանց հարակից ներկայացված նախագծերի փաթեթները:

Այնուհետեւ երկրորդ ընթերցումով քննարկվել է Կառավարության հեղինակած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանին ներկայացրել է հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը: Բանախոսի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության առանձնահատկություններին: Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով, հարցաքննել քրեական գործով վկաներին ու տուժողին այն դեպքերում, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը նշել է, որ նախագծով կբարելավվի քաղաքացիների ու իրավապահ մարմինների՝ քննիչների, կարգավիճակը՝ արդյունավետ դարձնելով աշխատանքային գործընթացը: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Սերգեյ  Ատոմյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ Կառավարության կողմից բազմաթիվ առաջարկություններ են ներկայացվել, որոնք ընդունվել են հեղինակների կողմից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել լրամշակել նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նազելի Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվել է, որ քննչական գործունեության կատարման ժամանակ հարցաքննության արձանագրումը կատարվի տեսաձայնագրման եղանակով: Ներկայացված կարգավորումների համաձայն՝ եթե քննչական գործողության մասնակիցները եւ քննիչը չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում` հարցերը եւ պատասխանները, հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում: Այս դեպքում, առարկությունների բացակայության մասին նշում է կատարվում արձանագրությունում, տեսաձայնագրառումը ամրագրվում է երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանի ներկայացմամբ՝ նախագիծը ծավալուն քննարկումների արդյունքում ստացել է դրական եզրակացություն. նա կոչ է արել կողմ քվեարկել:

Հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագիծը միտված է դյուրին դարձնելու վարույթ իրականացնող մարմինների աշխատանքը, բարձրացնելու նախաքննության արդյունավետությունը:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Առաջարկվում է Քրեական օրենսգրքում կատարել լրացում, որը վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզին: Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, հաշմանդամությամբ, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ըստ առաջարկվող փոփոխության, կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է քննարկված նախագծի անհրաժեշտությունը՝ նշելով, որ գլխադասային հանձնաժողովի կողմից այն ստացել է դրական եզրակացություն:

Ելույթներում պատգամավորները նշել են, որ նախագիծը համահունչ է մեր ժանանակներին՝ ընդգծելով որ բռնությունը, բռնության կոչերը տեղ չպետք է ունենան Հայաստանում:

Փաթեթի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել  ՀՀ ԱԺ խմբակցությունները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Անդրադառնալով հանրապետությունում մեծ տարածում գտած ատելության խոսքին՝ նա կարծիք է հայտնել, որ քաղաքական իշխանությունը չի դատապարտում ընդդիմության հասցեին հնչեցվող ատելության խոսքն ու գործողությունները, քանի որ այն ձեռնտու է նրանց:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել օրենքի նախագիծն այնպես, որ այն որեւէ կերպ   տարընթերցումների տեղիք չտա: Ըստ նրա՝ օրինագծի որոշ դրույթներ լղոզված են եւ անհասկանալի:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական տեսակետը հայտնել է Սարգիս Խանդանյանը:  Նա առաջարկել է կողմ քվեարկել առաջին ընթերցմամբ քնարկվող օրենսդրական նախաձեռնությանը՝ այնուհետեւ անդրադառնալ դրա լրամշակմանն ու բարեփոխմանը: Ըստ նրա՝ նախագիծն ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված քայլերից մեկն է:

Պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացմամբ  առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Հեղինակների դիտարկմամբ՝  «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը սահմանում է այն պաշտոնատար եւ այլ անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրեր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն: Այս նորմը, սակայն, բազմաթիվ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, պրակտիկայում ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու համար այս նորմին հղում տալիս ՁՊՎ-ներում եւ ՔԿՀ-ներում առաջանում են խոչընդոտներ, քանի որ այստեղ բառացիորեն չի նշվում, որ ՁՊՎ եւ ՔԿՀ մուտքի իրավունքը ներառում է նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու հնարավորությունը: Ըստ այդմ՝ առաջարկվում է լրացում կատարել օրենքի 15-րդ եւ 48-րդ հոդվածներում? բառացիորեն շեշտադրելով, որ համապատասխան անձիք կարող են անարգել տեսակցել ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում պահվող անձանց հետ:

ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի  մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը ներկայացրել է Նիկոլայ Բաղդասարյանը՝ պարզաբանելով, որ նախագծով առաջարկվող կարգավորումները լրացուցիչ ուսումնասիրության եւ մասնագիտական քննարկման կարիք ունեն, ինչին ընդառաջ է  գնացել օրենսդրական նախաձեռնության հեղինակը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հայտնել է Կառավարության դիրքորոշումը՝ պարզաբանելով, թե ովքեր եւ որ դեպքերում կարող են տեսակցել ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ:

Հաջորդիվ  երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որում կատարված բովանդակային շուրջ 20 փոփոխությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Ստեփանյանը:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Նախագծի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովի եւ Կառավարության եզրակացությունները դրական էին:

 Նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան վկայականում  նշել  նաեւ երեխայի սեռը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որն ստորագրվել է 2019 թվականին: Նա տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի եզրակացությամբ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, իսկ նպատակը հանցագործությունների կանխման խթանումն է:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

«Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը նույնպես քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Այն նույնպես առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո բովանդակային  փոփոխությունների չէր ենթարկվել: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է  Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը: Նախագծի նպատակը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին քաղաքաշինության բնագավառի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի  հաստատման լիազորության վերապահումն է:

Նախագիծն արժանացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի մարտի 6-ին:
 


05.03.2020
Քննարկվել են ՀՀ-ում իրավական ակտերի ընդունմանը, օրենսդրական գործընթացի գնահատմանը վերաբերող հարցեր
Մարտի 4-ին եւ 5-ին ՀՀ Ազգային ժողովում են գտնվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամները` ժողովրդավարացման բաժնի ղեկավար Մարչին Վալեցկիի գլխավորությամբ: Այցը նախաձեռնել է Հ...

05.03.2020
Հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում
Մարտի 5-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներին: Հայ խորհրդարան...