Տպել
10.03.2020
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 6

Մարտի 10-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում փաստաբանական գործունեության ոլորտին առնչվող խնդիրների եւ հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող՝ անվճար իրավաբանական օգնության աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի եւ ՄԻՊ ինստիտուտի ներկայացուցիչներ:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հանձնաժողովը քննարկումներ է կազմակերպել հանրային պաշտպանի ինստիտուտի շահառուների ցանկի ընդլայնման հետ կապված: Հանդիպում է եղել նաեւ ,սեւազգեստե մայրերի հետ, ովքեր իրենց որդիների մահվան հանգամանքները պարզելու նպատակով եւս ցանկություն են հայտնել իրավունք ունենալ՝ անվճար օգտվելու հանրային պաշտպանի ինստիտուտից:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին: Զեկուցողն ընդգծել է, որ նմանատիպ քննարկումներն ապացույցն են այն բանի, որ խորհրդարանն անտարբեր չէ փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:

Արա Զոհրաբյանը նշել է, որ այսօր տեսականորեն հնարավոր է փաստաբանների պալատի նկատմամբ սնանկության վարույթ սկսել: Նա առաջարկում է, որ պալատն օգտվի անձեռնմխելիության հնարավորությունից, ինչպես Կենտրոնական բանկի դեպքում է: Զեկուցողի կարծիքով՝ խնդիրը կարող է լուծվել օրենսդրական նախաձեռնությամբ՝ Սնանկության մասին օրենքում լրացում կատարելու միջոցով: Խոսելով ձերբակալված կամ կալանավորված փաստաբանին տեսակցելու հարցի մասին՝ նշվել է, որ պալատը ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է համապատասխան օրենքում լրացում կատարել՝ հնարավորություն ընձեռելով փաստաբանների պալատի նախագահին անարգել, առանց տեսակցության եւ տեւողության սահմանման տեսակցելու նրանց: Առաջարկը չի ընդունվել, ուստի Արա Զոհրաբյանն ակնկալում է այդ հարցում խորհրդարանականների աջակցությունը: Պալատի նախագահն առաջարկում է նաեւ լրացում կատարել Քրեական օրենսգրքում՝ մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանին վիրավորելը եւ զրպարտելը համարել որպես հանցավոր արարք: Նա նշել է, որ գործող օրենսդրությամբ քրեորեն հետապնդելի արարք է համարվում դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին եւ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը: Բանախոսը մտահոգություն է հայտնել նաեւ փաստաբանների հարցումներին չպատասխանելու, քաղաքացիական գործերով հայցադիմումների վերադարձի, գործերի քննության ժամկետների վերաբերյալ:

Հյուրերը խոսել են նաեւ պալատին կից գործող հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության մասին, պետության կողմից նրանց տրվող սոցիալական երաշխիքների ոչ ճիշտ բաշխվածության՝ սկսած աշխատավարձերից  մինչեւ տրանսպորտային ծախսեր: Նշվել է, որ մեր երկրում անվճար հիմունքներով  պաշտպանություն է իրականացնում  61 փաստաբան,  որոնցից  ուրաքանչյուրը տարվա ընթացքում վարում է մինչեւ 180 քրեական ու քաղաքացիական դատավարության ոլորտին առնչվող գործ:

Կողմ լինելով հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացմանը՝ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է նաեւ պաշտպանի պարտականությունների ժամանակին իրականացումը:

Քննարկման ավարտին առաջարկների փաթեթը փոխանցվել է Նաիրա Զոհրաբյանին:  Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ դրանք նախ համակողմանի կքննարկվեն, ապա կառուցողական եւ հիմնավոր դրույթները կդրվեն օրենսդրական շրջանառության մեջ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...